Հայկական մշակույթը եւ գիտությունը XIX դարի վերջում եւ XX դարի սկզբում

Նախաբան
Այս նախագիծը հետապնդում է ուսումնասիրություններ հայկական մշակույթի մասին XIX դարի վերջին եւ XX դարի սկզբներին: Ուսումնասիրվում է

Նահանգային վարչության գրասենյակը, Հայաստանի առաջին հանրապետության կառավարության նստավայրը, հետագայում` Նահանգային վարչության գրասենյակը, Հայաստանի առաջին հանրապետության կառավարության նստավայրը, հետագայում` ժողկոմխորհի նստավայրը, 1930-ական թվականներ, անհայտ լուսանկարիչ

Նահանգային վարչության գրասենյակը, Հայաստանի առաջին հանրապետության կառավարության նստավայրը, հետագայում` Նահանգային վարչության գրասենյակը, Հայաստանի առաջին հանրապետության կառավարության նստավայրը, հետագայում` ժողկոմխորհի նստավայրը, 1930-ական թվականներ, անհայտ լուսանկարիչ

մեկ ճյուղ մշակույթից՝ ճարտարապետությունը, եւ մեկ ճյուղ գիտությունից՝ բնական գիտությունները: Օգտվել եմ գրքերից, նաեւ այլընտրանքային աղբյուրներից: Դրանց հղումներն ու վերնագրերը շարադրված են նյութի վերջում:

 

Ճարտարապետություն

Հայ ժողովրդի արեւելյան եւ արեւմտյան հատվածների սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կյանքի տարբեր իրավիճակները պայմանավորում էին քաղաքաշինության եւ ճարտարապետության զարգացման տարբեր ընթացքը մեկ հատվածում (արեւելյան) համեմատական առաջընթաց, մյուսում՝ դադար ու ավերածություն:

 

  • Արեւելյան Հայաստան

Արեւելյան Հայաստանի քաղաքները՝ Երեւանը, Ալեքսանդրապոլը, Կարսը, ինչպես նաեւ քաղաքատիպ բնակավայրեր Նոր Բայազետը, Գորիսը, Մանեսը (Ալավերդին), Ղափանը, Վաղարշապատը (Էջմիածին) եւ այլն, ապրել են կառուցապատման ու բարեկարգման համեմատաբար արգասավոր մի շրջան:

Ձորագյուղ

Ձորագյուղ

Երեւանում, XIX դարի վերջին երեք տասնամյակներում, ավելի մեծ չափով իրականացվեցին քաղաքի գլխավոր հատակագծերում (1856-1865թթ.) նախատեսված քաղաքաշինական մտահաղացումներ: Մեկը մյուսի հետեւից բացվում ու մասնակիորեն կառուցապատվում են Աստաֆյան (այժմ Աբովյանի), Նազարովյան (Ամիրյանի), Բեհբուդովի (Սվերդլովի), Ցարսկայա (Սպանդարյանի), Թարխանովի (Պուշկինի եւ Կնունյանցի), Դոկտորսկայա (Թումանյանի), ինչպես նաեւ սրանք հատող Արմյանսկայա (Լենինի պողոտա), Տեր Ղուկասովի(Նալբանդյանի), եւ Գուբերնսկայա (Ալավերդյանի) փողոցները, որոնցով քաղաքի կենտրոնական մասում ստեղծվում են փողոցների կանոնավոր ցանց եւ ուղղանկյունաձեւ թաղամասեր:
Քաղաքի բարեկարգման եւ կոմունալ տնտեսության զարգացմանը խթանում է արդյունաբերական որոշ ձեռնարկությունների ստեղծումը: 1898-1903թթ. կարգի է բերվում «Անգլիական» այգին, 1906թ. գործարկվում է քաղաքային ձիաքարշը (կոնկա), 1907թ. շարք են մտնում երկու փոքր հիդրոկայաններ Հրազդանի կիրճում, 1911թ. ավարտվում է ջրամատակարման գծի կառուցումը Կըռխ-Բուլաղի աղբյուրներից, 1913թ. ստեղծվում է ոչ մեծ հեռախոսային ցանց ու կազմակերպվում փողոցների մի մասի էլեկտրալուսավորումը եւ այլն: Ավելանում են կոմունալ սպասարկման շենքերի թիվը, կառուցվում են նոր բաղնիքներ եւ հյուրանոցներ:
Զարկ է տրվում նաեւ քաղաքացիական բազմաբնույթ՝ վարչական, ուսումնական, հանդիսատեսային, առեւտրական, ֆինանսական, բուժական եւ այլ շենքերի շինարարությանը, որոնք հիմնականում կառուցվում են կլասիցիզմի ոճով, որին, Երեւանի պայմաններում, յուրօրինակ արտահայտություն է

Աստաֆյան փողոց

Աստաֆյան փողոց

տալիս տուֆը (գերազանցապես սեւ երանգի):
Անդրկովկասի քաղաքային կենտրոններին (Բաքու, Թիֆլիս) բնորոշ ճարտարապետության օրինակները Երեւանում հանդիսացան նահանգապետարանի, ուսուցչական սեմինարիայի, պետական գանձարանի, քաղաքային ակումբի, Ջանփոլադյանների թատրոնի, «Ապոլլո» կինոթատրոնի, «Օրիանտ»  եւ «Գրանդ հոթել» հյուրանոցների արական գիմնազիայի եւ այլ շենքեր: Կառուցվում են նաեւ պաշտամունքային նոր շենքեր՝ Սբ. Լուսավորիչ, ռուսական Նիկոլաեւյան եկեղեցիները:
Բնակարանային ճարտարապետությունն առաջ է բերում երկու հիմնական տենդենց: Եթե մեծահարուստների տները(Տեր-Ավետիքյաններ, Խորասանյաններ, Հովհաննիսյաններ, Աֆրիկյաններ եւ ուրիշներ) հիմնականում հետեւում էին կլասիցիզմի ոճին, ապա ժողովրդական բնակելի տներում պահպանվում են ավանդական ձեւերն եւ լուծումները:
Երեւանի զարգացման կապակցությամբ անհրաժեշտություն առաջացավ վերանայել քաղաքի հատակագիծը: 1906-1911թթ. Բ. Մեհրաբյանի ջանքերով իրականացվում է քաղաքի մանրամասն տեղահանույթը (1300 հեկտար), որը հետագայում ծառայում է Ալ. Թամանյանին քաղաքի գլխավոր հատակագիծը կազմելիս:
Ալեքսանդրապոլում քաղաքաշինական աշխատանքների հիմքում ընկած էր 1868 թ. կազմված եւ կովկասյան փոխարքայի կողմից հաստատված

