Հայ կուսակցությունները եւ հոսանքները XIX-XX դդ.

Նախաբան
XIX դարի երկրորդ կեսին սկսկեցին ձևավորվել և ընդարձակվել հասարակական հոսանքները և կուսակցությունները: Դրանք հիմնականում ձևավորվում էին Օսմանյան կայսրության տարածքում և Ռուսաստանում: Դրանցից ոմանց գաղափարները լայն տարածման էին արժանացել, և այս նյութում կխոսենք դրանց մասին:

Արևելահայ հասարակական հոսանքները

Կղերա-աղայական հոսանք

XIX դարի երկրորդ կեսից սկսած պատմության բեմահարթակում բախվում էին ցարիզմի հետ կապված կղերա-աղայական ռեակցիան և ժողովրդական շահերը պաշտպանող արևելահայ դեմոկրատիան, որը սկսում էր դիմադրել ցարիզմի սահմանած գաղութային ռեժիմին և պայքարել սոցիալական ու ագային-ազատագրական գծով՝ խնդիրների կենսագործման համար:
Միակողմանի կլիներ, սակայն, ի սկզբանե կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչներին դիտել իբրև միջնադարյան ֆեոդալական գաղափարախոսության ջատագովներ: Հայտնի է, որ հոսանքի ներկայացուցիչներ Ն. Աշտարակեցին և Խ. Լազարյանը ոչ միայն զգալի դեր խաղացին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու գործում, այլև դարձան Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի և Մոսկվայի Լազարյան ճեմարանի հիմնադիրներ, ռուսական կողմնորոշման ջատագովներ:
XIX դարի առաջին կեսին Պետերբուրգում և Մոսկվայում հայ եկեղեցում վեքիլների իրավունքները վերապահված էին Լազարյան տոհմի ներկայացուցիչներին:
Ուշագրավ է, որ 20-ական թվականներին Ռուսաստանի հայ եկեղեցու վիճակավորին հղած մի նամակում Հովհաննես և Խաչատուր Լազարյանները հայտնում էին, թե մտադիր են Մոսկվայից Պետերբուրգ փոխադրվել, «քանզի ի լինիլ մեր հուպ առ իշխանս՝ ևս դիւր եղիցի մեզ ծառայել տէրութեան և բարձրանալ յաստիճանէ յաստիճան, օգնական և հոգատար լինիլ ամենայն գործոց սիրելի հասարակութեան մերոյ եկեղեցւոյ սրբոյ, որոց ըստ շաւղաց ծնողաց մերոց նուիրեալ եմք զաւուրս մեր և կարողութիւն»: Նրանք իրագործեցին այդ մտադրությունը և դիրքեր գրավեցին ռուսական բյուրոկրատիայի բարձր շրջաններում:
Հիրավի, Լազարյանները միայն հարուստ կալվածատերեր ու գործարանատերեր չէին, այլև ցարական պետության խորհրդականներ: Բայց հակառակ իրենց խոստման, նրանք այդ դիրքը օգտագործում էին ոչ թե ազգի ու եկեղեցու անկախության օգտին, այլ սրանց դիմազրկման համար՝ այս մարզում հանդիպելով Ներսես Աշտարակեցու դիմադրությանը:
Վճռական էր մանավանդ նրանց դիմադրությունը հայերի ազգային-քաղաքական ինքնորոշման հարցերում: 1860-ական թվականների սկզբներին, անդրադառնալով Զեյթունի ապստամբությանը, Խաչատուր Լազարյանը հայերի ազգային-ազատագրական պայքարի գաղափարը դատապարտում էր:
Ազգային-մշակութային հարցերում Լազարյանները դիմադրում էին հայ գրականության աշխարհականացման ձգտումներին՝ ըստ ամենայնի մերժելով նոր դրական լեզվի քաղաքացիականացման և գրական մտքի աշխարհականացման պահանջը: Խաչատուր Լազարյանը կկամենար, որ «Մասյաց աղավնի» պարբերականը լույս ընծայվեր ոչ թե գրական լեզվով, այլ՝ գրաբար:
Անդրադառնալով՝ «Հյուսիսափայլի» ուղեգծին, Խաչատուր Լազարյանը գտնում էր, որ «ճշմարտապես օգտակար ամսագրի գլխավոր պարտականությունը և նպատակը պետք է լինի որչափ կարելի է շուտ ամրացնել հայ ժողովրդի մեջ խաղաղություն, համերաշխություն և բոլորին էլ տանել դեպի ընդհանուր բարի նպատակ: Բայց ոչ մի դեպքում չբաժանել, չտարածել թշնամանքի սերմեր և չգրգռել կրքեր ու արատներ, որոնք առանց այն էլ չափազանց շատ են տարածված անբարեհույս հայերի մեջ»: «Մարդկանց կրոնա-բարոյական կրթությունն է միայն,- գրում է նա մի այլ տեղ,- որ առանց խռովության, առանց մտքեր հուզելու և առանց ազատամտության, առանց նիհիլիզմի ձախորդ, մոլառ ու վնասակար գաղափարների սահմանում է բարոյականություն, խոնարհություն, աշխատանք և կարգապահություն»:  Խաչատուր Լազարյանի համար ընդունելի չէր նույնիսկ 1836թ.-ի ցարիզմի հայ եկեղեցուն պարտադրած «Պոլոժենիե»-ին կաթողիկոսի կողմից ցույց տրվող դիմադրությունը: Նա ցարական Ռուսաստանին հնազանդ լինելու կոչ էր անում Մատթեոս կաթողիկոսին, նախազգուշացնելով ընդդիմադրության վատթար հետևանքներին: Զարմանալի չէ, որ Խաչատուրը Լազարյան ճեմարանի աստվածաբան Մսեր մագիստրոսի գրքերի անվերապահ խրախուսողն ու մեկենասն էր:
