Մտքեր

Թերեւս, Ղարաբաղյան հարցը մեր առօրյայի ամենաքննարկելի եւ արդիական թեմաներից է: Այն կազմում է Հայկական հարցի մի մասը, եւ հայկական քաղաքականության կարեւորագույն խնդիրներից մեկն է:

Ղարաբաղյան հարցը մինչ այսօր լուծում չի ստացել: Սույն հոդվածը համեմատումն է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրերից մինչ այսօր այս հարցի կարգավորման վիճակի եւ քաղաքականության: Վերցրել եմ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որն ամբողջովին նվիրված է այն ժամանակվա Ղարաբաղյան խնդիրներին: Հոդվածը բաղկացած է բաժիններից, ուստի ամեն մի բաժնին կանդրադառնամ առանձին:

Ղարաբաղյան հարցի լուծումը միջազգային ատյաններում քննարկվում էր երկու երկրների միջեւ՝ Ղարաբաղի եւ Ադրբեջանի, իսկ Հայաստանը հանդես էր գալիս որպես երրորդ կողմ: Կնքված պայմանագրերի տակ առկա էին երեք երկրների ստորագրությունները: Այսինքն Ադրբեջանը դե ֆակտո ճանաչում էր Ղարաբաղի անկախությունը: Այդ տարիներին, ինչպես նշում է Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում, Ղարաբաղում եւ Հայաստանում հակամարտության կարգավորման գործընթացին փորձագիտական մակարդակով տիրապետում էին ընդամենը վեց հոգի՝ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը եւ ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: (գ. ԼՏՊ Ընտրանի էջ 626, 2006թ.)
Ռոբերտ Քոչարյանը, լինելով ՀՀ երկրորդ նախագահ, եւ Ղարաբաղյան հակամարտությանը քաջատեղյակ լինելով, այս ամենը տեղափոխեց բոլորովին նոր հարթակ՝ Ղարաբաղին դուրս մղելով բանակացական գործընթացից: Այժմ ՀՀ նախագահ է Սերժ Սարգսյանը, սակայն Ղարաբաղյան հակամարտությունը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եւ նրանից հետո դարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծառացած խնդիր:

Բանավեճի առարկան

Ղարաբաղյան հարցի կազմակերպման եւ լուծման համար առանցքային են հետեւյալ հարցերը.

-Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի պատերազմի, թե՞ խաղաղ բանակցությունների միջոցով.

– հնարավո՞ր է, արդյոք, հավերժորեն կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս-քվոն եւ Ղարաբաղի խնդրի չկարգավորված վիճակը.

– Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու է հարցի կարգավորված, թե՞ չկարգավորված վիճակը.

– հարցը պետք է լուծվի փոխզիջումով, թե՞ կողմերից մեկի պարտությամբ, եւ այդ դեպքում ո՞վ է լինելու պարտվող կողմը։ (գ. ԼՏՊ Ընտրանի էջ 627, 2006թ.)

Ինչքան լսել եմ բարեկամներիս խոսակցությունները, եւ փորձել հասկանալ այս ամբողջ գործընթացը, հանգել եմ այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղի հարցը հայկական իշխանությունները փորձում են լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա այս խնդիրը պահվում է բանակցական մակարդակում: Այսպես պահպանվում է Ղարաբաղի ստատուս-քվոն, որը սակայն երկար այսպես շարունակվել չի կարող: Հարցի չկարգավորված լինելը մեծ վտանգ կարող է առաջացնել խնդրի լուծման մեջ: Իսկ ինչ վերաբերում է փոխզիջմանը, ապա դա միշտ էլ եղել է այդ հակամարտության կարգավորման հայկական քաղաքականության կենտրոնում: Իհարկե փոխզիջումը իրենից չի ենթադրում հաղթանակ եւ պարտություն, քանի որ այս դեպքում երկու երկրներն էլ ունենում թե՛ կորուստ, թե՛ օգուտ: Հաղթող եւ պարտվող կողմեր ունենալու ձգտումը ի վերջո կարող է հանգեցնել խնդրի ոչ խաղաղ լուծմանը:

Որոշ թյուրիմացություններ

Այս բաժնում բերված են որոշ «թյուրիմացություններ», որոնք հնչեցված են այն ժամանակվա ընդդիմության կողմից, եւ որոնց անդրադարձել է ՀՀ առաջին նախագահը:

Առաջին թյուրիմացությունը հակառակորդի սխալ ընկալումն է, այսինքն, ասել է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը սուր կերպով է արձագանքում այս ամենին, ասելով, թե հակառակորդին պետք է տեսնել ոչ թե Ադրբեջանի տեսքով, այլ՝ միջազգային հանրության: Համաձայն եմ, այս ամենը շատ արդիական է նաեւ այօր: Ղարաբաղյան հիմնահարցը ընդգրկում է միջազգային մասշտաբներ, եւ եթե համոզվի միջազգային հանրությունը, կհամոզվի նաեւ Ադրբեջանը:

Երկրորդ թյուրիմացությունը ասում է, որ եթե Ղարաբաղը շահել է պատերազմը, ապա զիջման չպետք է գնա: Ինչպես վերը նշեցի հայկական քաղաքականությունը փորձում է խնդրին լուծում տալ փոխզիջման գնով: Պնդելը եւ մերը պահանջելը ուղղակի մեծ սխալ է եւ՛ այն ժամանակ, եւ՛ հիմա: Եթե շահել ենք ճակատամարտը, դա դեռ չի նշանակում, որ կարող ենք թելադրել մերը, այդպես մենք ավելի շատ կկորցնենք, քան թե կշահենք:

Հաջորդ թյուրիմացությունը այն է, թե Հայաստանի Նախագահը ծախում է Ղարաբաղը իր իշխանությունը պահելու համար: Սա առկա չէ եւ՛ այն ժամանակ, եւ՛ հիմա: Ղարաբաղի հարցը առաջնային է եւ կարեւոր: Ինձ չի թվում, որ հայկական իշխանությունները փորձում են այսպես ապահովել իրենց դիրքը իրենց պաշտոններում, անեն դա լավ կամ վատ, չնայած ընտրական քարոզարշավների ժամանակ, եւ ոչ միայն, ընդդիմությունը հայտարարում է Ղարաբաղի խնդրի լուծման իրենց ծրագրի մասին, որը սակայն կիրագործվի իշխանության գալուց հետո միայն, եւ այդ ծրագրերը, եթե իհարկե դրանք առկա են, մնում են կախված օդից:

Առասպելներ եւ հանելուկներ

Հայաստանն իբր ճնշումներ է բանեցնում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վրա:

Դժվար թե Հայաստանը ինչ-որ ճնշումներ բանեցնի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վրա: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Ղարաբաղն ուներ ինքնուրույնություն, ինքն էր կայացնում որոշումներ, ինչպես նշեցի, գործընթացի կարգավորման ակտիվ կողմ էր:Այժմ Ղարաբաղի անունից խոսում են Հայաստանի ներկայացուցիչները, պաշտպանում են Ղարաբաղի շահերը, եւ դա արվում է Ղարաբաղի իշխանությունների հետ համատեղ քննարկումներից հետո:

Եթե Հայաստանը խիստ կեցվածք ընդունի Թուրքիայի նկատմամբ, նրա առջեւ դնի Ցեղասպանության ճանաչման, Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու, հայկական հողերը վերադարձնելու հարցերը, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի զիջող կդառնան Ղարաբաղի հարցում։

Այսպիսի նկատառումներ չեն եղել հայկական քաղաքականության մեջ: Հայաստանը փորձ չի արել այսպիսի պայմաններով զիջող դարձնել Թուրքիային եւ Ադրբեջանին: Սա, թերեւս, այն ժամանակվա ժողովրդի մեջ արմատացած կարծրատիպ էր, որը սակայն չի կոտրվել մինչ օրս:

Եթե Հայաստանը ճիշտ օգտագործեր Սփյուռքի լոբբիստական կարողությունները, ապա սփյուռքահայ համայնքները թույլ չէին տա իրենց կառավարություններին ոտնահարել Լեռնային Ղարաբաղի իրավունքները։