Ալեքսանդրապոլ

Ալեքսանդրապոլ

(1872թ. սեպտեմբերի 9-ին) հատակագիծը: Առավել ինտենսիվ են կառուցապատվում կենտրոնի փողոցները, կազմավորելով այս մասի ճարտարապետական դեմքը: Արեւելքից արեւմուտք ձգվող Ալեքսանդրյան (Աբովյանի), Կարսսկայա (Սվերդլովի), Գեներալսկայա (Շահումյանի), Երեւանյան եւ սրանց ուղղահայաց՝ Պուշկինի, Լորիս-Մելիքովի, Բեհբութովի (Մաքսիմ Գորկու), Թիֆլիսյան (Ռուսթավելու), Գրուզինսկայա (Տերյանի), եւ այլ փողոցներ բարեկարգվում եւ լուսավորվում են գազային լապտերներով: XX դարի սկզբին կառուցված զորանոցային թաղամասերը ավելի են ընդարձակում Ալեքսանդրապոլը: Քաղաքատարածությունը տարբեր կողմերից կառուցապատվում էր սեւ երանգի տուֆով շինված միատիպ տներով:
1878թ. ջրհեղեղից հետո, որը մեծ ավերածություններ է պատճառում, Մուռտառչայ կոչվող գետակի քաղաքի կենտրոնական մասով հոսող հատվածը վերցվեց գետնուղու մեջ, որով բարելավվեց այս մասի սանիտարական վիճակը: Որոշ աշխատանքներ են արվում կանաչապատման ուղղությամբ: Քաղաքային գերեզմանոցը փոխադրվում է հարավային ծայրամաս: Ազատված բարձունքը աստիճանաբար կանաչապատվում է ու դառնում զբոսավայր(այժմ Մաքսիմ Գորկու անվան զբոսայգի): Կառուցվում է նաեւ ռուսական Պլպլան ժամը Պատվո բլուր զինվորական պանթեոնում: Կանաչապատվում է նաեւ կայարանամերձ հատվածը: 1873թ. ավարտվում է Սբ. Փրկիչ եկեղոցու կառուցումը, իսկ զորանոցային Սեվերսկիյ եւ Կազաչիյ պոստ թաղամասերում 1901 եւ 1903թթ. կառուցվում են ռուսական ոճի երկու զինվորական եկեղեցիներ:
Ալեքսանդրապոլում եւս վարչական եւ հասարակական շենքերում տարածում է ստանում կլասիցիզմի ոճը:
Բնակարանային ճարտարապետության ասպարեզում մեծահարուստների մոտ (Ձիթողցոնց, Յուզբաշյաններ, Արամ Պայլան, Տեր-Պողոսյաններ ու Գրիգորյաններ, Վանեցյաններ եւ այլն) արտահայտվել է քաղաքատիպ բնակելի տուն ստեղծելու ձգտումը:
Կարսում քաղաքաշինությունը առանձնապես զարգացավ Ռուսաստանի կազմում գտնվելու տարիներին: Զարգացավ հիմնականում Կարսի սահմաններից դուրս գտնվող Օրթա-Կապու արվաձանը: 1880թ. կազմված հատակագծի համաձայն քաղաքը կառուցապատվեց վարչական, հասարակական, առեւտրային, ուսումնական, բնակելի եւ այլ բնույթի շենքերով, տեղադրված փողոցների կանոնավոր ցանցերի ուղղությամբ:

Կարս

Կարս

Խուփա կոչվող շուկան Կարսի հյուսիսային մասում էր: Երկաթուղային կայարանը տեղավորված էր քաղաքի հյուսիսարեւելյան մասում, քաղաքային բաղնիքները հիմնականում Սու-Կապու թաղամասում էին (Կարուց գետի աջ ափին): Կարսում կար չորս եկեղեցի, իսկ 1915թ. սկսեց գործել նաեւ հինգերրորդ եկեղեցին: Հույներն ու ռուսներն ունեին իրենց եկեղեցիները:
Ռուսական տիրապետության ժամանակ Կարսում զգալիորեն լավանում եւ ընդարձակվում է դպրոցական ցանցը: Կարսում արդեն գործում էին ռեալական դպրոցը, իգական եւ Մարինսկայա գիմնազիաները, քաղաքային չորսդասյա դպրոցը, հայոց տարրական դպրոցը, նաեւ ռուսական ծխական դպրոցը՝ Առաքելոց եկեղեցու բակում: Քաղաքն ուներ մի քանի հանդիսասրահ՝ «Իլյուզիոն», «Տրիումֆ», կինոթատրոնները, քաղաքային ակումբը:
Կարսի երկրորդ գրավման ժամանակ զոհված մարտիկների հիշատակին 1910 թ. կանգնեցվում է հուշարձան:
Գորիսը Արեւելյան Հայստանի նոր քաղաքներից է: Նրա կառուցապատումը հիմնականում սկսվում

Գորիս

Գորիս

է XIX դ. 70-ական թթ. եւ Հին Գորիսի (Կյորեսի) բնակիչները աստիճանաբար տեղափոխվում են այստեղ: Գորիսը տեղադրված է համեմատաբար հարթ տարածքի վրա, մշակված ու հաստատված գլխավոր հատակագծով: Քաղաքի հենքը ուղիղ անկյան տակ հատվող հնգական փողոցներն են, որոնցով կազմավորվել է կանոնավոր ցանց: Ուղղանկյուն եւ քառակուսի թաղամասերի պարագծերով կառուցված գեղեցիկ տները, որոնք քարաշեն են, երկլանջ թիթեղապատ կարմիր տանիքներով, հարկայնությամբ, մանրամասներով եւ շինանյութով ստեղծում են փոքր քաղաքի մի ինքնատիպ կառուցապատում: Նոր Գորիսի հասարակական կենտրոնը քաղաքի հարավարեւելյան կողմում էր: Այտեղ էին գտնվում քաղաքային ոչ մեծ այգին, «Պասաժ» առեւտրային տունը, ոչ մեծ հրապարակը: Հրապարակից հարավ էին ձգվում միհարկանի խանութների եւ արհեստանոցների շարքերը: Քաղաքի աչքի ընկող կառույցներից էին «Պասաժ» առեւտրային տունը, դպրոցը, հյուրանոցը, բանկը: Բնակավայրի խմելու ջուրը բերվում էր Ակներ կամ Վարարակն կոչվող ջրառատ ու սառնորակ աղբյուրներից:
Նոր Բայազետ (Կամո) քաղաքը, որպես համանուն գավառի վարչական կենտրոն, առավել

Բայազետ

Բայազետ

զարգացում է ապրում Ելենովկայից Նոր-Բայազետ խճուղային ճանապարհի շինարարական աշխատանքներից հետո (1880թ.): Բնակավայրի հասարակական կենտրոնը կազմակերպվեց XIX դ. վերջին եւ XX դարի սկզբին, եկեղեցու շինարարությունից հետո: Այստեղ ստեղծվում է զբոսայգի եւ կառուցվում են նոր՝ ռուսական եկեղեցին եւ մի շարք այլ շինություններ:
Վաղարշապատի (Էջմիածին) կենտրոնական մասի ճարտարապետական նկարագրի փոփոխումը սկսած XIX դ. վերջից հետեւանք էր ինչպես բնակարանային շինարարության ծավալման, այլեւ Էջմիածնի Մայր աթոռի շինարարական գործունեության ակտիվացման:
1869-1874- Կառուցվում է Գեւորգյան ճեմարանի ուսումնական մասնաշենքը:
1879-Կառուցվում է սաների ննջարանային մասնաշենքը:
1892- Մշակվում է նոր շենքերի տեղադրության գլխավոր հատակագիծը:
1895- Կառուցվում է Երեմյան խցերի երկհարկանի շենքը:
1889- Կառուցվում է տպարանի միահարկ շենքը:
Վերը թվարկվածների միջոցով կազմավորվում է Մայր տաճարի բակի արեւելյան կողմը:
1896- Կառուցվում է թանգարանի միահարկ շենքը, որը կոչվում է Հայրիկյան:

Վաղարշապատ

Վաղարշապատ

1902-Կառուցվում է վանքի հիվանդանոցի միահարկ շենքը:
1911-Հիմնադրվում են սերտարան, վարժոց (մանկավարժական) թանգարան կոչվող շենքերը:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին են կառուցվում վանքապատական երեք կարեւոր շենքեր՝ Նոր Վեհարանի (1910-1914թթ. Ճարտ.՝ Պ. Զոհրաբյան), Մատենադարանի կամ այժմյան ճեմարանի (1910-1911թթ. Ճարտ.՝ Պ. Զոհրաբյան), Աստղադիտարանի (1911-1914թթ. Ճարտ.՝ Ա» Վ» Կալգին) մասնաշենքերը:
XIX դարի 80-ական թթ. տարվել են որոշ նախապատրաստական աշխատանքներ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման ուղղությամբ: Ճարտարապետ Պ. Շտերնի վերանորոգման նախագիծը չի իրականացել հավանության չարժանանալու պատճառով: Ն. Մադաթյանը 1909-1910թթ. կատարել է Մայր տաճարի վերանորոգման նախագծի մանրամասն չափագրություն, որից հետո հայտարարվել է մրցույթ: Թիֆլիսում ստեղծվել է ճարտարապետներից եւ նկարիչներից բաղկացած հատուկ հանձնաժողով: Զուգահեռաբար շինարարություն է կատարվել Վաղարշապատի մյուս տաճարների՝ Հռիփսիմեի եւ Գայանեի շրջակայքում:
Օշական գյուղում կառուցվում է Սբ. Մեսրոպ Մաշտոց անգմբեթ բազիլիկատիպ եկեղեցին, հին եկեղեցու տեղում, իսկ նրա հարավային կողմում՝ դպրոցի շենքը:

 

