Մակեդոնական կամ հայկական հարստությունը Բյուզանդիայում

Նախաբան

Տվյալ հոդվածը Մակեդոնական կամ Հայկական հարստության մասին է Բյուզանդիայում: Սույն հոդվածն իր մեջ ներառում է այս հարստության գործիչների գործունեությունը, այս շրջանի հայ-բյուզանդական հարաբերությունները, բյուզանդական մշակույթը:

Բուն նյութ

Մակեդոնական կամ Հայկական հարստության կայսրեր

Վասիլ/Բարսեղ/Բազիլեյոս Ա Մակեդոնացի 867-886
Լեւոն Զ Իմաստասեր 886-911
Ալեքսանդր 912-913
Կոստանդին Է Ծիրանածին (Պորփյուրոգեն) 912(945)-959
Ռոմանոս Ա Լեկապենոս 919-944
Ռոմանոս Բ Կրտսեր 959-963
Նիկեփոփոս Բ Փոկաս 963-969
Հովհաննես Ա Չմշկիկ(Կուրկուաս) 969-976
Վասիլ/Բարսեղ/Բազիլեյոս Բ Բուլղարասպան 976-1025
Կոստանդինոս Ը 1025-1028
Զոյե 1042 19.04-11.07
Ռոմանոս Գ Արգիր/Արգյուրոս 1028-1034
Միքայել Դ Պաֆլագոնացի 1034-1041
Միքայել Ե Կալափատ 1042
Թեոդորա 1042, 1055-1056
Կոստանդիանոս Բ Մոնոմաքոս 1042-1055

Բյուզանդական իշխանությունները ոչ միայն խրախուսում էին հայերի ներգաղթը, այլեւ հաճախ (սկսած VIդ. երկրորդ կեսից) իրականացնում էին բռնի գաղթեցումներ: Եվ դա ուներ իր ծանրակշիռ պատճառները: Հուստինիանոս Ա կայսեր (527-565թթ.) փայլուն ժամանակաշրջանին հաջորդեց Բյուզանդիայի համար ծանր անցումային մի շրջան, որը տեւեց մինչեւ VIII դարը ներառյալ: Ահագնացած հասարակական ճգնաժամը, ներքին ու արտաքին փոթորիկները (VIIդ. սկզբի դաժան քաղաքացիական պատերազմ, անընդհատ ներքաղաքական խլրտումներ, VI-VIIդդ. ավերիչ բարբարոսական ներխուժումներ, պարսիկների ու արաբների դեմ ծանր պատերազմներ) հանգեցրին տնտեսական քայքայմանը, նախկինում տիրապետող սոցիալական խավերի (սենատորական խոշոր հողատիրական դասի, մունիցիպալ կամ կուրիալական` միջին հողատիրական դասի) մեծ մասի ոչնչացմանը, կայսրության հսկայական (մինչեւ 2/3) տարածքային կորուստներին, սեփական սահմաններում անհնազանդ սլավոնական բնակչության հաստատմանը, տեղերում կենտրոնական իշխանության դիրքերի եւ կայսրության տարբեր հատվածների միջեւ կապերի թուլացմանը: Հաճախ տարրական գոյության համար պայքար մղելու հարկադրված կայսրությունը սուր կարիք ուներ կռվող ու աշխատավոր ուժերի, պետական ու ռազմական կադրերի, ուսյալ մարդկանց: Հայաստանն ու հայությունը Բյուզանդիայի համար հանդիսանում էին այդ բացը զգալիորեն լրացնելու հրաշալի աղբյուր: Հայկական զինվորականությունը, որի հմտություններին Հռոմեական կայսրությունում ծանոթ էին դեռ III դարում, արդեն Մավրիկիոս կայսեր (Մորիկ, 582-602թթ.) բանակում ամենախոշոր օտար տարրն էր եւ խաղում էր մեծ դեր: Հետագա դարերում այդ դերը միայն աճել է: Դա կապված էր ոչ միայն շարունակ նվազող բյուզանդական բանակում ծառայության մեջ գտնվող հայ ռազմիկների թվական աճի հետ։ Հայությունը շահեկանորեն տարբերվում էր մի կողմից IV-VIIդդ. ընթացքում մարտունակության զգալի անկում ապրած բուն բյուզանդական (ուշ հռոմեական) հասարակությունից, մյուս կողմից` ռազմաշունչ, բայց կազմակերպական ցածր մակարդակի վրա գտնվող բարբարոսներից: Եվ դա` շնորհիվ դարավոր հասարակական-քաղաքական ու ռազմական ավանդույթներ ունեցող նախարարության, որը հայոց ռազմական կառույցը գլխավորող այրուձիու սոցիալական հիմքն էր: Այս հաստատության առկայությունը հայերին թույլ տվեց ոչ միայն աչքի ընկնել Բյուզանդիայի պատերազմող բանակների շարքերում, այլեւ արագորեն ձեռք բերել սեփական թվին ոչ համարժեք բարձր ու ազդեցիկ դիրքեր: Արդեն Մավրիկիոս կայսրը տեգին վարժ տիրապետող ու ծանրազեն հայ հեծյալներին օգտագործում էր որպես Թրակիայում ավարների դեմ կռվող իր զորքերի գլխավոր հարվածային ուժը:

Մակեդոնական կամ Հայկական հարստության (867-1057) օրոք Բյուզանդիան ապրեց վերելքի տարիներ, այս ժամանակաշրջանը անվանվում է նաեւ «Մակեդոնական վերածննդի» ժամանակարջան:
Ռուսական (խորհրդային) պատմական դպրոցի ներկայացուցիչների երկերում 867-1056 թթ բյուզանդական կայսրերի նկատմամբ օգտագործվում է Մակեդոնական հարստություն անվանումը։ Օտարազգի պատմաբանների մեծամասնությունը եւս օգտագործում են «Մակեդոնական հարստություն» անվանումը (անգլերեն՝ Macedonian dynasty)։ Սակայն ոչ ռուսալեզու եւ այդ թվում՝ հայ պատմագրության մեջ կիրառվում է այլընտրանքային՝ «Հայկական հարստություն» անվանումը։ «Հայկական հարստություն» (անգլերեն՝ Armenian dynasty) անվան կիրառման կողմնակիցները գտնում են, որ այն ավելի ճշգրիտ է, քան «Մակեդոնական հարստություն» անունը, քանի որ տվյալ հարստության օրոք մի շարք բյուզանդական կայսրեր, ռազմական ընտրանիի եւ չինովնիկության բազմաթիվ ներկայացուցիչներ հայկական ծագում ունեին։
867 թվականի սեպտեմբերի 23-ի գիշերվա ժամը 3-ին, Կ.Պոլիսի սբ. Մամասի պալատում տեղի է ունենում մի ոճրագործություն: Հայազգի Վասիլը իր համախոհների հետ սրախոխղող է անում հարբած վիճակում գտնվող Միքայել 3-րդ կայսեր եւ տիրանում գահին: Միքայլելը այդ ժամանակ 28 տարեկան էր: Դառնալով կայսեր նա՝ Վասիլը (Բասեղը) հիմնում է Մակեդոնական (Հայկական) հարստությունը:
Վասիլ կայսրը ծագումով Մակեդոնացի էր, ազգությամբ՝ հայ: Վասիլը ծնվել էր հասարակ հայ ընտանիքում, ֆիզիկապես ուժեղ էր, մտավոր արտակարգ ունակություններով օժտված, համառ էր՝ նպատակին հասնելու գործում ոչ մի բանի առաջ կանգ չառնող: Նրա թոռ Կոնստանտին Ծիրանածինը գրել է պապի կենսագրությունը, որտեղ մանրամսնությամբ նկարագրվում է Վասիլի անցած ուղին, նաեւ պատմվում է նրա մանկության մասին: «Ամառ ժամանակ նրա ծնողները գնացել էին իրենց սեփական դաշտը եւ ղեկավարում էին հնձվորների աշխատանքը, դրդում նրանց ավելի լավ աշխատել,-մեջ է բերում Ծիրանածինը:- Օրը կես եղավ, արեւն իր կեսօրվա ճառագայթներով արդեն շատ էր այրում եւ նրանք հասկերից ինչոր վրան հյուսեցին եւ այնտեղ պառկեցրեցին երեխային քնելու, որպեսզի կիզիչ արեւի ջերմությունն անվնաս անցկացնի: Երբ նրանք հնձվորներով էին զբաղված, մի արծիվ վայր խուժեց, նստեց վրանի վրա եւ բացելով իր թեւերը, երեխային ստվեր արեց: Այդ բանը տեսնողները աղաղակ բարձրացրին, վախեցան, որ արծիվը կարող է երեխային կործանել: Հոգատար եւ մանկասեր մայրը աճապարեց դեպի որդին:Նա տեսավ, որ արծիվը իր թեւերով ստվեր է անում որդուն, տեսավ, որ նա ամենեւին էլ չվախեցավ իրենից, այլ ընդհակառակը՝ կարծես ուրախությամբ էր իրեն նայում, բայց այդ պահին ուրիշ բան անել չկարողացավ, եւ արծվի վրա քար շպրտեց»: Այս դեպքը կրկնվում է 3 անգամ:
Վասիլը, սքողելով իր հասարակ ծագումը, իրեն հռչակեց Արշակունի՝ կամենալով իր կողմը գրավել Հայաստանը: Նա ցանկանում էր բարեկամական կապեր հաստատել Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու հետ: Բայց նման քայլերը կայսրությանը շոշափելի արդյունք չտվեցին, քանի որ նրա հիմնական նպատակը Հայաստանը Բյուզանդիայից վասալական կախման մեջ գցելն էր: Վասիլը պայքարեց Աֆրիկայի արաբների դեմ, որոնք տիրում էին Միջերկրականին: Նիկեփոփոս Փոկաս զորավարը 885-ին գրավեց Իտալիայի մեծ մասը եւ կազմեց Կալաբրիայի ու Լանգոբարդիայի բանակաթեմերը: Վասիլը կայսրության արեւելյան սահմանները հասցրեց մինչեւ Եփրատ, իսկ 872-ին պարտության մատնեց պավլիկյաններին: IX դարում Բյուզանդիային սպառնում էին բուլղարները՝ Սիմեոն ցարի գլխավորությամբ: Նրանց դեմ պատերազմն ավարտվեց 899-ին հաշտությամբ: Կոստանդին VII Ծիրանածնի առաջին մենիշխանության օրոք Բյուզանդիան արաբների հետ հաշտություն կնքեց՝ ուշադրությունը բեւեռելով բուլղարական վտանգին: 913-ին բուլղարները կրկին հարձակվեցին Բյուզանդիայի վրա: Այս շրջանում կայսրությունը պատրիարք Նիկողայոսի միջոցով մի քանի անգամ դիմել է Հայոց կաթողիկոսին եւ Հայոց թագավորին՝ խոստանալով օգնել Հայաստանին՝ վերջինիս արաբների դեմ պատվար դարձնելու նպատակով: 914-ին բանակցություններ վարելու համար Կոստանդնուպոլիս մեկնեց Աշոտ Բ Երկաթը:
XX-րդ դարի երկրորդ կեսում եւ XI-րդ դարի առաջին քառորդում՝ Նիկեփորոս Բ Փոկասի, Հովհաննես Ա Չմշկիկի եւ Վասիլ Բ-ի իշխանության ժամանակ՝ Բյուզանդիան հասավ իր հզորության գագաթնակետին:
964-969թթ.-երին Նիկեփորոս Բ-ն, հաղթական մեծ կռիվներից հետո, տիրեց Արեւելյան Կիլիկիային եւ Հյուսիսային Ասորիքին ու նվաճեց մի շարք այլ քաղաքների հետ նաեւ հռչակավոր քաղաք Անտիոքը, որն ավելի քան երեք դար գտնվում էր արաբների տիրապետության տակ: Խոշոր հաջողություններ ունեցավ նաեւ Հովհաննես Ա Չմշկիկը, որը 972-975 թթ.-երին նվաճեց Արեւելքում, Միջագետքում ու Չորրորդ Հայքում Մծբինը, Ամիդը եւ Ֆարկին-Տիգրանակերտը, իսկ Ասորիքի հարավում՝ Հիերոպոլիսը, Ապամեան, Եմեսան, Հելիոպոլիսը եւ Բեյրութը:
Ինչպես վկայում է Գեորգիոս Համարտոլոսի ժամանակագրության շարունակողը, Բյուզանդիայի զորեղացումը եւ նրա հաղթական առաջխաղացումը ո՛չ միայն սարսափահար էին արել արաբներին ու պարսիկներին, այլեւ երկյուղ էին ներշնչել նաեւ հայերին: Հայաստանի «թագավորություններն» ու իշխանությունները սկսել էին արդեն վախենալ իրենց արեւմտյան հարեւանից: Նրանք հետզհետե համոզվում էին, որ Բյուզանդիայի ռազմական քաղաքական դրության ամրացումը Հայկական լեռնաշխարհի հարավում ու արեւմուտքում կարող է կորստաբեր լինել եւ իրենց համար:
Եվ, իրապես, հաղթական Բյուզանդիան դեռեւս Նիկեփորոս Բ-ի եւ Հովհաննես Ա Չմշկիկի մեծամեծ հաղթությունների ժամանակ ուզեց փոխել իր ժամանակավոր խաղաղ քաղաքականությունը Հայստանի նկատմամբ եւ սկսեց ագրեսիվ քայլերի դիմել հայկական իշխանությունների հանդեպ: Նիկեփորոս Բ-ի արեւելյան մեծ արշավանքների ժամանակ (964-969) վախճանվել էր Տարոնի Բագրատունի իշխան Աշոտ Պատրիկը եւ նրա մահից հետո Տարոնը միացվեց կայսրությանը: Սակայն լեռնային Սասունը չենթարկվեց բյուզանդական իշխանությանը եւ պահպանեց իր ազատությունն ու անկախությունը:
Մեծ վտանգ էր սպառնում հայկական իշխանություններին նաեւ Հովհաննես Ա Չմշկիկի արեւելյան արշավանքների ժամանակ: Երբ բյուզանդական կայսրը 974-ին եկավ Արեւելք արաբների դեմ պատերազմելու՝ նա հանկարծ իր ճանապարհը փոխեց, եւ սպառնական դիրք բռնելով հայկական իշխանությունների հանդեպ՝ բանակեց Տարոնում Այծյաց բերդի դիմաց: Այս իմանալով, վկայում է Մատթոես Ուռհայեցին, Կապանի, Աղվանքի, Վասպուրականի, Կարսի եւ Անձեւացիների ու Սասունի թագավորներն ու իշխանները ժողով արին Բագրատունի Աշոտ Գ թագավորի մոտ եւ իսկույն պատրաստվեցին պատերազմի ու 80.000 զորքով բանակ դրին Հարքում: Կայսրը, ակնածելով այդ մեծ ուժից, համաձայնություն կնքեց Աշոտ Գ-ի հետ եւ, ստանալով նրանից 10.000 օգնական զորք՝ Հայաստանի սահմանների հեռացավ:
Բյուզանդիայի նվաճողական քաղաքականությունը Վրաստանի եւ Հայաստանի հանդեպ ավելի ուժգին թափով առաջ տարվեց Վասիլ Բ-ի իշխանության ժամանակ:
Անգլիացի բյուզանդագետ Ջ. Ֆինլեյի ենթադրությամբ, Վասիլ Բ-ի կառավարչական քաղաքականության գլխավոր նպատակն է եղել ամրացնել պետական վարչության կենտրոնացումն ու միությունը եւ վերջնականապես ընկճել բուլղարներին ու սլավոններին, որոնք լեզվական ազգակցության պատճառով միացել էին եւ միաբան էին նմանապես իրենց անհաշտ ատելությամբ դեպի կայսերական կառավարությունը:
Միաձուլման ու կենտրոնացման այս քաղաքականությունը, որ հաջողությամբ գործադրվել էր Արեւմուտքում՝ նույն այս Վասիլ Բ-ի ժամանակ, սկսվեց կիրառվել նաեւ Անդրկովկասում՝ Վրաստանի ու Հայաստանի նկատմամբ:
Իր թագավորության առաջին կեսում Վրաստանի եւ Հայաստանի գործերին Վասիլ Բ-ն գրեթե չմիջամտեց, պարզ այն պատճառով, որ շարունակ զբաղված էր իր դեմ հարուցվող ապստամբությունների ընկճումով, նաեւ Օխրիդայում հաստատված Բուլղարական թագավորության նվաճումով:
Առաջին անգամ այս հարմար առիթը նա ունեցավ Տայոց իշխան Դավիթ Կյուրապաղատի մահից հետո (1000թ.): Չունենալով ժառանգ՝ Կյուրապաղատը կտակ էր արել եւ հանձնարարել իր երկիրը Վասիլ Բ-ին: Օգտվելով այս հանգամանքից՝ Վասիլ Բ-ն, որն այդ ժամանակ ձմեռում էր Կիլիկայի Տարսոն քաղաքում՝ այժմյան Մալատիայի ու Բալուի վրայով եկավ Երզնկա ու այստեղից բարձրացավ Տայքի Հավճիչ քաղաքը, որը գտնվում էր Ազորդացփոր գավառում: Այդ ուղեւորության ժամանակ նրան ներկայացան Երզնկայում ու Հավճիչում Նփրկերտի ամիրան, վրաց Գուրգեն թագավորը եւ սրա որդին՝ Աբխազների Բագարատ Գ թագավորը, որոնց նա ընդունեց մեծարանքով եւ տվեց առաջին երկուսին մագիստրոսության տիտղոս, իսկ վերջինին՝ կյուրապաղատության: Այս տիտղոսները բաժանելիս՝ բյուզանդական կայսրները, ըստ երեւույթին նկատի ունեին, որ տեղական իշխանավորները, ստանալով իրենցից այս տիտղոսները՝ հպատակվում են իրենց ու ճանաչում Բյուզանդիայի գերիշխանությունը:
Հավճիչ Վասիլ Բ-ն իջավ Բասենի եւ Հարքի վրայով Մանազկերտ ու այստեղից Ապահունիքի միջով եւ այժմյան Ալաշկերտի մոտով վերադարձավ Տայք: Այս շրջանները՝ Բասենը, Հարքը եւ Ապահունիքը՝ 10-րդ դարի վերջերում, ինչպես վկայում է Ասողիկը, գտնվում էին Դավիթ Կյուրապաղատի իշխանության տակ, ուստի եւ նրա կտակի համաձայն միացվելու էին այժմ Բյուզանդիային:
Վասիլ Բ-ի այս նոր ուղեւորության ժամանակ նրա մոտ էին եկել եւ նրա հովանավորությունը հայցել Կարսի Աբաս թագավորը եւ Վասպուրականի Սենեքերիմ թագավորն ու նրա եղբայր Գուրգենը: Ասողիկի վկայությամբ՝ կայսրը, առնելով նրանց իր պաշտպանության տակ՝ հրովարտակն եր էր ուղարկել շրջակա երկրների ամիրաներին, որ նրանք չհարձակվեն ու չնեղեն Վասպուրականը:
Բագրեւանդում Վաղաշկերտ-Ալաշկերտի մոտ Վասիլ Բ-ն բանակ էր դրել եւ սպասում էր, որ իր մոտ կգա եւ իրեն հավատարմություն կհայտնի նաեւ Բագրատունի Գագիկ Ա-ն: Սակայն Շիրակ-Անիի այս հզոր ու հեռատես թագավորը իր համար այդ նվաստացուցիչ համարեց եւ աշխատեց պահպանել իր թագավորության անկախությունը:
Վերադառնալով Տայք՝ Վասիլ Բ-ն գրավեց Դավիթ Կյուրապաղատի կտակած գավառները, բերդերը եւ քաղաքները: Արիստակես Լաստիվերտցոււ վկայությամբ՝ կայսրության կցված այս երկրում դատական եւ վարչական իշխանությունը հանձնվել էր բյուզանդական պաշտոնյաներին: « Եվ նա (Վասիլ Բ-ն),-ասում է Լաստիվերացին,- կարգում է նրանց (գավառների, բերդերի ու քաղաքների) վրա գործակալներ, դատավորներ եւ վերակացուներ»:
Լաստիվերտցու վկայությունից կարելի է եզրակացնել, որ այս գավառները քաղաքականապես եւ վարչականապես միացվել էին Բյուզանդական կայսրությանը այնպես, ինչպես այդ տեղի էր ունեցել Բուլղարիայի նկատմամաբ:
Միացված երկրի քաղաքական դրության եւ ներքին կացության արմատական այս հեղաշրջումը, բնականաբար, առաջ պիտի բերեր այդտեղ դժգոհների մի մեծ խումբ, որոնք կորցնում էին իրենց հեղաշրջումը, ուղղված լինելով առաջին հերթին տեղական ազնվականության տիրական իրավունքների դեմ՝ հարկադրելու էր Բյուզանդիային զսպել կամ չեզոքացնել այդ ազնվականությունը: Դժվար չէ, ուրեմն, կռահել, որ երկրի բնական տերերի չեզոքացման նպատակով էր, հավանորեն, գործադրվում ազնվականության տեղափոխումների այն քաղաքականությունը, որ Վրաստանում, եւ ապա նաեւ Հայաստանում, հետզհետե ստացավ խիստ մեծ ծավալ:
Դավիթ Կյուրապաղատի երկրի միացումը կայսրության՝ սկիզբն էր քաղաքական այն նոր ընթացքի, որին հետեւելու էր Բյուզանդիան Վրաստանի եւ Հայաստանի հանդեպ:
Ինչպես եւ պետք էր սպասել, երբ Վասիլ Բ-ն եւ բյուզանդական զորքերը հեռացան Դավիթ Կյուրապաղատի երկրից, զսպված դժգոհություններ երեւան եկան ամենաբուռն կերպով: Խիստ դժգոհ էր մնացել նույնպես եւ Վրաց Գուրգեն թագավորը, նաեւ այն պատճառով, որ կայսրը իրեն տվել էր ո՛չ թե կյուրապաղատության, այլ միայն մագիստրոսության տիտղոս: Վրաց թագավորը կայսեր հեռանալուց հետո ներխուժեց իր զորքերով Տայք եւ գրավեց այստեղ մի քանի շրջաններ: Բայց շուտով Վասիլ Բ-ն զորավար մագիստրոս Կանիկլը նրա հետ խաղաղություն կնքեց, ըստ երեւույթին, որոշ զիջումների գնով:
Վրաց Գուրգեն թագավորի (1008) եւ նրա որդու ու հաջորդի՝ Բագարատ Գ-ի (1014) մահից հետո՝ Աբխազիայի ու Վրաստանի թագավորական գահը ժառանգեց վերջինիս որդի, Գեորգին, որն իր թագավորության առաջին տարիներում գրավեց Բյուզանդական Տայքում նոր շրջաններ: Արաբական պատմագիր Եահյա Անտիոքացին, որը ժամանակակից էր այդ անցքերին՝ պատմում է, որ երբ Վասիլ Բ-ն պատերազմում էր բուլղարների դեմ (1014-1019) եւ ժամանակ չուներ կարգավորելու կայսրության հարաբերությունները արեւելյան երկրիների հետ, Գեորգի թագավորը, օգտվելով այդ հանգամանքից, ներխուժել էր Տայք եւ հեշտությամբ նվաճել էր այդ շրջանները, որ կայսրը միացրել էր Բյուզանդիային Դավիթ Կյուրապաղատի մահից հետո:
Սակայն շուտով Վասիլ Բ-ն, որը Բուլղարիայի նվաճման գործը վերջացրել էր՝ իր ուշադրությունը ամբողջովին կենտրոնացրեց Արեւելքի գործերի վրա: 1021/1022 թվին նա նորից եկավ անձամբ արեւելք եւ պահանջեց Գեորգիից, որ նա հնազանդի իրեն  եւ վերադարձնի Բյուզանդիայի այն բոլոր բերդերն ու հողամասերը, որոնք կցված էին Վրաստանին Դավիթ Կյուրապաղատի բաժնից: Գեորգիի համար դիմադրությունը կայսրն ընկճեց դաժան ու արյունախանձն վճռականությամբ եւ ավերեց այժմյան Կարս-Արդահանի եւ Ախալքալաքի կողմերում 12 գավառ, սրի անցկացնելով ամբողջ բնակչությունը: Սպանված բնակչության թիվը Եահյա Անտիոքացու մոտ ցույց է տրված մոտավորապես 200.000: Պարտված Գեորգին 1023/1024 թվին ստիպված եղավ Վասիլ Բ-ից խաղաղություն աղերսել, իհարկե, այն պայմաններով, որ առաջադրել էր իրեն կայսրը:
Այս արյունահեղ անցքերից մի քանի տարի առաջ մեռել էր Շիրակ-Անիի թագավոր Գագիկ Ա Բագրատունին (1020) եւ Հայաստանում գահակալական վեճ ու խռովություններ էին ծագել նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատի եւ Աշոտի միջեւ: Այդ երկպառակությունները Բյուզանդական կայսրության քաղաական նպատակների համար ավելի քան ձեռնտու էին. եւ, հիրավի, շւոտով Բյուզանդիայի գերիշխանությունը տարածվեց եւ այստեղ:
Ներքին խռովությունների արդյունքում Աշոտը խնդրել էր Բյուզանդիայից օգնական զորք, որի աջակցությամբ նա կարողացել էր զսպել իր հակառակորդներին եւ ընդարձակել էր իր իշխանության սահմանները: Այդ օգնությունը նա ստացած կլիներ, անշուշտ, կայսրությանը հնազանդելու եւ նրա գերիշխանությունը ճանաչելու պայմանով:
Աշոտի եղբոր՝ Հովհաննես-Սմբատի համար, որը, ինչպես վկայում է Բյուզանդական ժամանակագիր Կեդրենոսը, վրաց Գեորգի թագավորի հետ մասնակցել էր կռիվների Վասիլ Բ-ի դեմ՝ ստեղծվում էր այժմ խիստ ծանր վիճակ: Սարսափած այն արհավիրքներից, որոնց ենթարկվել էր Գեորգիի երկիրը՝ Հովհաննես-Սմբատը ինքը եւս ապավինեց Բյուզանդիայի հովանավորությանը եւ իր մահից հետո կտակեց Անի քաղաքը եւ իր ամբողջ երկիրը Վասիլ Բ-ին:
Հովհաննես-Սմբատի այս կտակի պատճառը եւ շարժառիթները պատմական աղբյուրները բացատրում են տարբեր կերպով:
Արիստակես Լաստիվերտցին պատճառ է բերում Հովհաննես թագավորի անճառանգ լինելը: «Բայց այդ ժամանակ գրվեց հայերի կորստյան գիրը եւ նամակը: Հովհաննեսը պատվեր էր տվել հայրապետին, թե գրե գիր եւ տուր իբրեւ կտակ թագավորին, որ ես իմ մահից հետո իմ քաղաքներն ու երկրները կտամ նրան իբրեւ ժառանգություն. Նա չուներ որդի՝ ժառանգ թագավորության, որովհետեւ որդին վախճանվել էր եւ չէր ապրել մինչեւ հոր պատվատիտղոսը ստանալը»:
Մատթեոս Ուռհայեցին մատնանշում է ընդհակառակը, որ Անին ու Կարսը պահանջել էր Վասիլ Բ-ն: « Հայոց ՆՀ թվին (1021) Վասիլն անթիվ զորքով եկավ արեւելք եւ խնդրեց հայոց թագավորից Անին ու Կրասը, եւ Հովհաննեսը, Գագիկի որդին, որոշեց տալ իր թուլասրտության պատճառով»:
Իսկ Վարդան վարդապետը կտակի շարժառիթ համարում է այն, որ Հովհաննես-Սմբատին խիստ նեղում էր Վրաց թագավորը: « Երբ Վասիլ կայսրն այս լսեց (Դավիթ Կյուրապաղատի մահը եւ կտակը), եկավ, բանակ դրեց Կարնո դաշտում: Եւ Հովհաննեսը, այդ իմանալով՝ վախեցավ եւ ուղարկեց նրա մոտ ընծաներով Պետրոս պատրիարքին, որին իր կենդանության ժամանակ կաթողիկոս էր օծել Անիում իր ձեռքով եւ մեծ հանդեսով Տեր-Սարգիսը: Այլեւ Հովհաննեսին նեղում էր Վրաց թագավորը. ուստի եւ նա պատրարքին պատվեր տվեց, որ Անին տա գրով իր մահից հետո հոռոմներին, ինչպես այդ արել էր եւ Կյուրապաղատը, եթե նա (Վասիլ կայսրը) պաշտպանի իրեն իր նեղիչներից»:
Կտակի շարժառիթների մասին հայկական աղբյուրների այս ցուցումները, ինչպես արդեն նկատել են հայ պատմագետներից շատերը, հավանական չեն: Կտակի իսկական պատճառը մատնացույց է արված Կեդրենոսի մոտ, որը պարզ կերպով վկայում է, որ Հովհաննես-Սմբատը սարսափել էր եւ վախենում էր կայսեր վրեժխնդրությունից, որովհետեւ, լինելով Վրաց թագավորի դաշնակիցը, ինքը եւս օգնել էր սրան վերոհիշյալ պատերազմի ժամանակ: «Երբ Գեորգին՝ աբխազների վեհապետը, զենքերը շարժեց հոռոմների դեմ՝ նրան դաշնակից էր նաեւ Հովհաննեսը, որն Անիի երկրի իշխողն էր: Իսկ երբ, ինչպես մի փոքր առաջ ասվեց, Բազիլեոս թագավորը, գալով զորքերով Իբերիա՝ կռվեց Գեորգիի դեմ եւ սրան փախուստի մատնեց ու ջարդեց՝ Հովհաննեսը, վախենալով, թե գուցե թագավորը բարկացած լինելով իր վրա, կռվին մասնակցած լինելու համար՝ անողոք կերպով իրեն կպատժե, վերցնելով քաղաքի բանալիները՝ ինքնաբերաբար անցավ թագավորի կողմը եւ կամավոր կերպով նրան անձնատուր եղավ եւ բանալիները հանձնեց  նրան: Իսկ կայսրը, երբ հանդիպեցին իրար, ընդունեց նրան, պատվեց մագիստորոսի տիտղոսով եւ նշանակեց նրան ցմահ Անիի եւ այսպես կոչված Մեծ Հայաստանի պետ: Կայսրը նրանից պահանջեց գրավոր փաստաթուղթ, որ նրա մահից հետո այդ ամբողջ իշխանությունը կփոխանցվի իր իրավասության տակ եւ այդ երկիրը կդառնա մաս հոռոմների պետության:  Եւ այդ այդպես եղավ» :
1040/1041 թվին մեռան Հովհաննես-Սմբատը եւ նրա եղբայրը՝ Աշոտը: Նրանց մահից հետո՝ Միքայել Դ Պափլագոնացի կայսրը (1034-1041) պահանջեց, որ Հովհաննես-Սմբատի երկիրը, վերջինիս կտակի համաձայն, հանձնվի Բյուզանդիային: Սակայն թեեւ հայերը կուսակցությունների էին բաժանված եւ հույները Հայաստանում ունեին կողմնակիցների մեծ խումբ՝ Միքայել Դ-ն չկարողացավ նվաճել Անին ո՛չ խաղաղ բանակցությունների միջոցով, ո՛չ էլ բյուզանդական զենքի ուժով:
1042 թվին Բագրատունիների կողմնակից հայ իշխանները, որոնց առաջնորդն էր Վահրամ Պահլավունին, միացան ու թագավոր կարգեցին Աշոտ Բագրատունու որդուն՝ պատանի Գագիկին: Բագրատունյաց թագավորությունը, ազատվելով խառն ու անտերունչ դրությունից, սկսեց ուշքի գալ եւ զորեղանալ: Բյուզանդիայի հանդեպ Գագիկ Բ-ն պատրաստ էր հպատակվել կայսեր եւ ընդունել նրա գերիշխանությունը: Սակայն Բյուզանդիայի Կոստանդին Թ Մոնոմախոս կայսերը (1042-1054) պահանջում էր, որ կտակի համաձայն Անին հանձնվի կայսրության: Կայսեր պահանջը, ուրիշ խոսքով, Բագրատունիների թագավորության վերացումն էր:
Գագիվ Բ-ի համար ուրիշ ելք չէր մնում, քան պահպանել իր թագավորությունը դիմադրության ու զենքի ուժով: Շուտով Կոստանդին Թ Մոնոմախոսը Անիին բռնի կերպով տիրելու համար ուղարկեց Միքայել Ասիտեսին, որը կուսակալ էր Արեւելքում: Սակայն Գագիկ Բ-ն քաջությամբ դիմադրեց նրան, ու սա ստիպված եղավ ետ քաշվել երկրից: Այս անհաջողությունից հետո Կոստանդին Թ կայսրը Գագիկի դեմ ուղարկեց ավելի մեծ զորքով իր Նիկողայոս զորավարին եւ միաժամանակ նրա դեմ գրգռեց Դվինի Աբուլսուար ամիրային, որը հարձակվեց Գագիկի վրա արեւելյան կողմից: Բայց Գագիկն Աբուլսուարի հետ հաշտություն կնքեց, տալով նրան հարուստ ընծաներ, եւ բոլոր իր ուժերով հարձակվեց հույների վրա, որոնք, չկարողանալով դիմանալ հայերի կատաղի հարձակմանը, մատնվեցին փախուստի:
1041 թվից սկսած, մինչեւ Անիին տիրելը (1045) հոռոմների զորքը, ինչպես վկայում է Արիստակես Լաստիվերտցին. «Չորս անգամ իրար հետեւից մտան հայոց աշխարհը, մինչեւ որ մարդաթափ արին ամբողջ երկիրը սրով, հրով ու գերությամբ»:
Հույները չկարողացան առնել Անին իրենց զենքի ուժով: Սակայն այն, ինչ-որ չկարողացավ անել բյուզանդական զորքը, հեշտությամբ գլուխ բերեց Բյուզանդիայի փոձված դիվանագիտությունը:
1045 թվին Կոստանդին Դ Մոնոմախոսը հրավիրեց Գագիկ Բ-ին գալ Կոստանդուպոլիս տեսակցելու իր հետ եւ խոստացավ համաձայնության գալ նրա հետ եւ կնքել հաշտություն: Բյուզանդիայի կողմնակից հայ ազնվականությունը, որի գլուխն ու ղեկավարն էր Վեստ Սրագիսը, հանդիսավոր ուխտով ու երդումով համոզեց երիտասարդ թագավորին, որ նա առանց վարանելու գնա կայսեր մոտ եւ որ իրենք պատրաստ են պաշտպանելու նրա իրավունքներն ու թագավորությունը:
Բյուզնադիայի ու նրա հայ կողմնակիցների այս նենգ դիվանագիտական պահը հաջողվեց եւ ունեցավ այն հետեւանքը, որ Կոստանդին Թ Մոնոմախոսը պահեց Գագիկ Բ-ին Կ.Պոլիսում ու մի տարի չանցած հույները գրավեցին Անին:
Աղբյուրների վկայություններից երեւում է, որ Բյուզանդիայի տիրապետության հակառակորդ հայ իշխանները եւ Անի քաղաքի բնակչությունը, Գագիկ Բ-ի Կ.Պոլիս մեկնելուց հետո եւս, շարունակել էին իրենց հերոսական պայքարը ընդեմ հույների: Վրաց Քարթլիս-ցխովրեբա ժամանակագրության XI դարի անցքերի անանուն հեղինակը վկայում է, որ 1045 թվին, երբ Գագիկ Բ-ն խաբեությամբ տարվել էր Կ.Պոլիս՝ անեցիներն Անին տվել էին Վրաց Բագարատ Դ թագավորի մորը՝ Մարիամ թագուհուն, որը Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու դուստրն էր եւ Բագրատունի Գագիկ Ա թագավորի թոռը: Իսկ Լաստիվերտցին նմանապես վկայում է, որ քաղաքի գլխավորներն են Անիում, երբ նրանք տեսան, որ Գագիկ Բ-ին հույներն արգելեցին Կ.Պոլսում, մտածեցին տալ քաղաքը կամ Աբխազիայի Բագարատ Դ թագավորին, որը, ինչպես ասացինք, Մարիամ թագուհու որդին էր, կամ Լոռու եւ Աղվանքի թագավոր Բագրատունի Դավիթ Անհողինին եւ  կամ նույնիսկ Դվինի ամիրա Աբուլսուարին, որի կինը Դավիթ Անհողինի քույրն էր:
Բյուզանդական կայսրությունը սակայն այդ ժամանակ շատ ուժեղ էր, եւ անեցիների ջանքերը պահպանելու Շիրակում Բագրատունիների տոհմի շառավիղների իշխանությունը չէին կարող հարկավ հաջողություն ունենալ: Գագիկ Բ-ին մայրաքաղաք կանչելուց հետո հույները, Պետրոս կաթողիկոսի եւ իրենց կողմնակից իշխանների աջակցությամբ, տեր դառան ո՛չ միայն Անի քաղաքի, այլեւ ամբողջ Շիրակ-Անիի թագավորությանը:
Բագրատունիների այս թագավորության անկումից հետո Բյուզանդիայի տիրապետությունը Հայաստանում Հ. Գելցերը այսպես է բնորոշում. « Եթե կային Հայաստանում մարդիկ, որոնք, ինքնախաբեությամբ կուրացած, կարծում էին, որ հունաց տիրապետությունը զորեղ մի պատվար կհանդիսանա հայոց քրիստոնեական կրոնին, հիմնովին զգալու էին իրենց սխալը: Մի խումբ ընչաքաղց հույն կղերականներ գլուխ անցան եպիսկոպոսական հարուստ վիճակների եւ վանահայրությունների: Անվերջ շարունակվեցին կրոնական հալածանքները ուղղահավատ միաբնկաների դեմ: Պետրոս կաթողիկոսին կանչեցին մայրաքաղաք: Երբ սրա հաջորդը մեռավ՝ արգելեցին նոր կաթողիկոսի ընտրությունը: Յոթներորդ եւ հետագա դարերի բոլոր դառն փորձերը որեւէ հետեւանք չէին ունեցել ոչինչ չսովորող եւ ոչինչ չմոռացող հույն հոգեւորականության համար: Բնորոշ է նաեւ, որ դեռեւս չարաբաստիկ Ռոմանոս Դիոգենես կայսրը (1067-1071) իր արշավանքը սկսելուց առաջ երդվել էր, որ վերադառնալուց հետո կոչնչացնե հայկական հավատը, ուստի եւ հայերի վարդապետները աղերսալից աղոթում էին առ Աստված, որպեսզի կայսրը իսպառ ջախջախվի, ինչպես անհավատ Հուլիանոսը, որին նզովել էր սբ. Բարսեղը: Հայերի այս հուզված տրամադրությունը, որը գրգռարկել էր հունական խելացնող եկեղեցական իշխանությունը՝ մեզ միջոց է տալիս հասկանալու սելջուկների հաջողությունների պատճառը»:
Կրոնական անհաշտ ատելությունը խիստ դժվարացրեց, ինչպես միանգամայն ճիշտ մատնանշել է Գելցերը, հայության եւ Բյուզանդիայի համերաշխ գործակցությունն Արեւելքում, որ շուտով անհրաժեշտ էր դառնալու սելջուկյան արշավանքների ժամանակ:
Անկախ դրանից՝ հայկական լեռնաշխարհի բնակչության ռազմական ու դիմադրական ուժը խիստ պակասում էր նաեւ Բյուզանդիայի վարչական ներքին քաղաքականության պատճառով: Դեռեւս Վասիլ Բ-ի թագավորության ժամանակ՝ Հայաստանում, ինչպես Բուլղարիայում եւ Վրաստանում, Բյուզանդիան աշխատում էր տեղափոխել հայ բնակչությունը, գլխավորապես, ազնվականությունը՝ Փոքր Ասիա, Միջագետք, գլխավորապես, քաղաքական եւ վարչական հատուկ նպատակներով:
Ստեփանոս Տարոնեցին վկայում է, որ 988 թվին Վասիլ Բ-ն իր իշխանության տակ գտնվող հայության մի մասը գաղթեցրել ու բնակեցրել էր Մակեդոնիայում այդ երկրի շենացման ու պաշտպանության համար:
Նույն կայսրը, Դավիթ Կյուրապաղատի երկրին տիրելուց հետո, ինչպես վերեւ ասացինք, կարգել էր Տայքում բյուզանդական պաշտոնյաներ, իսկ բնիկ ազատներին տեղափոխել ու բնակեցրել էր կայսրության հունական մասերում:
Արիստակես Լաստիվերտցու վկայությունից հայտնի է նույնպես, որ բյուզանդական-վրացական պաերազմի ժամանակ, 1021/1022 թվերի, գաղթեցրել ու բնակեցրել էին Խաղտյաց երկրում Բասենի Ոկոմի ավանի ու նրա շրջակա գյուղերի բնակիչներին: Նույն այդ պատերազմի ժամանակ՝ գերի էր տարվել Բյուզանդիա եւ Աբխազիայի ավերված գավառի բնակչությունը:
Ավելին դեռ առաջ, 1016/1018 թվի թուրքական հրոսակների մեծ հարձակումից հետո, Վասպուրականի Սենքերիմ թագավորը, զգալով, որ անկարող պիտի լինի սեփական ուժերով պաշտպանելու իր երկիրը, հարեւան ամիրայությունների հարձակումներից, տվել էր իր թագավորությունը Վասիլ Բ-ին եւ, ստանալով նրանից փոխարենը Սեբաստիա եւ Լարիսա քաղաքներն ու շրջակա գավառները՝ գաղթել էր այնտեղ իր որդիների, եղբորոդիների, ազգականների ու բազմաթիվ ժողովրդի հետ, հավանորեն, 1021 թվին:
Ուշագրավ է այս գաղթի մասին, բացի վերոհիշյալ աղբյուրների վկայություններից, նաեւ Եահյա Անտիոքացու հաղորդագրությունը, որը ժամանակակից էր այդ անցքերին: Սրա կարեւոր վկայությունից երեւում է, որ Վասիլ Բ-ին տվել էր իր երկիրը ո՛չ միայն Սենեքերիմ Արծրունին, այլեւ նրա Գուրգեն եղբոր Մեծ որդին՝ Դերենիկը, որն այդ ժամանակ Անձեւացյաց իշխանության թագավորն էր:
«Ձմեռը մոտեցավ եւ Բազիլեոս կայսրը ետ նահանջեց Տրապիզոն, որպեսզի զորքը ձմեռն այնտեղ անցկացնե, իսկ հետո կրկին ռազմի ելնե: Եվ այդ ժամանակներում Վասպուրականի Սենքերիմ թագավորը բոլոր իր բերդերը, կալվածքները եւ Վասպուրականի ամբողջ երկիրը տվել էր Բազիլեոս կայսրին: Եվ տվել էր իր բերդերն ու ամրոցները սրան նաեւ Սենեքերիմի հարեւանը, Իբն-ալ-Դայրանին: Եվ կայսրն այդ բոլորը միացրեց իր պետությանը: Եվ դրանց՝ բերդերի ու ամրոցների թիվն ավելի էր քան քառասուն: Կայսրը ստեղծեց դրանցից առանձին կատեպանություն եւ բերդերի մեջ նստեցրեց պահապան զորքեր ու դրեց նրանց վրա կառավարիչներ: Սենեքերիմին ու Իբն-ալ-Դայրանին եւ սրանց ընտանիքներին ու ազգականներին նա տվեց իբրեւ փոխհատուցում ընդարձակ կալվածքներ, մեծ դրամական գումարներ եւ բարձր տիտղոսներ»:
Կոստանդին Ը կայսեր ժամանակ, մոտավորապես 1027 թվին, Վրաստանի կողմերն էր եկել արեւելքի վերակացու Նիկիտոմ ներքինին: Լաստիվերտցու ասելով. «Սա պատիր խոսքերով երկրի ազատներից շատերին, հայրենիքից հանելով՝ ուղարկում է թագավորի արքունիքը: Տեսնելով այդ եւ ուրախանալով՝ կայսրը պատվում է նրանց մեծամեծ պարգեւներով ու իշխանական գահով եւ տալիս է նրանց կնքված շնորհագրերով ըստ արժանավորության իբրեւ հավիտենական ժառանգություն գյուղեր եւ ավաններ»:
Գագիկ Բ-ի թագավորության նվաճումից հետո՝ բռնի կամ կամավոր գաղթը ստացել էր ավելի եւս մեծ չափեր: Հայ իշխանները, վկայում է Արիստակես Լաստիվերտցին, թողին իրենց հայրենի ժառանգությունը եւ բնակվեցին օտար երկրում. հայ գավառներն ավերվեցին եւ «գնացին յաւար տանն Յունաց»:
Երբ 1045 թվին ստիպեցին Գագիկ Բ-ին հանձնել Բյուզանդիային իր թագավորությունն ու Անին եւ ստանալ փոխարենը Պիզու փոքրիկ քաղաքը, Կապադովկիայում եւ կալվածներ Լիկանդոս գավառում տեղափոխվեցին նրա մոտ իր ազգականներն ու ազնվականության մի մասը:
1045/1046 թվին Վասակ Պահլավունու որդին՝ մեծ իշխան Գրիգորը եւս հանձնեց Կոստանդին Թ Մոնոմախոսին Բջնին ու իր հայրենի ժառանգությունը եւ ստացավ նրանից մագիստրոսության  աստիճան եւ քաղաքներ ու գյուղեր Միջագետքում: Գրիգոր Մագիստրոսի հետ միասին, հավանաբար, գաղթել էին այնտեղ ո՛չ միայն նրա ազգականներից շատերը, այլեւ իր բաժնի ազատների ու բնակչության մի մասը:
Տեղահանվում ու գաղթում էր գլխավորապես, երկրի տիրող դասը, իշխանական տոհմերն ու ազատները, բայց սրանց միանում էին ու հեռանում նաեւ ռամիկ բնակիչները: Համատարած այս գաղթի պատճառով հայաստանը հետզհետե ամայանում էր, բնակչության թիվը զգալի չափով նվազում, ցրվում էին զանազան կողմեր եւ հայ զորքերը:
«Հեծելազորը շրջում էր անտերունչ՝ ոմանք Պարսկաստանում, ոմանք Հունաստանում եւ ոմանք էլ Վրաստանում: Դուրս էր ելել հայրենի երկրից նաեւ ազատների սեպուհ գունդը»:
Այս բոլորը կատարվում էր Հայաստանում Բյուզանդական կայսրության անդուլ ջանքերով եւ քաղաքական ու վարչական հատուկ նպատակներով:
Քաղաքական տեսակետից, ինչպես տեսանք, հայ իշխանական տոհմերի եւ ազնվականության տեղահանությունը հայրենի երկրից ուներ շատ խոշոր նշանակություն: Տեղահանված այս ազնվականությունը դարավոր ու ժառանգական իրավունքներով կապված էր իր հայրենի հողի ու միջավայրի հետ եւ ուներ բնական ձգտում պաշտպանելու իր «տիրական» իրավունքները եւ պատեհ դեպքում ձեռք բերելու նորից անկախություն, մինչդեռ օտար երկրում բոլորը իրենց իրավունքները ու արտոնությունները նրանք ստանում էին բյուզանդական կայսրներից, ուստի եւ դյուրությամբ կենթարկվեին կենտրոնական կառավարությանը եւ կծառայեին կայսրության եւ միացյալ պետականության ընդհանուր շահերին: Քաղաքական շատ հին միջոց էր այս, ծանոթ ու գործադրված ասորա-բաբելոնական ժամանակներից:
Այդ հին միջոցը մեծ չափերով գործադրվում էր այժմ հայերի, բուլղարների եւ վրացիների նկատմամբ: Բուլղաներին տեղափոխում էին Արեւելք եւ մասամբ Հայաստան, իսկ հայերին ու վրացիներին՝ Միջագետք, Կապադովկիա, Բուլղարիա կամ արեւմտյան ուրիշ շրջաններ:
Քաղաքական նկատառումներից անկախ՝ տեղահանությունները որոշ նշանակություններ ունեին նաեւ վարչական ու տնտեսական տեսակետից: IX դարից սկսած՝ Փոքր Ասիայում եւ, գլխավորապես, նրա արեւելյան նահանգներում անընդհանտ զարգանում ու աճում էր բարձր ազնվականության խոշոր կալվածատիրությունը ի հաշիվ մանր հողատիրության եւ ազատ գյուղացիության: Մեծ կալվածներում հացահատիկների մշակման փոխարեն տարածվում էր անասնապահության տնտեսությունը, գերազանցապես, ստրուկների կամ ճորտերի աշխատանքով: Տնտեսական-սոցիալական ներքին այս փոփոխությունը կայսրության համար վտանգավոր եւ սպառնական մի երեւույթ էր, որը քայքայում էր երկրի տնտեսական զարգացումը, թուլացնում նրա ռազմական ու զորական ուժը եւ կերպարանափոխում Բյուզանդական հին պետականությունը, դարձնելով նրան խաղալիք ազնվական խոշոր կալվածատերերի՝ իշխանավորների ձեռին:
Այդ երեւույթի առաջն առնելու համար՝ բյուզանդական կայսրներից շատերը, մանավանդ, Վասիլ Բ-ն, զանազան միջոցներով, աշխատում էր սահմանափակել խոշոր կալվածատիրության ծավալումը, զրկելով նրան կենտրոնացած պետականության դեմ պայքարելու հնարավորությունից:
Հայաստանի, Բուլղարիայի եւ Վրաստանի տեղափոխված ազատներն էին, ըստ երեւույթին, այն թարմ ու կենսունակ տարրը, որը ստվարացնելու էր մանր ազատանու թիվը եւ մատակարարելու էր կայսրությանը հավատարիմ պաշտոնյաներ ու ուժեղ զորք:
Բյուզանդիայի քաղաքական ու տնտեսական այս նուրբ հաշիվները, որ թվում էին համապատասխան պետության շահերին, իրականության մեջ ո՛չ միայն  չարդարացան, այլ, ընդհակառակը, նպաստեցին կայսրության գահավեժ կործանմանը: Հայկական իշխանությունների միացումը կայրության եւ հետզհետե սաստկացող կրոնական հալածանքը հայ եկեղեցու դեմ՝ ծայրաստիճան հուզեցին եւ գրգռեցին հայերին նոր իշխանության դեմ: Վասիլ Բ-ին հաջորդող կայսրները հայերի այդ անզուսպ ատելությունը փորձում էին արմատախիլ անել նոր եւ նոր հալածամնքների միջոցով: Եվ այսպիսով՝ այդ ատելությունն ավելի եւս խորացավ եւ վերածվեց արյունահեղ վրիժառու ընդհարումների:
Դառնալով Հայկական լեռնաշխարհի բացարձակ տերը՝ Բյուզանդիան այժմ ինքը պետք է պաշտպաներ Հայաստանի իր նոր սահմանները: Նվաճված ու լքված հայ ազնվականությունը, որ մասամբ տեղահանված էր իր երկրից, չուներ, բնականաբար, իր նախկին ռազմական ուժը եւ կազմակերպությունը: Կայսրությունը պետք է ապավիներ այժմ իր սեփական ուժերին, այն է՝ զանազան կողմերից Հայաստան բերված օտար վարձկան զորքերին, որոնց համար այս երկիրը ո՛չ հայրենի տուն էր, ո՛չ էլ հարազատ բնակավայր:
Եվ այս դրությունը ստեղծել էր ինքը՝ Բյուզանդական կայսրությունը, ռազմական ամենախոշոր նշանակությունն ունեցող արեւելյան իր սահմանում եւ այնպիսի մի ժամանակ, երբ սելջուկյան թուրքերի ահռելի հրոսակները գտնվում էին արդեն Արեւմուտքի շեմքին եւ սպառնում մահացու հարված տալու եւ՛ կայսրությանը, եւ՛ Առաջավոր Ասիայի առաջադեմ կուլտուրային:
Վասիլ Բ-ն որը հայ իշխանությունների կայսրության հետ միացման ու ձուլման քաղաքականության գլխավոր նախաձեռնողն էր՝ իր հաջորդների համեմտությամբ ուներ նաեւ ռազմական խոշոր ընդունակություններ: Լինելով տաղանդավոր զինվորական՝ նա ո՛չ միայն ընդունակ էր պաշտպանելու իր նոր գրաված երկրները, այլեւ կանխատես զգուշավորությամբ ամեն կերպ ամրացնում էր հարավ-արեւելյան իր նոր սահմանները:
Սակայն նրա թույլ ու անզոր հաջորդները ո՛չ միայն անտարբեր ու անհոգ գտնվեցին արտաքին վտանգի հանդեպ, այլեւ իրենց անչափ ազատության պատճառով եւ, իբր թե պետական միջոցների խնայողության համար՝ արձակեցին հայերի եւ վրացիների 50.000 զորքը:
«Հենց կարճ ժամանակից եւ փոքրիկ լեռնային պետությունները միացնելուց հետո հռոմեական պետությունը պետք է ետ մղեր սելջուկների առաջխաղացումը, որոնք Տուղրուլ բեգի իշխանության տակ դառել էին Ասիայում հզոր ուժ: Հունական խիստ չարչիական քաղաքականությունը խնայողություն էր անում, ինչպես սովորաբար, սխալ տեղում: Նա ծանր հարկեր էր դրել նոր միացված լեռնային աղքատ գավառների վրա եւ արձակել էր 50.000 հայկական ու վրացական տեղական զորքը»:
Այս խնայողությունն ու հարկային ծանր քաղաքականությունը կիրառելիս՝ հույները մոռանում էին, որ հայկական լեռնաշխարհը, որը Առաջավոր Ասիայի ռազմական ու բնական ամենակարեւոր դիրքն էր՝ Բյուզանդական կայսրության այն աքիլլեսյան գարշապարն է, որի ստացած վերքը կարող է մահացու լինել կայսրության ամբողջ կազմվածքի համար:
Եվ իրավի, թուլացնելով ու քայքայելով Հայաստանի բնակչության ռազմական ու դիմադրական ուժը՝ Բյուզանդիան ինքը անկարող եղավ պաշտպանել Հայաստանը:
Արեւելքից արշավող թուրքական հրոսակները, անապատ դարձնելով հայերի երկիրը, իր դարավոր մշակույթով, իջան հայկական լեռնաշխարհի վրայով Փոքր Ասիայի արգավանդ դաշտերը եւ այնտեղ առաջադեմ քաղաքականության ավերակների վրա հաստատեցին իրենց իշխանությունը, տարածելով հետզհետե այդ իշխանությունը նաեւ Կոստանդնուպոլսի եւ Բալկանյան թերակղզու վրա:
Բյուզանդական կայսրության տիրապետությունը հայաստանում փոխարինվեց շուտով սելջուկյան թուրքերի իշխանությամբ:
Մշակույթի վերելքը Մակեդոնական հարստության օրոք Բյուզանդիայում

Լուսավորության հանդեպ IXդ. հայազգի գործիչների վերսկսած պետական հովանավորչական քաղաքականությունը թափ առավ հաջորդ` Մակեդոնական կամ Հայկական հարստության օրոք: Ի պատիվ ստորին խավերից սերած կիսագրագետ Վասիլ Ա կայսեր` նա լավ հասկացավ գիտության դերը պետական կյանքում: Նրա որդին` Լեւոն Զ Իմաստունը, եւ թոռը` Կոստանդին Է Ծիրանածինը, դարձան բյուզանդական մշակույթի այսպես կոչված «Մակեդոնական վերածննդի» կարկառուն դեմքերն ու մեկենասները:
Լեւոն Իմաստունը համարվում է փիլիսոփա բյուզանդական գահի վրա: Նրան է պատկանում կայսրության պետական շենքի ամբողջացումը: Մասնավորապես, դա վերաբերում է նրա ծավալած ակտիվ օրենսդրական գործունեությանը («հին օրենքների մաքրման» կարգախոսով) եւ պալատական աստիճանակարգի համակարգմանը: Նրա բազմաժանր ստեղծագործության մեջ, օրենքներից (նովելներից) զատ, կարեւոր նշանակություն ունի միջնադարյան ռազմական տեսությանը վերաբերող լավագույն ուսումնասիրություններից մեկը` «Տակտիկեն»: Վերջինս հիմնված է ոչ միայն անտիկ ու վաղ բյուզանդական տեսական մտքի, այլեւ կայսրին ժամանակակից զորավարների (առաջին հերթին Նիկեփորոս Փոկաս ավագի) ձեռք բերած հսկայական փորձի վրա: Այստեղ նկարագրված են կայսրության ռազմական կառուցվածքը, թեմական կարգերը, մարտավարությունը: Իր տեսական հիմնավորվածությամբ ու հարուստ բովանդակությամբ «Տակտիկեն» հանդիսանում էր բյուզանդական ռազմագիտական մտքի գագաթը: Լեւոն կայսրը հովանավորում էր իր օրերում վերածնվող բյուզանդական թատրոնը, որն արքունիքում ստացել էր կիսապաշտոնական բնույթ: Հայտնի է այդ կայսեր «առաջին դերասանը»` ոմն Վահան, որը ներկա էր գտնվում կայսեր ճաշկերույթներին եւ համարձակվում էր նրան խորհուրդներ տալ:
Կոստանդին կայսրն իրեն նվիրել է ամենատարբեր գիտական բնագավառների ուսումնասիրությանը: Նրա հանձնարարությամբ ու մասնակցությամբ պատրաստվել ու հրապարակվել են տարբեր ոլորտներին (իրավունք, լեզու, գյուղատնտեսություն, ռազմագիտություն, կենդանաբանություն, բժշկագիտություն, երաժշտություն եւ այլն) վերաբերող հանրագիտարանային աշխատություններ: Նրա անվան հետ է կապված նախորդ ժամանակաշրջանների հույն հեղինակներից քաղվածքներ պարունակող եւ 53 թեմատիկ բաժնից բաղկացած ճանաչողական-խրատատվական ժողովածուի կազմումը: Կոստանդնի գրչին են պատկանում մի ամբողջ շարք ուսումնասիրություններ` նվիրված պալատական տոնախմբություններին ու ընդունելություններին («Արարողությունների մասին»), կայսրության արտաքին քաղաքական խնդիրներին («Պետության կառավարման մասին»), Բյուզանդիայի ժամանակակից վարչական կազմակերպման պատմությանը («Թեմերի մասին»), հարստության հիմնադրի կյանքին («Վասիլի կենսագրությունը»): Դրանցում ներկայացված են պատմական, աշխարհագրական, ազգագրական հույժ կարեւոր տեղեկություններ Բյուզանդիայի եւ հարեւան երկրների (այդ թվում Հայաստանի) վերաբերյալ: Լեւոն եւ Կոստանդին կայսրերին են վերագրվում նաեւ երաժշտական ստեղծագործություններ: X դարում է գործել վերոհիշյալ Թովմասի որդին` պատմագիր Հովսեփոս Գենեսիոսը: Կոստանդին Ծիրանածնի պատվերով նա գրել է «Թագավորությունների գիրքը», որն ընդգրկում է Բյուզանդիայի պատմությունը Լեւոն Ե-ից մինչեւ Վասիլ Ա կայսեր կառավարումը: Նույն դարում ստեղծվել է Նիկեփորոս Բ Փոկաս կայսրին վերագրվող ռազմագիտական մի տրակտատ, որը Արեւելքում արաբների դեմ պատերազմ մղելու պրակտիկ ձեռնարկ է: Այն պարունակում է հույժ արժեքավոր վկայություններ կայսրության ռազմական պատմության այդ վճռական շրջանում բյուզանդական բանակում տեղի ունեցած շրջադարձային փոփոխությունների մասին:
Վերջաբան

Վասիլ Ա-ից սկսած, գրավելով ամենաազդեցիկ դիրքերը զորական բարձր պաշտոններում եւ կայսերական դիվանում՝ հայ ազնվականությունն իր ձեռքն էր առել կայսրության ընդհանուր կացության ղեկավարությունը: Հայ ազնվականության ու զորքի աջակցությամբ էր, որ 971 թ.-ին վերջնականապես նվաճեց Բուլղարական թագավորությունը, որը 300 տարուց ավելի սարսափի մեջ էր պահում Բյուզանդիան:
Բյուզանդական իդեալի իրագործումն ուներ արտաքին քաղաքական ուղղվածություն: Վասիլ Ա-ի եւ Կոստանդին Ծիրանածնի վերակենդանացրած գաղափարն օյկումենեի միակ օրինական կայսրության բացառիկ իրավունքների մասին փորձեցին իրականացնել հաջորդ կայսրերը` Նիկեփորոս Բ-ը, Հովհաննես Ա-ն, Վասիլ Բ-ն: Դրանով պետք է բացատրել նրանց ծավալապաշտական նկրտումները` այդ թվում Հայաստանի նկատմամբ: Այսպիսով, ակնհայտ է այն խոր տարբերությունը եւ նույնիսկ ներհակությունը, որ առկա էր բյուզանդական ու միջնադարյան հայկական պետականության միջեւ: Այստեղից էլ` հայ նախարարական համակարգի ու հայ եկեղեցու դեմ այն քայքայիչ քաղաքականությունը, որ Բյուզանդիան իրականացնում էր իր տիրապետության տակ հայտնված հայկական հողերում (լիներ դա V թե XI դարում): Հետաքրքիրն այն է, որ այդ քաղաքականությունը մեծ եռանդով իրականացնում էին նաեւ հայազգի կայսրերն ու ղեկավար գործիչները: Ինտեգրվելով «հռոմեական» հասարակությանը, յուրացնելով նրա ավանդույթները` նրանք դառնում էին վերջիններիս պաշտպաններն ի վնաս հենց հայկականի: Կայսրությունում մեծ թվով հայազգի դեմքերի առկայությունն, ըստ էության, որեւէ հիմք չի տալիս այն կոչելու «հունա-հայկական» կամ «հայ-հունական»: Մեր կարծիքով, ընդհանրապես տեղին չէ որեւէ էթնիկ բնորոշում տալ ունիվերսալիզմի վրա կառուցված ապազգային կայսրությանը, ուր բոլոր «ուղղահավատ» քրիստոնյաները (անկախ իրենց ծագումից) հռչակվում էին «հռոմեացիներ»` քաղաքակիրթ աշխարհի միակ իրական քաղաքացիներ:
Այս շրջանում մեծ էր մշակույթի առաջընթացը: Հատկանշական է Լեւոն Զ Իմաստասեր կայսրի գործունեությունը եւ ավանդը այս շրջանում, եւ այս գործունեության արդյունքում էլ ստանում է «Իմաստուն» պատվանունը:
Այս ժամանակաշրջանում Բյուզանդիան բուռն վերելք ապրեց, եւ զուր չէ, որ այս շրջանն անվանում են «Մակեդոնական վերածնունդ»:

Աղբյուրներ.
Հակոբ Մանանդյան Ե. 1977 էջ 13-33
Հայկական սովետական հանրագիտարան Ե. 1976 էջ 462
1.http://blog.mediamall.am/?id=586

2.http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_(%D5%84%D5%A1%D5%AF%D5%A5%D5%A4%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6)_%D5%B0%D5%A1%D6%80%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

3.http://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D6%87%D5%B8%D5%B6_VI_%D4%BB%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80

4.http://www.noravank.am/upload/pdf/88_am.pdf

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s