Սփյուռքի լոբբիստական կարողությունները այնքան հնարավորություններ երբեք չեն ունեցել, որպեսզի մասշտաբային ազդեցություն ունենան քաղաքական խնդիրների լուծման գործում: Թե՛ ցեղասպանության, թե՛ Ղարաբաղի հարցում լոբբիստական կարողությունները միշտ էլ աջակցում են Հայաստանին, սակայն նրանք ամենակարող չեն: Ինչ վերաբերվում է նրանց ճիշտ կամ սխալ օգտագործմանը, ապա կարող եմ ասել, որ որոշ դեպքերում նրանց օգտագործում են ճիշտ նպատակներով, սակայն երբեմն էլ այդ կարողությունները իրենց նպատակին չեն ծառայում:

Ռուսաստանի ներկայիս կոսմոպոլիտ իշխանությունները չեն հասկանում իրենց երկրի ստրատեգիական շահերը (այս հարցում մեղավոր է նաեւ Հայաստանը, որը չի կարողանում դա նրանց բացատրել)։ Բայց շուտով Ռուսաստանում իշխանության կգան իսկական ազգայնական ուժեր, որոնք Հայաստանը դարձնելով Կովկասի Իսրայել, Ղարաբաղի հարցը մեր օգտին կլուծեն։

Պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը միշտ էլ ձգտել է հայկական տարածքներին, եւ արել է ամեն ինչ, որպեսզի իշխանություն ունենա այս տարածքի վրա: Ռուսաստանի իշխանությունը Հայաստանի վրա այդպես էլ չի փոխվել, Հայաստանը կախման մեջ է Ռուսաստանից: Այժմ Ռուսաստանում կան հնարամիտ քաղաքական գործիչներ, սակայն Հայաստանը այդպես էլ չի դառնում Կովկասի Իսրայել, իսկ Ղարաբաղի հարցը դեռ բանակցությունների գոտում է, եւ դժվար է դրա ելքը որոշելը:

Ադրբեջանը շատ ակտիվ գործելով միջազգային ատյաններում եւ զանգվածային լրատվամիջոցներում, փաստորեն շահել է քարոզչական պատերազմը (որը հաճախ շփոթվում է դիվանագիտական հաղթանակի հետ)։

Ադրբեջանը, կարելի է ասել, հաղթող է դուրս գալիս քարոզչական պատերազմում: Ադրբեջանի տնտեսական ռեսուրսները մեծ օգուտ են տալիս եւ ծառայում նպատակին: Բացի դրանից դիվանագիտական առումով նրանք շատ խելացի են եւ մտածված են գործում: Սակայն Ադրբեջանի այժմյան իշխանությունները այդքան էլ հեռանկարային քայլել չեն անում, եւ նրանց մոտ սխալվելու հաճախականությունները գնալով մեծանում են, ինչից պետք է օգտվեն Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները:

Դավադրությունը բացառվում է

Այստեղ բարձացվող թեման Լեւոն Տեր-Պետրոսյանի «դավադրությունն էր»: Իր հոդվածում առաջ քաշելով եւ հիշեցնելով իր ՀՀՇ 9-րդ համագումարի ելույթը՝ ես ցանկանում եմ կենտրոնանալ այս տողերի շուրջ. «Մի բանում ձեզ կարող եմ լիովին վստահեցնել. Հայաստանը երբեւէ չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որ ի տակ չի լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը: («Հայաստանի Հանրապետություն», 15 հուլիսի, 1997թ.)»:  (գ. ԼՏՊ Ընտրանի էջ 638, 2006թ.):

Ինչպես տեսանք, Ռոբերտ Քոչարյանից մինչ այսօր Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացներից, եւ, հետեւաբար, փաստաթղթերի տակ լինում են երկու ստորագրություններ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի: Սա քաղաքական սխալ մոտեցում է, եւ կոզր է հանդիսանում Ադրբեջանի եւ միջազգային հանրության ձեռքին: Թերեւս Ղարաբաղին բանակցային գոտի հետ բերմամբ, խնդրի ավելի կարգավորվածությամբ եւ նպատակաուղղված քայլերով մեր կողմի քաղաքականությունը կլինի ավելի կայուն եւ համոզիչ:

Աղբյուրը. «Լեւոն Տեր-Պետրոսյան. Ընտրանի, 2006 թ.»

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s