  • Արեւմտյան Հայաստան

Ճարտարապետության զարգացման համար պակաս նպաստավոր էին պայմանները Արեւմտյան Հայաստանի քաղաքներում: Այնուհանդերձ այստեղ եւս XIX դարի վերջին քառորդում եւ XX դարի սկզբին որոշ տեղաշարժեր են առաջանում:
Վանը Արեւմտյան Հայաստանի խոշոր քաղաքներից էր՝ ուներ շուրջ 50 հազար բնակիչ, այդ թվում 32 հազար հայեր: Քաղաքամեջը՝ բուն քաղաքը, գտնվում էր Վանա բերդի հարավկողմյան հարթավայրի վրա: Նրա տարածությունը կազմում էր 64 հեկտար: Բոլոր կողմերից, բացի հյուսիսային, Քաղաքամեջը շրջապատված էր երկտակ պարիսպներով:
Քաղաքամիջում կային քարաշեն պատերով ու գլխավորապես փայտածածկ յոթ եկեղեցիներ, որոնցից հինգը՝ Սբ. Նշան, Պողոս-Պետրոս, Տիրամոր, Սբ. Վարդան եւ Սբ. Ծիրանավոր՝ գործող, իսկ երկուսը՝ Սբ. Սահակ եւ Սբ. Առաքելոց,  կիսավեր էին: Կար նաեւ բողոքականների եկեղեցի: Վանի

Վան

Վան

առաջնորդարանը գտնվում էր Քաղաքամիջի Թոփչի-մեյդանում: Շուկայական հրապարակը հարավային պարիսպների մոտ էր:
Վանի բաղկացուցիչ մասն էին կազմում արվարձանները, որոնց զբաղեցրած տարածությունը 12-15 անգամ գերազանցում էին Քաղաքամիջի տարածքից: Արվարձանները հարուստ էին պտղատու այգիներով, որոնք ոռոգվում էին թաղամասերով հոսող ջրանցնեքերի(«Շամիրամի»), առուների, ինչպես նաեւ ավազանների ջրերով: Քաղաքում կային մեծ թվով հասարակական աղբյուրներ:
Քաղաքամեջը Այգեստանի հետ կապվում էր Թավրիզյան դարպասից սկսվող 6 կմ ընդհանուր երկարությամբ գլխավոր մայրուղու՝ Սխգյաի Ջաղդայի միջոցով: Խաչ փողան խաչմերուկում այն հատվում էր արեւելքից արեւմուտք տանող մեկ ուրիշ մայրուղու հետ:
Բնակելի տները մեկ-երկու հարկանի էին, կառուցված հում աղյուսով: Սրանց պատշգամբները նայում էին դեպի բակ: Նույն սկզբունքով էին կառուցված նաեւ մեծահարուստների (Գափամաձյաններ, Թերզիբաշյաններ, Ջիդեջյաններ, Հյուսյաններ, Թյութունջյաններ եւ այլք) տները, սակայն սրանք երկու-երեք հարկանի էին, մեծ, ընդարձակ եւ գեղեցիկ:
Դարեվերջին տեղի ունեցած երկու աղետների (1876թ. հրդեհի եւ 1896թ. դեպքերի) հետեւանքով Վանի մոնումենտալ շենքերի մի մասը, հատկապես եկեղեցիները, ավերվել եւ հրկիզվել են, հետագայում վերաշինվել:
1884 թ. վերաշինվում է Արարուց Սբ. Աստվածածին եկեղեցին, որի պատերը ստորին մասում քարաշեն էին, իսկ վերին մասում աղյուսաշեն:
Հայկավանքի Սբ. Հակոբ եւ Հանկույսների թաղային եկեղեցիները վերաշինվել են 1898 թ.: Հայկավանքի եկեղեցին իր ինքնատիպությամբ նախօրինակը չուներ հայկական ճարտարապետության մեջ: Նրա ծածկի ձեւերում վերարտադրված էր հայկական ժողովրդական բնակարանի «հազարաշեն» կոչված համակարգը:
Վանի այս ժամանակաշրջանի հիշատակության արժանի շենքերից են Երամյան դպրոցի երկհարկանի շենքը (1888), Աշխատանքի տունը (1911-1912), վարժապետանոցի երկհարկանի շենքը (1912):
Էրզրումի(Կարին) առանցքն էր բարձրունքի վրա տեղադրված եւ բազմաթիվ անգամներ ավերված ու վերաշինված միջնաբերդը, ինչպես նաեւ 600 հա

Էրզրում

Էրզրում

տարածության վրա սփռված բուն քաղաքը, որին էրզրումցիները կոչում էին Բերդ: Արվարձանները Բերդի բոլոր կողմերում էին սփռված:
Էրզրումի հայ բնակչությունը, որ արտագաղթի հետեւանքով ահագին պակասել էր, 1913 թ. տվյալներով կազմում էր 14 հազար: Բնակչությունը հիմնականում սփռված էր արվարձաններում:
Հասարակական կենտրոնները Իչ-մեյդան, Սառայի դուռ, Թավրիզի դուռ, Աթ մեյդան կոչվող շուկաներն էին, իրենց վաճառատներով, խանութների եւ արհեստանոցների ստվար շարքերով: Առեւտրական աշխույժ կյանքով ապրող քաղաքի այցելուներին սպասարկում էին մոտ 150 մեծ եւ փոքր իջեւանատներ:
Հանքային ջրերով եւ սառնորակ աղբյուրներով հարուստ Կարնո դաշտը ապահովում էր ջրամատակարարումը: Քաղաքն ուներ նաեւ բաղնիքների եւ ջրաղացների ընդարձակ ցանց:
Կարինի դպրոցական շենքերից առավել հիշատակելի են Սբ. Թարգմանչաց իգական վարժարանի շենքը, որը 1883 թ. հատկացվում է Կարնո Սանասարյան միջնակարգ վարժարանին:
Քանի որ տեղանքի բարձրությունը (ծովի մակերեւոյթից 2000 մ) պատճառ էր դառնում ցուրտ ձմեռների եւ զով ամառների, ինչպես նաեւ բազմաթիվ երկրաշարժերը, այս քաղաքի տները հարմարեցված էին կլիմային եւ սեյսմիկ պայմաններին: Նրանք աչքի էին ընկնում կոր եւ հավաք շաղախով, ունեին հակաերկրաշարժային փայտյա գոտիներ: Սենյակների հատակը եւ առաստաղի ծածկը դրվում էին փայտյա գերանների վրա:
Խարբերդ քաղաքում XIX դ վերջին եւ  XX դ. սկզբին հայերն ապրում էին Սինամուտ, Վերի եւ Վարի թաղերում, որոնք ունեին եկեղեցիներ եւ նրանց կից վարժարաններ կամ նախարկթարաններ: Սինամուտ թաղամասում էին գտնվում Սբ. Նշան եկեղեցին, Վերին թաղում՝ Սբ. Հակոբոս եւ Սբ. Կարապետ

Խարբերդ

Խարբերդ

եկեղեցիները, Վարի թաղում՝ Սբ. Ստեփանոս եկեղեցին եւ կաթոլիկների եկեղեցին՝ կից վարժարանով, իսկ ասորաց թաղում ՝ Սբ. Աստվածածին եկեղեցին:
Թաղերն հիմնականում տեղավորված էին մինչեւ հովիտ իջնող մեծ թեքության սարալանջի ու բնականորեն միմյանցից անջատ տարածությունների վրա, կառուցապատված էին 2-3 հարկանի բնակելի տներով, որոնք կարծես ծեփված էին ժայռերին, լեռնային բնակավայրերին հատուկ՝ աստիճանաձեւ: Խարբերդը բավականին տուժել է 1874 թ. ուժեղ երկրաշարժի եւ 1895 թ. դեպքերի հետեւանքով: Սրանց հաջորդում են հին, գերազանցապես եկեղեցիների վերաշինությունն ու նորերի կառուցումը: Սբ. Հակոբ եկեղեցին, որ քանդվել էր 1895թ. դեպքերի ժամանակ, վերստին վերաշինվում է:
Խարբերդի շինություններից հիշատակության են արժանի իգական ճեմարանը (1869), Եփրատ քոլեջի եռահարկ շենքը (1880), Աննա Թրեյզի Րիկզ հիվանդանոցը (1909): Նաեւ Մեզիրե քաղաքի Ֆաբրիկաթորյան եղբայրների մենատունը՝ բաղկացած կցաշար եւ երկու հարթությունների վրա տեղավորված հինգ բնակարաններից: Այս բնակարանը կարելի է համարել այդ ժամանակվա արդի բնակարանային ճարտարապետության ուշագրավ օրինակ:
Հաճընը XIX դարի վերջին տեղի ունեցած մի քանի տաղտկալի դեպքերից(1893, 1894, 1898թթ. հրդեհներից եւ 1887թ. սովի համաճարակից) հետո, որոնք զգալի վնաս էին հասցրել քաղաքին, սկսեց զարգանալ տնտեսապես եւ աչքի ընկավ տարաբնույթ շենքերի կառուցմամբ: Քաղաքի շուրջ 25-30 հազ. բնակչությունն ապրում է Կելեկ, Վերին թաղ, Գոփուշների թաղ, Գալե ալթը, Վարի թաղ, Չոպնենց թաղ եւ այլ թաղերում: Վերի եւ Վարի թաղերն

