Նամականի

Նամականի. Վահան Տերյանի նամակը Անթառամ Միսկարյանին

100_2103Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:

Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանկ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:

Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն:

13.08.1912 թվական

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ «ՆԱՄԱԿ ՄԱՐԹԱ ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ»

«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, եւ շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»

Advertisements

One thought on “Նամականի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s