Տերյան Բանաստեղծություններ

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

Մի ստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.

Իրիկնաժամին, թփերն օրորող հովի պես թեթև

Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,

Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.

Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց,

Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…


Ֆաթում

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

Մի՞թե վերջին պոետն եմ ես…

Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդյոք, թէ նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նայիրի:

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եւ հնչում է, որպէս աղոթք
Արքայական քո լեզուն:

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եւ խոցում է — այրում.
Արդյոք բոցէ վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:

Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նայիրի.-
Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի …

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին,
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ:
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ:
Նայում եմ, մինչև որ անզոր
Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Ւլիկըդ խոսում է անուշ…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s