Հաճըն

Հաճըն

ունեին շուկաներ: Կելեկը, Վերի եւ Վարի թաղերն ունեին գլխավոր եւ երկրորդական ուղիղ փողոցների կանոնավոր ցանց, մի բան, որը հազվադեպ է հանդիպում Արեւմտյան Հայաստանի քաղաքներում:  Հաճընը կառուցվել է ճարտարապետ ինժեների հսկողության ներքո: Թորոս վարպես Պապահեքյանի նախագծերով են կառուցվել Հաճընի եկեղեցական, ուսումնական շենքերը, ինչպես նաեւ մեծահարուստների՝ Թերզյանների, Րեպեճյանների, Շախրտմյանների, Թումանյանների եւ այլոց 4-7 հարկանի ազգային ներքին հարդարանքի արդիական արտաքին ճարտարապետությամբ մենատները:
Բարդ ռելիեֆի եւ բնակտարածության սղության պատճառով Հաճընը կառուցապատված էր չափազանց խիտ եւ աստիճանաձեւ: Քաղաքն ուներ վեց եկեղեցի, որից երեքը լուսավորչական էին, երկուսը հայ-բողոքական, իսկ մեկը հայ-կաթոլիկական: Կային բազմաթիվ դպրոցներ, որոնց մեծ մասը կից էին եկեղեցիներին:
Սահակ-Մեսրոպյան վարժարանի քարաշեն հինգ հարկանի շենքը գտնվում է Սբ. Աստվածածին եկեղեցու դիմաց, ժայռի վրա, հին բերդի տեղում ու իր դիրքով այնքան անառիկ էր, որ 1920թ. այն ծառայում է հաճընցիների ինքնապաշտպանությանը:
Այլ շինություններից հիշատակության են արժանի բաղնիքի (1887), քաղաքապետարանի (1902), մանկապարտեզի (1912), Տեր-Ազարյան արական եւ Անարատ հղիացման իգական վարժարանների շենքերը:

 

Արեւելահայ նշանավոր ճարտարապետների գործունեությունն ընթացել է բուն Հայաստանից դուրս՝ մեծամասամբ Պետերբուրգում, Մոսկվայում, Թիֆլիսում եւ Բաքվում:
Նրանցից հիշատակելի է Գաբրիել Տեր-Մելիքովը (1874-1949): Տեր-Մելիքովի աչքի ընկնող գործերից են Յալթայի հայկական եկեղեցին՝ կառուցված 1905-1909 թթ.: Սա իր ծավալային ու ճարտարապետական ձեւերի հարստությամբ ու բարձրադիր տեղադրությամբ դարասկզբի հայկական եկեղեցական ճարտարապետոթյան լավագույն կոթողներից մեկն է: Հարուստ է մշակված նաեւ եկեղեցու ներսը, պատերը ծածկված են որմնանկարներով: Հիշատակելի են նաեւ նրա նախագծած Բաքվի հասարակական ժողովների շենքը (Այժմ Ադրբեջանի ֆիլհարմոնիայի շենքը, 1910թ.),

Գաբրիել Տեր-Մելիքով

Գաբրիել Տեր-Մելիքով

Թաղիեւ եղբայրների մենատունը (1909), Միլովի բնակելի տունը (1913), «Մաժեստիկ» հյուրանոցի շենքը Ռուսթավելու պողոտայում: Տեր-Մելիքովը մասնակցել է Բաքվի հայկական եկեղեցու մշակման համար կազմակերպված 1907 թ. մրցույթին եւ արժանացել է առաջին մրցանակին: Իր գրչին հատուկ են երկու հիմնական գիծ՝ հավատարմությունը կլասիցիզմի սկզբունքներին, մյուս կողմից համարձակ եւ հաջողված փորձերը հայկական եւ ադրբեջանական ազգային ճարտարապետության ավանդույթները շարունակելու եւ նորովի ներկայացնելու ուղղությամբ:
Ճարտարապետ Քրիստափոր Բոգդանի Տեր-Սարկիսովի (Սաթունց) ոչ երկարատեւ կյանքը (1875-1917) նույնպես նշանավորվել է բեղմնավոր ստեղծագործությամբ: Նրա նախագծերով իրականացված շենքերից են վրաց ազնվական ակումբը Թիֆլիսում (1905-1908), Ալոիզի թատրոնը Սուխումում (1906-1907), վերակառուցել է Բեթխաինի հայկական Սբ. Ստեփաննոս եկեղեցին եւ փոստի կենտրոնական շենքը: Ճարտարապետի վերջին աշխատանքը փոխարքայի գրասենյակի շենքի նախագծումն ու կառուցումն էր (այժմ Վրաց ՍՍՀ ԳԱ նախարարության շենքը):
Նույն ժամանակամիջոցում Թիֆլիսում ապրել եւ ստեղծագործել է ճարտարապետ Պողոս Ալեքսանդրի Զոհրաբյանը (Զուրաբովը, 1874-1942): Թիֆլիսում եւ Վրաստանի այլ բնակավայրերում նրա նախագծով կառուցվել է տարբեր բնույթի ու ծավալի 36 շենք: Նրա նախագծած ու կառուցած շենքերից են նոր վեհարանի եւ մատենադարանի շենքերը Էջմիածնում եւ առաջին հիվանդանոցի մասնաշենքերը Երեւանում:
Նիկոլայ Գեւորգի Բաեւը (1878-1946) շարունակում է Հովհաննես Մաթեւոսի Տեր-Հովհաննիսյանի (1863-1937) նախագծած եւ հարկադրաբար կիսատ մնացած Սբ. Թադեւոս եւ Սբ. Բարդուղիմեոս կաթողիկե եկեղեցու շինարարությունը: Նա կառուցված մեծ թվով տարբեր բնույթի շենքերի (շահութաբեր բնակելի շենքերի, դպրոցների, հիվանդանոցների եւ այլն), այդ թվում նաեւ Բաքվի թատրոնի (այժմ Ու. Հաջիբեկովի անվ. Օպերայի եւ բալետի թատրոնի, 1910) նախագծողն ու կառուցողն էր:
Ռուսաստանում ստեղծագործող ականավոր ճարտարապետներից էր Ալեքսանդր Թամանյանը (1878-1936): Նա 1904 թ. ավարտելով Պետերբուրգի

Ալ. Թամանյան

Ալ. Թամանյան

գեղարվեստական ակադեմիայի ճարտարապետական ֆակուլտետն, անմիջապես վերակառուցում է Պետերբուրգի հայկական եկեղեցին: Նախասովետական շրջանի իր բոլոր գործերում Ալ. Թամանյանը հետեւողականորեն կանգնած էր ռուսական կլասիցիզմի ճարտարապետության դիրքի վրա: Նրա հանրահայտ գործերից են Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսի համալիրը (1913), որի տաղավարները մշակված են ռուսական փայտի ճարտարապետության մոտիվներով եւ իշխան Շչերբատովի մենատունը Մոսկվայում (1914):  Վերջինս այդ տարվա լավագույն շենքերի մրցույթում արժանացել է ոսկե մեդալի: Նա միակն էր հայ ճարտարապետներից, որ իր երիտասարդ հասակում ընտրվում է ճարտարապետության ակադեմիկոս (1914):
Այս նույն ժամանակաշրջանում Կ.Պոլսում շարունակվում էր Պալյանների ճարտարապետական տոհմի ներկայացուցիչների՝ Հակոբ եւ Սարգիս Պալյանների գործունեությունը, որոնք միասին ավարտում են Չրաղանի պալատի շինարարությունը:
1875 թվականին եղբոր մահից հետո Սարգիս Պալյանը Լեւոն Պալյանի համագործակցությամբ նախագծում եւ կառուցում է բազմաթիվ եւ բազմաբնույթ շենքեր, պալատներ, քյոշկեր, մզկիթներ, զինվորական տարբեր շինություններ, հիացնելով ժամանակակիցներին իր մասնագիտական բացառիկ փորձով ու վարպետությամբ: Նա հայտնի է նաեւ ազգօգուտ գործունեությամբ: Նրա միջոցներով է հիմնվել Վասպուրականի Մարմեր գյուղի դպրոցը եւ Պեշիկթաշի Մաքրուհյան ազգային օրիորդաց վարժարանը: Նրա նախաձեռնությամբ 1873 թ. կազմակերպվում է հասարակական աշխատանքների մի ընկերություն:
Եգիպտահայ գաղթօջախում ապրել ու ստեղծագործել են հայ նշանավոր ճարտարապետներ Կ. Պալյանը, Հ. Ազնավուրյանը, Լ. Նաֆիլյանը, Ա.

Սարգիս Պալյան

Սարգիս Պալյան

Կարինյանը եւ ուրիշներ: Կարո Պալյանը (1878-1961) մասնակցել է անհայտ զինվորի հուշարձանի նախագծման մրցույթին եւ շահել մրցանակ:
1903 թ. մինչեւ իր կյանքի վերջը Կարո Պալյանն ստեղծագործել է Կահիրեում, ուր նրա նախագծերով կառուցվել են մի շարք հոգեւոր շենքեր եւ քաղաքացիական վաճառատներ, հյուրանոցներ, գործատներ եւ այլն: Նրա գրչին են պատկանում «Դեպի լույս» խորագիրն ունեցող դպրոցական շենքերին նվիրված գիրքը, ինչպես եւ «Եգիպտոսը եւ արաբական ճարտարապետությունը» ծանրակշիռ հետազոտությունը:
Պոլսահայ ճարտարապետ Լեւոն Նաֆիլյանը (1877-1937), Մարտ. Գալունճյանի հետ, նախագծել եւ կառուցել է բազմաթիվ շենքեր Կահիրեում: Այնուհետեւ փոխադրվել է Փարիզ, ուր անց է կացրել իր կյանքի երկրորդ, առավել հասուն ու բեղմնավոր ստեղծագործական փուլը:
Հայ նշանավոր ճարտարապետ եւ գիտնական Թորոս Թորամանյանը (1864-1934) իր ստեղծագործական կյանքի առաջին տարիներն անց է կացրել սկզբում Սոֆիա, ապա Վառնա քաղաքներում, նախագծել եւ կառուցել է բազմաթիվ շենքեր, գլխավորապես մենատներ մեծահարուստ եւ մտավորական բուլղարահայերի համար եւ Վառնայում հայկական ազգային վարժարանի շենքը:
Այս ժամանակաշրջանը բեղմնավոր եղավ հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության տեսակետից: Հայաստանի հնագիտական վայրերում՝ Անիում, Զվարթնոցում, Դվինում եւ այլուր կազմակերպվեցին պեղումներ, որոնք ընձեռեցին նոր նյութեր հայակական բնակավայրերի ու հուշարձանների վերաբերյալ:
Հատկապես մեծ է Թորոս Թորամանյանի դերն այս գործում: 1903թ. գալով Հայաստան, նա մասնակից է դառնում Զվարթնոցի եւ Անիի պեղումներին, ապա ընդարձակելով իր ուսումնասիրության շրջանակները, պեղում է Շիրակի բարձրավանդակի, Արագածոտնի, Արարատյան դաշտի ու Հայաստանի

Թորոս Թորամանյան

Թորոս Թորամանյան

այլ մասերի հուշարձանները: Դրանց ուսումնասիրության հարուստ նյութերով նա գիտական լայն ընդհանրացումներ է կատարում հայկական ճարտարապետության առանձնահատկությունների, զարգացման տարբեր փուլերի ու նրանց հատկանիշների, շինարվեստի եւ այլ հարցերի մասին, ստեղծելով հայ ճարտարապետության պատմության մի կուռ տեսություն: Նրա աշխատանքներից են առանձին գրքերով եւ պարբերականներում հրատարակած «Տեկորի տաճարը» (1911), «Զվարթնոցի տաճարը» (1905), «Էջմիածնի տաճարը» (1909), «Հայ ճարտարապետության մասին» (1912), «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետոթյան մասին» եւ բազմաթիվ այլ հոդվածներ ու գործեր: Դրանք հեղաշրջող նշանակություն ունեցան, էապես նպաստեցին վերանայելու եվրոպական որոշ գիտնականների թյուր կարծիքները հայկական ճարտարապետության մասին:
Առաջինը եվրոպական գիտնականներից Թ. Թորամանյանի դրույթների պաշտպանությամբ հանդես եկավ ու դրանք գիտական աշխարհին ներկայացրեց Վիեննայի համալսարանի պրոֆ. Ժոզեֆ Ստրժիգովսկին (1862-1942)  իր «Հայերի ճարտարապետությունը եւ Եվրոպան» երկհատոր ստվարածավալ աշխատությամբ: Նա ոչ միայն վճռականապես հերքեց բյուզանդագետ Շարլ Դիլի եւ ուրիշների կարծիքները հայկական քրիստոնեական ճարտարապետությունը բյուզանդականից սերված լինելու դրույթը, այլեւ կոնկրետ փաստերով ցույց տվեց հայկական ճարտարապետության կազմավորման տեղական ակունքներն ու նրա ազդեցությունը եվրոպական որոշ երկրների ճարտարապետության վրա:

Ժոզեֆ Ստրժիգովսկի

Ժոզեֆ Ստրժիգովսկի

 

Բնական գիտություններ

 

  • Կենսաբանություն

 

Դեռեւս V-VII դարերի հայ մատենագիրների գործերում հանդիպում են բազմապիսի կենսաբանական դիտարկումներ՝ Շիրակացու «Աշխարհացոյցում», Տաթեւացու «Հարցման գիրքը» եւ այլն:
XVII դարի հեղինակ Աբրահամ Պոլսեցու «Պատմություն անասնոց» գիրքը ունեցել է ժամանակի եվրոպական գիտական կենդանաբանության մակարդակը:
XVIII դարում եւ XIX դարի սկզբներին տպագրվում են կենսաբանական տեղեկություններ պարունակող գրքեր: 1796 թ. Հռոմում լույս է տեսնում Ստեփանոս Աբգարյանի «Գրքույկ որ կոչի սկզբունք բնական գիտությանց»-ը, որը հիմնականում պարունակում էր տեղեկություններ բույսերի եւ կենդանիների մասին, հարց ու պատասխանի միջոցով: Ավելի ուշագրավ տեղեկություններ էր պարունակում Հակոբ Ստեփանյանի «Տեսարան աշխարհի բովանդակիչ բնական եւ բարոյական գիտությանց» գիրքը՝ հրատարակված 1810 թ. Վենետիկում: Եվրոպական կրթություն ստացած հայ բժիշկներ Պետրոս Քալանթարյանի, Հովակիմ Օղուլուխյանի, Միքայել Ռեստենի աշխատություններում եւս կան ուշագրավ փաստեր կենսաբանության մասին:
Առավել նշակալի կենսաբանությամբ զբաղվող է Ստեփանոս Շահրիմայնանը, ով Կոնստանդնուպոլսում գրել է «Անդեղայ ժանտախտի» գիրքը, որը ձեռագիր է եւ գրվել է ժանտախտի ժամանակ: Ս. Շահրիմանյանի ստվարածավալ ձեռագիր աշխատությունում՝ «Տնկաբանություն կամ Փղորա Հայաստանի» գրքում, որն այժմ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, պարունակում է պատմական Հայաստանի ութ հարյուր բույսերի մասին տեղեկություն: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում, կենսաբանության զարգացումը սկզբում ընթանում էր առաջին փուլով՝ այդ ուներ նկարագրական բնույթ եւ սերտորեն կապված էր բժշկության հետ: Սակայն Կ. Լիննեյը, հետագայում, առաջ քաշեց զարգացման երկրորդ փուլը՝ կուտակված նյութերի կարգավորումը (1735): Այդ ժամանակ Կովկասում առաջինն օգտվելով Լիննեյի դասակարգումից, իր աշխատությունը գրեց Ս. Շահրիմանյանը:
Զարգացման երրոդ փուլը արդեն կապված է Չարլզ Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի հետ, որի հետեւորդները հայ իրականության մեջ Մխիթարյաններն էին Վիեննայի եւ Վենետիկի: Նրանք որոշ դեր կատարեցին բնագիտական գիտելիքների ժողովրդականացման գործում: «Բազմավեպի» էջերում ի հայտ եկան մի շարք ինքնուրույն եւ թարգմանական գործեր («Սկզբունք բուսաբանության» 1846, «Տարերք բուսաբանության» 1883, «Տարերք կենդանաբանության 1885, Ս. Ե. Երեմյան «Նմուշ հայ կենդանաբանության 1879 եւ այլն):
1884 թ. Վենետիկում լույս տեսավ Հ. Սափարյանի «Բուսաբանությունը», որը կազմված էր եվրոպական դասագրքերի լավագույն ավանդույթների հիման վրա: Իսկ 1895 թ. հրատարակվեց Ղ. Ալիշանի «Հայբուսակ կամ հայկական բուսաբանություն» աշխատությունը, որն առաջին հրատարակված գիրքն է Հայաստանի բուսականության մասին: Այստեղ Ալիշանը նկարագրել է հայկական բնաշխարհի ավելի քան 3400 բույսեր, կատարել տերմինաբանական նորամուծություններ: Քիչ ավելի ուշ Վիեննայում հրատարակվեցին Գ. Մենեւիշյանի «Բուսաբանությունը» եւ «Կենդանաբանությունը» (1897): Կենդանաբանությանն էր նվիրված նաեւ Ս. Երեմյանի «Կենդանաբանություն եւ մարդակազմություն» գիրքը (1896թ. Վենետիկ), որում հեղինակը, նկարագրելով կենդանական աշխարհի ներկայացուցիչներին, կանգ է առնում նաեւ Հայաստանի ֆաունայի վրա: 1912 թ. Սեբաստիայում լույս տեսավ Կ. Գաբիկյանի «Հայ բուսաշխարհ» աշխատությունը:
Արեւմտահայ կենսաբան-գիտնականների մեջ հատուկ տեղ է գրավում Նազարեթ Տաղավարյանը (1862-1915): Նա առաջինն էր, որն առանձին գիրք հրատարակեց դարվինիզմի սկզբունքերի վերաբերյալ: Նա ուսումնասիրում է նաեւ մանրէաբանությունը, երկար տարիներ զբաղվում է բժշկությամբ եւ 1915 թ. զոհ գնում մեծ եղեռնին: Նրա աշխատություններից առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում «Բնական պատմությունը», «Մարդկային սաղմնախոսությունը», «Մանրէաբանությունը», «Բժշկարանը», «Կենդանաբանությունը», «Տարվինականությունը»: Նա 1885 թ. Կ.Պոլսում հիմնում է առաջին գիտական ամսագիրը՝ «Գիտական շարժում», որի էջերում հրապարակվում էին կենսաբանությանը եւ գիտության այլ հարցերին նվիրված հոդվածներ:
Արեւելահայ իրականության մեջ Մ. Նալբանդյանն առաջիններից էր, ով արեւելահայությանը ծանոթացրեց էվոլյուցիայի գաղափարին: Նրա հետաքրքրությունները կենսաբանության մեջ բացատրվում էին ոչ միայն տեսական նկատառումներով, այլեւ կյանքում օգտագործելու նպատակով, այդ իսկ պատճառով նրա ուսումնասիրությունները գործնական կենսաբանության բնագավառում շերամապահությունից էին, մեղվաբուծությունից, ակլիմատիզացիայից (կլիմային վարժվելուց), ձկնաբուծությունից, եւ այլն:
Բնագիտական, կենսաբանական խնդիրների եւ դարվինիզմի հետ կապված հարցերի մասին XIX դարի վերջին, XX դարի սկզբներին հոդվածներ էին տպագրում «Մշակ», «Տարազ», «Փորձ», «Մեղու Հայաստանի», «Արարատ» թերթերն ու ամսագրերը: 1899 թ. Թիֆլիսում լույս տեսավ Ա. Զելինսկու «Բույսերի գործածությունը Երեւանի նահանգում», իսկ Պետերբուրգում՝ Ա. Բուդաղյանի երկու գիրքը՝ «Ժառանգականություն եւ դաստիարակություն»(1901) ու «Գոյության կռիվ» (1904):
Դարվինիզմին եւ էվոլյուցիոն ուսմունքին ամենից շատ տեղ է հատկացրել «Մշակ» թերթը, որտեղ հետաքրքիր հոդվածներով հանդես էին գալիս բազմաթիվ կենսաբաններ, այդ թվում նաեւ Սամվել Բալաղյանը: Նա զբաղվել է դարվինիզմի լայն պրոպագանդայով: Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Միկրոբներ», «Հողի մասին», «Պաստյոր», «Դարվինիզմ» աշխատությունները: Վերջին գիրքը, որ տպագրվեց 1890 թ. Թիֆլիսում, վերահրատարակվեց 1904 թ., իսկ սովետական իշխանության օրոք՝ 1926 թ. Երեւանում:
XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին նշանավոր գիտնականներից է Վ. Ի. Վարդանովը(1853-1919)՝ Ի. Պ. Պավլովի աշակերտներից մեկը Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում: Վ. Ի. Վարդանովը զբաղվում էր էլեկտրական երեւույթների եւ կենդանական աշխարհի փոխհարաբերությունների հարցերով: 1906թ. Պետերբուրգում հրատարակվեց «Ֆիզիոլոգիայի դասընթաց» գիրքը, իսկ 1915 թ.՝ ներվամկանային ֆիզիոլոգիային նվիրված մի ուրիշ ձեռնարկ:

Այդ տարիներին է սկսվում նաեւ ֆիզիոլոգիական գիտության ականավոր ներկայացուցիչ Լեւոն Օրբելու (1882-1958) գիտական գործունեությունը: Լ. Ա. Օրբելին ոչ միայն զարգացրեց իր ռուս ուսուցիչ Պավլովի ոււսմունքն, այլ նաեւ ստեղծեց նոր, ինքնուրույն ուղղություններ ֆիզիոլոգիայում: Օրբելու անվան հետ է կապված էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուղղության ստեղծումը: Արդի նեյրոֆիզիոլոգիայի զարգացման գործում մեծ դեր են խաղացել նրա

Լեւոն Օրբելի

Լեւոն Օրբելի

աշխատությունները վեգետատիվ նյարդային համակարգի եւ զգացողական օրգանների ֆիզիոլոգիայի բնագավառում:
Մեծ գիտնականի եւ նրա ստեղծած դպրոցի (որը նոր ուղղություն տվեց XX դարի ֆիզիոլոգիայի զարգացմանը) հաջողությունները ֆիզիոլոգիայի տարբեր բնագավառներում, նրա բազմաթիվ ելույթները մամուլում եւ ռադիոյով, համագումարներում եւ կոնգրեսներում մեծ ճանաչում բերեցին նրան ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Օրբելին եղել է Փարիզի կենսաբանական ընկերության (1930), բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի (1931), անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր (1946) եւ արտասահմանյան այլ ակադեմիաների ու ընկերությունների անդամ։ Պարգեւատրվել է Պավլովի անվան (1937) եւ ԽՍՀՄ պետական (1941) մրցանակներով, Մեչնիկովի անվան ոսկե մեդալով (1946), ինչպես նաեւ Լենինի 4, Կարմիր դրոշի 2, Աշխատանքային կարմիր դրոշի եւ Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։
Դարասկզբին են սկսել իրենց գործունեությունը սովետահայ մի շարք կենսաբան-գիտնականներ՝ Ս. Աբովյանը (1869-1942), Հ. Բեդելյանը (1874-1940), Ա. Տեր-Պողոսյանը (1880-1954), Պ. Բ. Քալանթարյանը (1887-1942), Ռ. Գաբրիելյանը եւ ուրիշներ:

 

  • Քիմիա, ֆիզիկա

 

Դեռ հնագույն ժամանակներում Հայաստանում մաթեմատիկայի ու բնական գիտությունների հետ միասին սկզբնավորվել եւ միջին դարերում զարգացում էին ստացել հանքային, բուսական եւ կենդանական ծագում ունեցող հումքի վերամշակման արհեստ-արվեստները: Նախաբնիկների եւ հարեւան առաջավոր երկրների ժողովուրդների փորձի օգտագործմամբ կուտակվել էր հարուստ սեփական բազմադարյան փորձ:
Հին Հայաստանում զարգացում էին ապրել բազմաթիվ ճյուղեր՝ մետաղաձուլությունը, անասնապահությունը, կոսմետոլոգիան, ներկերի արտադրությունը, եւ այլն, որոնց իրեղեն ապացույցներն հայտնաբերվել են Մեծամորի (մ.թ.ա. III-II հազարամյակներ), Կարմիր բլուրի, Էրեբունիի (մ.թ.ա. I հազարամյակ), Երվանդաշատի, Գառնիի, Զվարթնոցի, Դվինի, Ամբերդի, Լենինականի ավազահանքերի, Լճաշենի եւ շատ այլ վայրերի պեղումների ժամանակ, եւ գտնվում են ինչպես մեր, այնպես էլ ուրիշ երկրների թանգարաններում:
Տարբեր ժամանակներում եվրոպական երկրներում մի շարք նյութեր անվանվել են «Sal armeniacum», «Salis armeniaca», «հայկական աղ», «հայկական քար», այսինքն Հայաստանից ծագած եւ այնտեղից արտահանված լինելու պատճառով, իսկ միջնադարի, արաբական եւ եվրոպական ալքիմիկոսներն իրենց բառապաշարում հաճախակի էին օգտագործում «հայկական» բառը, անշուշտ նույնպիսի պատճառներով:
Պատմական պայմանների պատճառով հայ գիտնականներն, հայրենիքում աշխատելու եւ ստեղծագործելու պայմաններ չունենալով, իրենց հարմար պայմաններ էին փնտրում այլ երկրներում: Եվրոպայում եւ Ռուսաստանում հանդես եկան մի շարք հայ քիմիկոսներ եւ ֆիզիկոսներ՝ Ա.Ե. Արծրունին, Ջ. Հ. Չամչյանը, Հ. Աբելյանցը, Վ. Դեմիրչօղլյանը, Հ. Ադամյանը, ովքեր իրենց աշխատություններով ունեցան մեծ ներդրում գիտության մեջ:
Երկրաբան, հանքաբան, բյուրեղաքիմիկոս, պրոֆեսոր Անդրեաս Երեմի Արծրունին (1847-1898) սովորել է Դորպատի եւ Գերմանիայի մի շարք համալսարաններում: Ուսումնասիրել է Կովկասի եւ շուրջ քսան տարի Ուրալի օգտակար հանածոների հանքավայրերը, որոնք մեծ համբավ են

Անդրեաս Երեմի Արծրունի

Անդրեաս Երեմի Արծրունի

վայելում, մասնակցել է մի շարք դժվարին եւ պատասխանատու գիտական արշավների Բրիտանական Գվինեայում, Նուբիայում: Մոսկվայի հանքաբանական ընկերության հանձնարաությամբ ուսումնասիրել է Կովկասի մի շարք շրջաններ, այդ թվում նաեւ Սեւանի ափերը, Ղարաքիլիսայի, Լոռու շրջանները, բարձրացել փոքր Մասիսը (1894): Մամուլում արծարծել է Կովկասի հանքային հարստությունները (ոսկի, արծաթ, կոբալտ, ծծումբ, մարմար, շինանյութեր) օգտագործելու եւ Կովկասում քիմիական արդյունաբերություն զարգացնելու միտքը:
Հանդիսացել է Թիֆլիսի Կովկասյան թանգարանի հիմնադիրը եւ մինչեւ իր կյանքի վերջ հարստացրել է թանգարանը:
Արհեստական ճանապարհով տարբեր միներալների ստացման ժամանակ բացահայտել եւ ապացուցել է միներալների ֆիզիկական հատկությունների կապը նրանց քիմիական կազմի հետ:
Բյուրեղագիտական իր հետազոտություններում Արծրունուն հետաքրքում էին բյուրեղների քիմիայի հարցերը, մասնավորապես այն կարեւորագույն հարցերից մեկը, որով զբաղվում են աշխարհի շատ քիմիկոսներ մինչեւ այժմ: Իր գրած մոտ հինգ հարյուր աշխատություններից վաթսունը նվիրված էին այս խնդրին, եւ այս ամենը նա զետեղել է իր «Բյուրեղների ֆիզիկական քիմիան» (1893) աշխատության մեջ, որը չի կորցրել իր արդիականությունը: Ակադեմիկոս Վ. Վերնադսկին արտահայտվել է այս աշխատության մասին. «…հանդիսանում է տպագիր նյութին միանգամայն բացառիկ տիրապետելու հոյակերտ մի հուշարձան. այն երկար ժամանակ կպահպանի այդ բնագավառում ամեն մի աշխատողի համար անհրաժեշտ տեղեկատու գրքի նշանակությունը»:
Թեեւ նա հեռու էր հայրենիքից, սակայն մշտապես կապի մեջ է եղել Կովկասի եւ հայ մտավորականների հետ, «Մշակ» թերթում պարբերաբար տպագրում էր բազմաթիվ թղթակցություններ, քննադատական, հրապարակախոսական հոդվածներ: Երազում էր ապրել եւ աշխատել իր հայրենիքում, օգտակար լինել նրան եւ դրանով իսկ իրեն  «…գեթ մի անգամ… երջանիկ զգալ…»:
Արծրունին գերմանական եւ արտասահմանյան մի շարք գիտական ընկերությունների անդամ էր՝ Պետերբուրգի (1895), Տուրինի ու Բավարիայի գիտությունների ակադեմիաների թղթակից-անդամ:
Նրա անվամբ է անվանվել «Արծրունիտ միներալը», որը իրենից ներկայացնում է կապարի սուլֆատի եւ պղնձի քլորիտի երկակի աղ:
Եվրոպայում եւ Ամերիկայում լայնորեն ճանաչված խոշորագույն օրգանիկ-քիմիկոսներից էր Իտալիայում ծնված հայ գիտնական Ջակոմո/Հակոբ/ Չամ(ի)չյանը (1857-1922): Ապրել եւ աշխատել է Իտալիայում։ Սկզբնական կրթությունն ստացել է Տրիեստում, 1874-1875 թթ. սովորել է Վիեննայի համալսարանում եւ պոլիտեխնիկումում, ապա՝ Հեսսենի համալսարանում, ուր ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան (1880), 1887 թվականից` Պադուայի եւ1889 թվականից` Բոլոնիայի համալսարանների պրոֆեսոր: 1880-1887 թթ. Հռոմի համալսարանում աշխատակցել է Ս․ Կանիցարոյին։
Չամչյանի աշխատանքներն աչքի են ընկնում իրենց բազմակողմանիությամբ, մտահաղացումների խորությամբ եւ առանձնակի բեղմնավորությամբ: Նրա հրապարակած մոտ չորս հարյուր աշխատությունները նվիրված են ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական քիմիայի պրոբլեմներին:
Սպեկտրոսկոպիայով Չամչյանը սկսել է զբաղվել դեռ քսան տարին չբոլորած: Այդ տարիքում նա կատարել է մի կարեւոր հայտնագործություն՝ պարբերական համակարգի միեւնույն խմբի էլեմենտներն ունեն ակնհայտ նման առաքման սպեկտրներ, այս հայտնագործությունը հետագայում հանգեցրեց ատոմների էներգետիկ մակարդակների գաղափարի ստեղծման, քանի որ այդ ժամանակ քվանտային տեսությունը դեռեւս ձեւավորված չէր:
Չամչյանը լուծիչների մոլեկուլների եւ իոնների միջեւ կոմպլեքսներ գոյանալու մասին գաղափարն առաջին անգամ արտահայտողներից մեկն եղավ:

Հակոբ Չամչյան

Հակոբ Չամչյան

Քիմիական կառուցվածքի եւ օրգանական միացությունների պինդ լուծույթների վերաբերյալ նրա ուսումնասիրությունը ելակետ ծառայեց շատ հետաքրքիր աշխատանքների համար, որոնք հանգեցրին պինդ լուծույթների մասին Բռունիի դասական աշխատանքներին:
Նրան է պատկանում նաեւ պիրոլների եւ նրա ածանցյալների ուսումնասիրումը, ինչպես նաեւ քիմիական լծորդված կապերով միացությունների ուսումնասիրությունը: Չամչյանի կատարած աշխատանքներին Մայերը եւ Յակոբսոնը տվել են հետեւյալ գնահատականը. «Պիրոլի յուրահատուկ հատկությունները լուսաբանվել են մի ամբողջ շարք սքանչելի հետազոտություններով, որոնցով մենք պարտական ենք Չամչյանին եւ նրա աշակերտներին»:
Չամչյանը ուսումնասիրեց եւ պարզեց նաեւ որոշ օրգանական միացությունների կառուցվածքը: Սաֆրոլի, սեդանոլիդի, էվգենոլի, ապիոլի եւ այլ նյութերի ուսումնասիրությունները գործնական նշանակություն ունեցան հելիոտրոպինի եւ վանիլինի արտադրության համար, իսկ նիախուրի յուղի բաղադրիչների եւ նռան կեղեւի մեջ գտնվող պսեւդոպելլետյերին ալկալիոդի ուսումնասիրությունը նպաստեցին Վիլշտերի հետագա աշխատանքներին:
Չամչյանի աշխատությունների մեջ մեծ տեղ են գրավում օրգանական լուսաքիմիայի՝ օրգանական նյութերի վրա լույսի քիմիական ազդեցության ուսումնասիրությունը: Հայտնագործվեցին եւ ուսումնասիրվեցին լուսաքիմիական շատ ռեակցիաներ, որոնցից մեկը հայտնի է «Չամչյանի ռեակցիա» անվանումով:
Չամչյանն, Էմիլ Ֆիշերի կողմից ներկայացվել է Նոբելյան մրցանակի, սակայն չի արժանացել:
Հետմահու Չամչյանի անունով են կոչվում Տրիեստի «Հայկական փողոցը», որը վերանվանվում է «Չամչյանի փողոցի», որտեղ էր գտնվում հայ գիտնականի պատանեկության տարիների տունը, ինչպես նաեւ Բոլոնիայում նորակառույց քիմիական ինստիտուտը՝ «Ջակոմո Չամչյանի անվան քիմիական ինստիտուտ»:
Այս ժամանակաշրջանի հայազգի ականավոր քիմիկոսներից է նաեւ Հարություն Աբելյանցը (1849-1921): Նա ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա Հեյդելբերգի համալսարանը (1869), իր կրթությունը շարունակել է Ցյուրիխի համալսարանում (1869-1872):
Աբելյանցը վերամշակել է Շտեդլեր-Կոլբեի քիմիական քանակական անալիզի դասագիրքը: Նա տպագրել է նաեւ մեծ թվով աշխատություններ սննդամթերքի եւ համեմունքների հետազոտությունների վերաբերյալ, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: Աբելյանցի որոշ ուսումնասիրություններ ունեն գործնական կիրառություն, օրինակ՝ նավթի փորձարկման ապարատը:
XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին աշխատող եւ մարդկությանը անհայտ մի անուն է Վահագն Դեմիրչօղլյանը (1875-1936): Նա չուներ բարձրագույն

Վահագն Դեմիրչօղլյան

Վահագն Դեմիրչօղլյան

կրթություն, ավարտել է Էջմիածնի ճեմարանը, սակայն ինքնուրույն ձեռք է բերել անհրաժեշտ գիտելիքներ իր ժամանակի ֆիզիկայի հիմնական նվաճումների վերաբերյալ եւ զբաղվել ֆիզիկայի եւ քիմիայի առավել բարդ եւ շատ կողմերից դեռ լուծում չստացած խնդիրներով՝ ատոմի ու նրա միջուկի կառուցվածքի, տարրերի արժեքականության էլեկտրոնային տեսության տեսական ուսումնասիրությամբ: Այս ուսումնասիրություններից լույս են տեսնում մի քանիսը սահմանափակ տպաքանակով: Գիտնականը կապեր չուներ հայտնի եւ ականավոր ուրիշ գիտնականների հետ, նա գիտական ասպարեզում անհայտ էր, մինչդեռ իր աշխատություններում շարադրված էին գիտական կարեւորագույն կանխատեսումներ մի շարք հիմնական երեւույթների մասին, որոնք հայտնաբերվեցին շատ ավելի ուշ, Եվրոպայի եւ Ամերիկայի առաջնակարգ լաբորատորիաներում:
Քննարկելով ատոմի արժեքականության հարցը, Դեմիրչօղլյանն առաջարկել է տարբեր տարրերի ատոմների տարածական կառուցվածքի մոդելներ, Ռ. Աբիգից եւ Ջ. Թոմսոնից հետո արտահայտել է ատոմի արժեքականության էլեկտրոնային բնույթի հիպոթեզը: Նա առաջ է քաշել ատոմի միջուկի թաղանթային կառուցվածքի հիպոթեզը, կարողացել է ինքնուրույն բացատրել ատոմի պարբերականության պատճառը, տեսականորեն հիմնավորել Մենդելի օրենքը: Նա կատարել է մի շարք սկզբունքային կարեւոր նախագուշակումներ, որոնք տարիներ անց ընդունվել են որպես փորձնական տվյալներ եւ տեսություններ:
Ֆիզիկայի բնագավառում Հովհաննես Ադամյանի (1879-1932) անվան հետ են կապված XX դարի կարեւորագույն հայտնագործություններից մեկի՝ պատկերը հեռագրով հաղորդելու-լուսահեռագրի, եռագույն հեռուստատեսության համակարգի, հեռուստացույցի հայտնագործումը:
Ադամյանի հայտնագործությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց եւ բարձր գնահատվեց գիտական աշխարհում: Այժմ էլ Ադամյանի առաջարկած համակարգը չի կոցրել իր նշանակությունը եւ համարվում է գունավոր հեռուստատեսության հիմնական համակարգերից մեկը: Ադամյանը կատարել է ավելի քան երեսուն մեծարժեք հայտնագործություն: Իր գործունեության վերջին տարիներին աշխատել է Երեւանում:

Հովհաննես Ադամյանը աշխատանքի պահին

Հովհաննես Ադամյանը աշխատանքի պահին

 

Վերջնաբան
Այսպիսով, հայ իրականության մեջ այս ժամանակշրաջանում մեծ զարգացում են ապրում մշակույթը, գիտությունը արվեստը, մանավանդ Արեւելյան Հայաստանում, քանզի այստեղ պատմական իրավիճակներն ավելի նպաստավոր էին: Ճարտարապետության մեջ տարածվում է կլասիցիզմի ոճը: Նախագծվում են քաղաքների հատակագծեր, կառուցվում են մայրուղիներ, փողոցներ, եկեղեցիներ, բաղնիքներ, բնակելի տներ եւ այլն: Հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հետզհետե ձեւավորվող հայ ճարտարապետության վերաբերյալ գիտական տեսակետը լայն ճանաչում է գտնում:
Բնական գիտությունները մեծ թռիչք են ապրում: Քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության բնագավառներում ի հայտ են գալիս բազմաթիվ նշանավոր դեմքեր եւ անուններ, որոնցից մի քանիսի անունները մնում են չտարածված: Հայ գիտնականները հիմնականում իրենց գործունեությունը ծավալում են Հայաստանի սահմաններից դուրս, քանզի բարենպաստ պայմաններ չէին իրենց հայրենիքում, սակայն չեն մոռանում

Հովհաննես Ադամյան

Հովհաննես Ադամյան

Հայաստանի եւ Կովկասի մասին: Թերթերից  «Մշակը» իր էջերում բազմիցս ներկայացնում է գիտնականների հոդվածները, աշխատությունները:

Աբյուրներ՝

Հայ ժողովրդի պատմություն հատոր VI, տպ. թվ. 1981, էջ 843-856, 942-962
1 2 3
Կարող եք տեսնել նաեւ Երեւանը XX դարի սկզբին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s