1859-1862 թվականները Մոսկվայում Մսերյանի խմբագրությամբ լույս տեսած «Ճռաքաղ» երկշաբաթաթերթը արևելահայ կղերա-աղայական հրապարակախոսության օրգաններից մեկն էր: Հրաժավելով քաղաքացիական բանուկ տոմարից՝ «Ճռաքաղ»-ը ղեկավարվում էր հին հայկական տոմարով:
1861թ.-ին Մսերը և իր որդին՝ Զարմայր Մսերյանցը, որին ի դեպ վստահված էր նաև Մոսկվայի հայերեն հրատարակությունների գրաքննչի պաշտոն, «Ճռաքաղ»-ին կից լույս էին ընծայում «Համբավաբեր Ռուսիոյ» լրագիրը: Լրագրի պարզ հայերենը տարբերվում էր «Ճռաքաղ»-ի խրթին լեզվից:
Պետերբուրգի և Մոսկվայի ռեակցիան վերնախավին արձագանքում էր կովկասահայ բարձրադիր կղերի ու կալվածատերերի դասը, որին ձայնակցում էին ապրանքատերերն ու փողատերերը, Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի խոշոր կապալառուներն ու ռուսական զարգացող արդյունաբերության հետ կապված հայ առևտրականները, Կովկասի վարչական ու ռազմական օրգաններում ծառայող հայ բարձրադիր զինվորականներն ու պաշտոնատերերը:
Արևելահայ ազգային-քաղքական կյանքում այս հասարակախավերի մտայնության գործնական հիմնավորումը դրսևորվել է նրանց գաղափարախոսներից մեկի՝ Առաքել Արարատյանի մոտ: Իր մի գրվածքում նա արձանագրում էր, թե հայերը աճում են և բազմանում ամենուրեք, նրանք միաբան են ուսումնառության և շահութաբերության բոլոր գործերում և ամենուրեք պահպանում են ու խնամում իրենց լեզուն ու կրոնը:
Առ. Արարատյանի միտքը յուրովի լրացնում էր Սարգիս արքեպիսկոպոս Ջալայանցը, բանաձևելով այն հայացքը, թե իբր հայերը պատրաստ են հավատարմորեն ծառայել բոլոր թագավորներին և իշխաններին, եթե միայն վերջիններս չեն դիպչում նրանց կրոնին: Ուստի հասկանալի էր, թե ինչու Ջալալյանցի համախոհ Ալ. Թահիրովը, ռուս ոստիկանության ծառայող հայազգի չինովնիկներից մեկը, դատապարտում էր Ալեքսանդր II-ի դեմ Դ. Կարակոզովի կատարած մահափորձը:
Կովկասահայ այս գործիչներին համամիտ էր Ստեփանոս քահանա Մանդինյանը՝ «Մեղու Հայաստանի» լրագրի խմբագիրը: Գերբնական ուժ վերագրելով մարդկանց ուսմանը՝ նա դատապարտում էր այն ուսումնականներին, որոնք ըմբոստանում են աստծո կամ թագավորի դեմ:
Ակներև է, որ դրվատելով ցարիզմը, այս հոսանքին հարողները աչքի առաջ ունեին սոսկ կղերա-աղայական ընտրյալներին հատկացված արտոնություններն ու բարիքները, կամ իրենց զավակների ուսում ստանալու դյուրությունները: Նրանք շրջանցում էին այն իրողությունը, որ ուսումնական և գրագետ կոչված հայերը կազմում էին միայն աննշան քանակ:
1850-1860-ական թթ. Արևելահայ կղերա-աղայական հոսանքին առավել աչքի ընկած գործիչների ցանկը չի կարելի լրիվ համարել առանց Գաբրիել Այվազովսկու:
Վենետիկի սբ. Ղազարի վանքում ուսումն ավարտելուց և վարդապետական գավազան ստանալուց հետո, Այվազովսկին մի պահ վարում էր «Բազմավեպ» ամսագրի խմբագրությունը: Փոխադրվելով Փարիզ՝ 1848 թ.-ի հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին, Մուրադյան վարժարանում նա ստանձնեց վարիչի պաշտոն և ջանք չէր խնայում հեռու պահել սաներին այդ պահին Ֆրանսիայում տարածված ազատամտական ու սոցիալիստական մտքերից և միաժամանակ հայ կյանքում բոնապարտիստական Ֆրանսիայի քաղաքականության ձայնատար դարձնել նրանց: 1850-ական թվականներին Այվազովսկին մասնակցում է Հայկազյան վարժարանի հիմնադրմանը և միաժամանակ ձեռնարկում արևմտահայ ամիրաների սոցիալական պատվերները կատարող «Մասյան աղավնի» պարբերաթերթի հրատարակմանը: Սակայն շուտով վրա է հասնում նրան հովանավորողների մայրաուտը, և Այվազովսկին հարկադրված էր իր գրական-հրապարակոխասական գործունեության համար որոնել նոր հանգրվան: Լազարյանների և Փարիզի ռուսական դեսպանության օժանդակությամբ 1858թ.-ին նա փոխադրվում է Ռուսաստան, ուր, ապավինած ռուսահայ մեծատունների ձեռնտվությանը, հիմք է դնում Խալիբյան վարժարանին և վերանորոգում «Մասյաց աղավնի» թերթի հրատարակությունը. Բոնապարտիստական ձայնատարի փոխարեն թերթը դառնում է ցարիզմի փոխհարը: Ցարական կառավարությունը, շրջանցելով Էջմիածնի իրավասությունը, Այվազովսկուն է հանձնում Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի թեմի հայ եկեղեցական վարչությունը, նրան գործիք դարձնելով արևելահայերի և արևմտահայերի նկատմամբ վարած իր քաղաքականությանը:
Այվազովսկին ներքին գործոց մինիստրին հասցեագրած իր ամբաստանագրում կանգ չէր առնում անգամ քաղաքական դքսությունների առաջ՝ անխնա նշավակելով լիբերալ և, մանավանդ, դեմոկրատական հոսանքների հայ գործիչներին:
Հետռեֆորմյան տասնամյակներին զարգացող կապիտալիզմի հարվածների տակ Ռուսաստանի և Անդրկովկասի կղերա-աղայական միտքը թևակոխեց իր կազմալուծման շրջանը: Հետագայում կղերա-աղայական դասի փոքրիշատե կենսունակ տարրերին մնում էր միայն համակերպվել հասարակական-տնտեսական կյանքում կապիտալիստական հեղաբեկմանը և իրենց գոյատևման համար դիրքեր գրավել արևելահայ բուրժուազիայի շարքերում: Հին կղերա-աղայական և նոր բուժուական ուժերի վերադիրքավորումը նպատակ էր դնում հեղափոխական թափ ստացող դեմոկրատական ուժերին միացած շարքերով դիմադրելու:

Ազգային-պահպանողական հոսանք

Այս հոսանքի դեմ իր պայքարը դյուրացնելու մտայնությամբ լիբերալ հրապարակախոսությունը նրան համառորեն ներկայացնում էր «կղերա-պահպանողականության» պիտակով: Պարզունակացնելով հակառակ հոսանքների դեմ իրենց հայացքների պաշտպանության գործը, լիբերալները գիտակցաբար անտեսում էին ազգային-պահպանողականների դիրքավորման ինքնուրույնությունն ու առանձնահատկությունները:
Եթե կղերա-աղայական ռեակցիան ազգի գոյության միակ հենարանն էր համարում հայադավան եկեղեցին, ապա ազգային-պահպանողականների համար գերագույն հեղինակությունը ոչ թե հայադավան եկեղեցին էր, այլ նրան իր գոյության պատվարներից մեկը դարձնող ազգը: Չնույնացնելով ազգի հետ, եկեղեցին հանդես էր գալիս նրանց մոտ որպես ազգը միազոդող, այն պահող գործոններից մեկը, բայց ոչ միակը: Եթե, օրինակ՝, կղերա-աղայական հոսանքի գաղափարախոս Առաքել Արարատյանը գրում էր, թե գրաբար լեզուն ու կրոնն են ազգության սյուները, ազգային-պահպանողական գաղափարախոս Մարկոս Աղաբեկյանը եկեղեցուց զատ ազգության բարոյական շաղկապ էր համարում ոչ թե գրաբարը, այլ ազգային կենդանի լեզուն: Ընդսմին ազգային լեզուն և գրականությունը, ազգային պատմությունը, ավանդություններն ու բարքերը և, վերջապես, մանուկների ազգային ուսումնառությունն ու դաստիարակությունը. սրանք էին նրա համար այն գործոնները, որոնք եկեղեցու, նրա դավանության հետ մեկտեղ երաշխիք էին նկատվում ազգի կենդանությանը:
Արևելահայ ազգային-պահպանողականները իրենց սոցիալ-տնտեսական շահախնդրություններով դրսևորում էին այն անբավականությունը, որ սրվում էր կովկասահայ առևտրական բուրժուազիայի միջավայրում Ռուսաստանի արդյունաբերական ապրանքների կովկասյան ներմուծումը հովանավորող ցարիզմի մաքսային քաղաքականությունից: 1846 թ.-ից ի վեր շեշտակիորեն կրճատվեց արևմտաեվրոպական ապրանքների ներմուծումը, հարվածի տակ դնելով արտասահմանյան շուկաների հետ կապված և կովկասյան տրանզիտով շահագրգռված հայ առևտրականների շահերը:
Միայն ցարիզմի տնտեսական քաղաքականությունը չէ, որ քննադատում էին ազգային-պահպանողականները, նրանք մերկացնում էին նաև Անդրկովկասում սահմանված գաղութատիրական ռեժիմը:
Իր հիշողություններում Ղ. Աղայանը Ախվերդյանին բնութագրում է որպես լուսամիտ մի անձնավորություն:
Առաջ քաշելով «ազատ դպրոցի» հայացքները, Շանշյանը դրանց հակադրում էր «սոցիալական» դպրոցին, որի սկզբունքն ընդունելի չէր համարում օրինավոր կառավաության համար: Նա գտնում էր, որ վերանորոգություն ամեն բանի մեջ պետք է լինի «խաղաղ և օրինավոր ճանապարհով»:
Շանշյանին նացիոնալ-սեպարատիզմը «խաղաղասիրական» էր իր բնույթով: Հյերին նա չէր ըմբոստացնում ցարիզմի դեմ, գտնելով որ «հայերը, դժբախտաբար, անընդունակ են ապստամբելու»: Մնալով «բարի քրիստոնյա» Շանշյանը հրահանգում էր. «Չքավորութենե ելնելու համար անիրավ միջոցներու չդիմել և միշտ նախապատիվ համարել աղքատությունն անիրավութենեն»: Նա հանգում էր նույնիսկ այն մտքին, թե ամեն մի փոփոխություն ի չարեն է և վերջ ի վերջո կարող է տանել ազգը դեպի կործանում: Նման մտավախությունով բռնված, նա դիմադրում  է նույնիսկ ազգի լուսավորության գործը կղերից ժողովրդին փոխանցելու լիբերալ լուսավորիչների պահանջին:
1860-1863թթ. Ազգային-պահպանողական օրգան էր «Կռունկը»-ը, որը ապահովության կռվաններ էր որոնում Կովկասի և Մերձավոր Արևելքի շուկաներում, վերապահելով հայ առևտրականներին այս երկրների տնտեսական կապերը հաստատողի դերը:
Ամսագրի խմբագիր Մ. Աղաբեկյանը առաջ էր քաշում այն միտքը, թե հայ առևտրականները պետք է գործ դնեն իրենց դրամագլուխը ոչ թե Ռուսաստանում, այլ Կովկասում և Հայաստանում: «Օտար մարդիկ,-գրում էր նա,-գալիս են հեռու երկրներից և տիրանում են մեր բնության բերքրեին, սակավ առ սակավ դառնում են տանուտեր մեր տան մեջ, հեռացնելով յուրյանցից մեզ՝ իսկական տանուտերերիս, իսկ մենք կարծես թե շնորհակալության ժպիտով նայում ենք նոցա, գոհ ենք նոցանից, երևի էնդուր համար, որ մերը խլում են մեզանից…»:
Զեյթունի ապստամբության օգտին հանգանականություն անելու նպատակով Կովկասում կազմակերպվեց հատուկ կոմիտե, որի նախաձեռնողների և աջակցողների շարքում հանդիպում ենք ազգային-պահպանողական գործիչներ Մ. Աղաբեկյանին, Հ. Էնֆիաջանին և Պ. Սիմեոնյանին: 1863թ.-ին իր ձեռքն առնելով «Մեղու Հայաստանի» թերթի խմբագրման գործը, Սիմեոնյանը փոխեց նրա ուղղությունը և ընդարձակ տեղեկանքներ տպագրեց Լեհաստանի ապստամբության և Զեյթունի հերոսական ինքնապաշտպանության մասին:
Պ. Սիմեոնյանի գաղափարակցությունը Պ. Շանշյանի հոսանքին, պատահական չէր: Սրանք երկուսով սովորել էին Դորպատի համալսարանում և հեռացվել համալսարանից հակակառավարական ուղղության համար: Սրանց գաղափարամերձ էր նաև դորպատյան համալսարանի մի այլ ուսանող՝ Գ. Խատիսյանը:
Աշխարհով մեկ սփռված ազգակիցների ապաբախտության պատճառով Շահնազարյանը համարում էր հայ «իշխաններին», որոնք իրենց հպատակներին ժառանգություն թողեցին միայն «տգիտություն, ստրկություն, արտասուք և նախատինք»: Նա եկեղեցու բռնավորներին համարում էր «չարագոյն քան զօտարազգիս»:
Ազգային-պահպանողական մյուս գործիչնների պես Շահնազարյանը ևս քննադատում էր ցարիզմի գաղութային քաղաքականությունը:
Իր հայացքներով Կ. Շահնազարյանը մոտ էր կանգնած Գաբրիել Պատկանյանը:
1830-1840-ական թթ. Պատկանյանը հանդես եկավ Նոր Նախիջևանում որպես ցարիզմին հենարան ծառայող կղերա-աղայական տարրերի քննադատ: 1850-ական թթ. Սկզբներին նա քահանայազրկվեց, ենթարկվեց կալանքի ու աքսորի:
1863-1864թթ. Իրավունք ստանալով Վյատկայից փոխադրվել Պետերբուրգ, Գ. Պատկանյանը հանդիսանում էր իր որդու՝ բանաստեղծ Ռ. Պատկանյանի ջանքերով լույս տեսնող «Հյուսիս» շաբաթաթերթի գրեթե միակ հրապարակախոսը: Ծառանալով կղերա-աղայական հոսանքի քարոզած «ուր հաց, անդ կաց» աշխարհաքաղաքացիական սկզբունքի դեմ, նա օտարության մեջ դեգերող հայ առևտրականներին հորդորում էր հայրենիք վերադառնալ և իրենց բարեկեցության հիմք դարձնել հայրենի հողը:
Հայրենադարձության և ազգային համախմբման հեռանկարների հետ Պատկանյանը միավորում էր նոր խնդիրներ: Հողագործ հայերը չեն ազատագրվի աղքատության ճիրաններից, եթե անփոփոխ մնա հողագործության պապենական եղանակը: Առանց հողամշակման նոր եղանակների, ազգը չի կարող հաղթահարել բնաջնջման վտանգը: Եթե հայերը կամենում են միանալ եվրոպական մրցությանը, պիտի յուրացնեն մեքենագործության արհեստը: Արհեստագործության մեջ եվրոպացիները հետևում են աշխատանքի բաժանման սկզբունքին, մինչ դեռ հայերը շարունակում են կառչել արտադրության մենագործ եղանակից: Իր ընթացքը պետք է փոխի նաև վաճառականությունը: Առանց հաշվապահության կամ վաճառագիտություն «ապրանքագիտություն» չկա: Հայ վաճառականները առանց դրա չեն կարող ծավալել իրենց առևտուրը, «Եվրոպայի միլիոններին բաժանորդ լինել» և դատապարտված պիտի լինեն միայն սպասավորել եվրոպական վաճառականներին: Պատկանյանը մատնանում է վաճառականական ընկերություններ և վաճառատներ կազմակերպելու անհրաժեշտությունը. Առանց դրանց նրանք չեն դիմանա «եվրոպացոց մեծ մեքենաշինությանը»:
Գ. Պատկանյանը հաճախ էր ոգեշնչվում ազգային անցյալի հերոսական դրվագներով: Նա 1860-ական թթ.-երին ժամանակակից երիտասարդության մասին իր մի անտիպ հոդվածում գրում էր. «Ո՞ր թմրյալ հոգին չպիտի հասկանա, թե արդի պատանիք պատրաստ են այսօր յուրանց օրն և արևն ողջակեզ բերել ի սուրբ սեղան ազգին և յուրյանց արյան հետին շիթն կաթեցուցանել իբրև կայլակ մի ձիթո ի կանթեղ հայրենասիրության՝ հօգուտ տառապյալ ազգին…»:
Վաթսունական թվականների կեսերին, Ռուսաստանում արդեն գլուխ բարձրացրած ռեակցիայի պայմաններում, Պատկանյանը փոխում է իր դիրքորոշումը: Նա երես է դարձնում արևմտահայ ազատագրական շարժումից և, Շահնազարյանի օրինակով, փրկության հույսեր կապում արևմտաեվրոպական պտությունների դիվանագիտական խաղերի հետ:
Հիրավի, ազգային-պահպանողականների մոտ ժողովուրդը որպես կույր տարրերք իր կնիքն է դնում նույնիսկ պատմության ղեկավար գործիչների վրա, նրանց հայեցակետով պատմական գործիչները անզոր են, եթե արմատներ չունեն ժողովրդի անցյալի մեջ: Եվ այս չէ՞ միթե պատճառը, որ չնայած «ազգի» և «ժողովրդի» մասին իրենց արած հաճախակի գուշակումներին, նրանց երկերը քիչ բան են տալիս ժողովրդի կարիքներն ու նպատակամղումները հասկանալու և նրա կյանքի օրինաչափությունները ըմբռնելու համար: Ֆատալիստորեն ապավինելով անցյալի պատմական տարրերքին, ազգային-պահպանողականները ստվերի տակ էին թողնում ոչ միայն անհայտ գործիչների ստեղծարար նախաձեռնությունը, այլև պատմությանն ընթացք տվող ժողովրդական զանգվածների ներգործոն դերը՝ ազգի փրկությունը սպասելով դրսից կամ վերուստ տրվելիք բարենորոգումներից:

Լիբերալ-բուրժուական հոսանք

Լիբերալ-բուրժուական հոսանքը արձագանքում էր բուրժուական այն հասարակախավերին, որոնց բարեկեցությունը կախված էր արդյունաբերական կապիտալի հետ կապված ռուսահայ գաղթավայրերից, որոնք XIX դարի 50-60-ական թվականներին դարձան հենց այդ հոսանքի գործունեության հանգրվանները: Այդտեղից էին ստանում նրանք և՛ նյութական աջակցություն, և՛ գաղափարական զորեղ մղումներ: Մանր արտադրության վրա հիմնված առևտրա-վաշխառուական հին կենցաղը տեղի էր տալիս նոր, բուրժուական հարաբերություններին: Սկսվում է երիտասարդության ուժեղ հոսք դեպի Ռուսաստանի կրթական օջախները, մեծանում են ազգային գրականության ու դպրոցի, տպագրության ու մամուլի պահանջները: Անհրաժեշտություն էր դառնում գրական նոր լեզվի մշակումը: Երիտասարդության մեջ հասունանում էր բուրժուական-դեմոկրատական լուսավորչությանը բնորոշ ձգտումը դեպի հասարակական կենսաձևերի եվրոպականացումը: Գիտությունը և բանականությունը հակադրվում են եկեղեցու դավանաբանական նեղմտությանը: Համաժողովրդական շահեր արտահայտող «նոր ուսումնականների» ազգային գիտակցությունը հակադրվում է կղերա-ազգայնական արտոնվածների հայացքներին, նպաստում լուսավորության գործի ժողովրդականացմանը, ազգի բախտը կապելով ոչ միայն ունևորների մեկենասության, այլև լուսամիտ դաստիարակողների ստեղծագործ մտքի հետ:
Արևելահայ լիբեր-բուրժուական հոսանքի պարագլուխ Ստ. Նազարյանի ազգային-լուսավորական հայացքները կազմավորվեցին XIX դարի 30-40-ական թթ.-ին Ռուսաստանում իշխող ֆեոդալա-ճորտատիրական սիստեմի տիրապետության պայմաններում: 1843թ.-ին, երբ կաթողիկոս ընտրվեց Ներսես Աշտարակեցին, Նազարյանը վստահ էր, թե նոր կաթողիկոսը և Լազարյաններն իրենց ձեռքը կառնեն ազգի ղեկը, նրան կառաջնորդեն դեպի եվրոպական լուսավորությունը:
Նիկոլայ Առաջինի բռնատիրությունը հուսախաբության մատնեց Նազարյանին: Աբովյանին և Աշտարակեցուն գրած նամակներում նա ոչ միայն մերկացնում էր մեծատունների ստրկահաճությունը, այլև նրաց հովանավորող ցարական բյուրոկրատիայի քաղաքականությունը: Զգալով ազգի վտանգը, այս ժամանակաշրջանում Նազարյանը ազգի կենսունակության և հարատևոթյան երաշխիք էր համարում ոչ միայն նրա լեզուն ու կրոնը, այլև «քաղաքական անոթը»:
Չպետք է այնուամենայնիվ եզրակացնել, թե իրենց անկախությունը զենքի ուժով պաշտպանող ազգերի մասին մեծ ակնածանքով խոսող նազարյանը իր ժողովրդի ինքնապահության և զարգացման երաշխիքը ևս որոնում էր զինված ապստամբության մեջ:
Տակավին քառասունական թվականներին Նազարյանը ձգտում էր իրավունք ստանալ արևելահայ աշխարհաբարով հայ պարբերական հրատարակելու Կազանում, ու նա ստանձնել էր համալսարանաի արևելյան լեզուների ամբիոնը:
Հայերեն պարբերականի հրատարակումը իրագործվեց միայն Ղրիմի պատերազմից հետո՝ Ռուսատանում սկսված հեղափոխական իրադրության տարիներին: 1858թ.-ին մոսկվայում Նազարյանի խմբագրությամբ սկսեց լույս տեսնել «Հյուսիսափայլ» ամսագիրը:
«Հյուսիսփայլ»-ը որպես եվրոպական գիտության և ռուսական քաղաքակրթության դրոշակակիր ձգտում էր իր ձայնը Մոսկվայից հասցնել Կովկասի հեռավոր անկյուններն ու Ասիայի խորքերը: Նրա նպատակն էր ծառայել ազգի բազմությանը, ժողովրդի կրթությանը, և լինել ազգի ինքնապահպանության զենք՝ «արտաքին սպառնալիքի» դեմ:
«Հյուսիսափայլ»-ը հակադրվում էր հայ կյանքում տիրող կղերական մտքի գերիշխանությանը և դառնում ազգային-լուսավորության բերան: Ազգային ռեակցիային դիմադրելու համար ռուսահայ լիբերալ-բուրժուական հայացքներ պաշտպանող Նազարյանը հանդես եկավ բուրժուա-դեմոկրատական հոսանքի միասնական ճակատում: Առավել հատկանշական է, սակայն, որ ամսագրի հենց սկզբնավորման պահից Նազարյանը զինակցեց հայ դեմոկրատիայի առավել աչքի ընկնող հրապարակախոսի՝ Միքայել նալբանդյանի հետ, որը և դարձավ նոր պարբերականի գլխավոր աշխատակիցը:
Ի տարբերություն Նալբանդյանի, որը հենվում էր ողջ հայ դեմոկրատական հասարակախավերի վրա և արտահայտում նրանց գաղափարախոսությունը, Նազարյանի հրապարակախոսությունը զարգացման «եվրոպական քաղաքակրթության» ուղի բռնած արևելահայ լիբերալ բուրուազիայի գաղափարախոսությունն էր:
Նազարյանի կարծիքով արդյունաբերող վաճառականությունը պիտի լիներ ազգային կյանքը շարժող և ազգի բարեկեցությունը պահպանող զսպանակը: Նա էր դարձյալ, որ պիտի չեզոքացներ կղերի միապետությունը, մշակեր «ամբոխի» կորդացած միտքը և ապահովեր ժողովրդի բարօրությունը: Ամեն ինչ պետք է սկսել առևտրի ու վաճառականության կարգավորումից, սրանց «եվրոպականացումից»:
1860-ական թթ.-ին «Հյուսիսափայլ»-ում տպագրելով «Ժողով վաճառականների ի Մոսկվա» վերտառությամբ մի նախագիծ, Նազարյանը բարձրացնում էր հայ և ռուս բուրժուազիայի տնտեսական փոխհարաբերությունների հարցը: Նա խորհուրդ էր տալիս հրաժարվել տեղական մանր արտադրության և արտասահմանյան կապիտալի հետ զոդված գործառնությունից և վաճառականական ընկերությունների միջոցով կապվել ռուսական արդյունաբերության հետ: Միայն այդ միջոցով է հնարավոր ընդարձակել ազգայի առևտրի ծավալը և հետզհետե անցում կատարել դեպի գործռանային ու ֆաբրիկային արդյունաբերությունը:Ոչ միայն հայերի առևտուրը, այլ նրանց գյուղատնտեսությունն իսկ չունի զարգացման այլ հեռանկար,  քան կապիտալիզմի ուղին:
Ղրիմի պատերազմում ցարիզմի կրած պարտությունը ցույց տվեց, որ իշխող ճորտատիրական կարգերը պատճառ են դառնում Ռուսաստանի հետամնացությանը և արգելք նրա առաջընթացին:
Ի՞նչ ուղիներով պիտի գնա երկրի հետագա զարգացումը՝ ռեֆորմի՞, թե՞ հեղափոխության: Այս երկընտրանքի առաջ էր կանգնած Ռուսաստանն այդ պահին, և երկրի երկփեղկված հասարակական միտքը հածում էր հիմնական այդ հարցի շուրջը:
Չնայած երկրում օրավուր աճում էին ճորտերի տարրերային հուզումները, բայց հեղափոխություն, այնուամենայնիվ, չկատարվեց. Վճռական այդ պահին ռուս ճորտերը գիտակից ու կազմակերպված հեղափոխական դասակարգ չէին կազմում:
Հասկանալի է, որ այդ պայմաններում դեպքրեի ընթացքը թեքվում էր բուրժուա-կալվածատիրական դասակարգերին ձեռնտու ռեֆորմների կողմը և, հաշվի առնելով իր համար նպաստավոր ուժերի այդ դասավորությունը, ռեֆորմներից անմիջապես հետո ցարիզմը հակագրոհի անցավ ապստամբություն սպառնացող գյուղացիության դեմ:
XIX դարի վաթսունական թվականների սկզբին կղերա-աղայական հոսանքին դիմադրող մինչ այդ միասնական բուրժուա-դեմոկրատական ճակատը իր ազդեցությունը գործեց նաև հայ կյանքում: Գյուղացիական հեղափոխության դեմ հակագրոհի էին անցնում հայ կղերա-աղայական հոսանքը և ազգային-բուրժուական մտքի պահպանողական ու լիբերալ տարատեսակությունները:
Երբ ցարիզմը հարձակման անցավ Ռուսաստանում բռնկվող գյուղացիական ապստամբությունների դեմ և ռուս լիբերալները խոհեմության կոչեր էին մղում գյուղացիական հեղափոխությունը հրահրող Ռուսաստանի ազատամիտ ուսանող երիտասարդությանը, արևելահայ լիբերալների պարագլուխ Ս. Նազարյանը ևս փորձում էր սաստել հեղափոխական տրամադրություններով համակված հայ երիտասարդներին: «Հայը Ռուսաստանում վայելում է քաղաքացու իրավունք,-հիշեցնում էր նա,- ոչինչ բռնություն չի հասնում նորա ընտանիքի և ոչ նորա վաստակին, ամենը նա կարող է վայելելօրենքի պաշտպանության տակ, ցուցանելով միայն յուր պարտքն իբրև քաղաքացի մի տերության, որ նյութապես և բարոյապես սնուցանում է նորան և տակիս է ամեն մի հային նույնքան իրավունք, որքան յուր ազգին, ամենևին անխտիր իբրև միևնույն թագավորության որդիները»:
«Հյուսիսափայլ»-ը իր հրատարակության վերջին տարում՝ 1864թ.-ի ասպարեզ իջավ դարձյալ «խաղաղության շյուղը ձեռքին»: Նազարյանը նորից մոտեցավ երբեմնի հակառակորդներին՝ «անկեղծ ու աննենգ եղբայրությամբ»:
Հայ լիբերալիզմի կապը այդ ժամանակաշրջանում թույլ էր Անդրկովկասյան հայության հետ: Անդրկովկասում, իսկ, ուր հազիվ միայն իր առաջին քայլերն էր անում կապիտալիզմը, հայ բուրժուազիան ամուր հենարան չուներ արևելահայ լիբերալիզմի ազգային-քաղաքական դիրքավորման համար: Սակայն այդ մի պահ էր, երբ արևելահայ բուժուազիան նշմարում էր իր նկատմամբ ցարական քաղաքականության հովանավորությունը:

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ

1859-1861 թվականների համառուսական հեղափոխական իրադրության տարիներին հայ հեղափոխական դեմոկրատները Միքայել Նալբանդյանի գլխավորությամբ կազմում էին ռուսական հեղափոխական դեմոկրատիային ընդառաջող  հեղափոխական ջոկատներից մեկը, որին խոշոր դեր էր վերապահված հայ հասարակական-քաղաքական մտքի հետագա զարգացման մեջ:
Մ.Նալբանդյանը «հասարակ ժողովրդի» մեջ տեսավ ազգի հենարանն ու վերակենդանության լծակը:
Ֆեոդալա-կալվածատիրական բռնության դեմ Խ.Աբովյանի պարզած հայ դեմոկրատական ազգայնության դրոշը Մ.Նալբանդյանի և իր հետևորդների համար դարձավ ցարական գաղութատիրության և սուլթանական բռնատիրության դեմ ուղղված ազգային-ազատագրական շարժման զինանշան: Հայ դեմոկրատիայի ազգային-ազատագրական ջանքերը նրանք գաղափարապես և կազմակերպչորեն կողմնորոշում էին դեպի Ռուսաստանում բռնկող գյուղացիական հեղապոխությունը, Արևմուտքում արծարծված ազգային և սոցիալական շարժումները:
Մ.Նալբանդյանը ծնվել է 1829 թ. հոկտեմբերի 26-ին (ն.տ. նոյեմբերի 7-ին) Նոր Նախիջևան (ներկայիս Դոնի Ռոստովի Պրոլետարական շրջան) քաղաքում՝ արհեստավոր-դարբնի ընտանիքում: Մի քանի ամիս խալֆայական դպրոց հաճախելուց հետո, մանուկ Մուխալին տալիս են Գաբրիել Պատկանյանի մասնավոր վարժարանը: Ուշիմ ու շնորհալի պատանու մեջ Պատկանյանը սեր է արթնացնում դեպի գրաբարը, հայոց մատենագրությունն ու պատմությունը և միաժամանակ նրան վարժեցնում ռուսերենի մեջ ոչ միայն որպես պետական լեզու, այլև ռուս հեղինակների «բանաստեղծական գեղեցիկ մտաց» յուրացման միջոց:
Նալբանդյանի աշակերտության տարիներին ազգային-պահպանողական Պատկանյանը պայքարի մեջ էր Ն. Նախիջևանի քաղաքային և հայ եկեղեցական վարչությունների մեջ բուն դրած աղայական և կղերական վերնախավի հետ:
Պատահական չէ, որ իր դպրոցական տարիներին, նրան աշակերտած պատանի Նալբանդյանը մի ոտանավորում մերկացնում էր ազգային ֆամուսովների ու տարտյուֆների մռայլ դիմագծերը: Պատկանյան-ուսուցչի հետ մեկտեղ պատանի Նալբանդյանին ևս բաժին հասավ Խալիբին հովանավորողների՝ Ներսես Աշտարակեցու և փոխարքա Վորոնցովի հալածանքից: 1845 թ. կաթողիկոսը ստիպեց ուսուցչին Նոր Նախիջևանից տեղափոխվել Թիֆլիս, իսկ տիրացու Մուխալին առաջարկեց հաճախել Մկրտիչ Եկենյանի ընծայարանը: Համոզված, որ սովորելու ոչինչ չունի նոր ուսուցչից, Մուխալը հրաժարվեց նրա դասերից, իր դեմ բորբոքելով կաթողիկոսի սուր զայրութը: Հալածանքը Մ.Նալբանդյանի դեմ էլ ավելի բորբոքվեց, երբ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի վիճակավորը դպրի կոչում տվեց Պատկանյանի սանին, առաջնորդարանի գրագրի և հետո նույնիսկ թեմական քարտուղարի պաշտոն հանձնելով նրան:
1853 թ. Նալբանդյանը հայոց լեզվի պաշտոն է ստանձնում Մոսկվայի Լազարյան ճեմարանի դասարանական բաժանմունքում: Բայց հակառակորդները այստեղ ևս հանգիստ չեն տալիս նրան:
1854-1855 ուսումնական տարվանից մինչև 1858 թվականի վերջը ուսանող Նալբանդյանի համար լարված մտավոր աշխատանքի ժամանակաշրջան էր: Այդ ժամանակ Նալբանդյանի հայացքների կազմավորման վրա ազդում էին ոչ միայն համալսարանի ամբիոններից հնչող գաղափարները, այլև Ղրիմի պատերազմից հետո երիտասարդությանը համակած մտավոր-քաղաքական խմորումները, թշնամանք սնելով նրանց մեջ դեպի ցարիզմն ու ճորտատիրական կարգերը, բյուրոկրատական քաշքշուկները, մտքի ու մամուլի վրա ծանրացած ոստիկանական բռունցքը:
Մոսկվայի համալսարանում ուսանելիս և ապա 1859-1860 ուսումնական տարում թեկնածուական քննություն հանձնելու համար Պետերբուրգի համալսարանի հետ ունեցած շփումների ժամանակ Նալբանդյանը հնարավորություն ունեցավ հիմնավորապես ծանոթանալու ռուս դեմոկրատական մտավորականությանը համակած հեղափոխական հայացքներին, հափշտակությամբ հետևելու Չերնիշեվսկու և Դոբրոլյուբովի մերձավոր աշխատակցությամբ  լույս տեսնող «Современник»-ին և հետաքրքրությամբ որոնելու Գերցենի և Օգարյովի՝ Լոնդոնում հրատարակվող «Полярная звезда» և «Колокол» պարբերականների համարները: Ուսանող երիտասարդները ձեռքից ձեռք էին տալիս Գերցենի հոդվածները: Մ.Նալբանդյանը ուսումնասիրում էր Բելինսկու և Գերցենի, Չերնիշևսկու, Դոբրոլյուբովի և եվրոպական ուտոպիստ սոցիալիստների երկերը: Նրա այդ տարիների գրվածքներում արդեն զգացվում է մատերիալիստական և հեղափոխական-դեմոկրատական հայացքների ազդեցությունը:
Նալբանդյանի հայացքներով համակված էին հայ ուսանողական այն շրջանները, որոնք համոզված էին, թե հայ ժողովրդի լուսավորական ջանքերը և ազգային-քաղաքական ինքնորոշման ձգտումները չունեն ավելի վստահելի հենարան և ուղեցույց, քան ցարիզմին հակադրված դեմոկրատական Ռուսաստանն ու նրա առաջավոր միտքը:
Ուսանող Նալբանդյանին համակած մտքերի ու հույզերի մասին ցայտուն պատկերացում են տալիս տակավին 1854-55 թվականներին գրված նրա «Յաղագս հայկական դպրութեան ճառ» վերնագրով խորհրդածությունները: Գրաբարով գրված այդ էջերն, ըստ էության, նվիրված են աշխարհաբարի պաշտպանությանը և լուսաբանում են հայ նոր գրականության հանգուցային խնդիրները: Ակներև է Բելինսկու գրական-քննադատական հայացքների ազդեցությունը հեղինակի վրա և նրա տրամադրությունը հայ հին գրականության վաստակների վրա հանգչող կղերամիտ հայկաբանների դեմ: Նալբանդյանը հետախուզում է հայ գրականության անցյալը, նրա արդի տկարության պատճառներն ու զարգացման գալիք ուղիները որոշելու համար: Ելնելով արդիական պահանջներից, նա քննադատում էր հին հայ մատենագրության մեջ իշխող կղերա-ֆեոդալական մտայնությունն ու արդի գրաբարյանների ժամանակավրեպ հայացքները: Հայ նոր գրական լեզվով ստեղծվելիք գրականությունը, ասում է նա, պետք է ճանապարհ հարթի դեպի ազգի մտավոր զարթոնքն ու քաղաքական վերածնությունը:
Ռուս առաջավոր մտքի ներշնչումներից զատ՝ Նալբանդյանը ընդառաջում էր առաջադիմության այն հայացքներին, որոնք նրանից առաջ հայ կյանքի ու գրականության մասին մշակել և ձևակերպել էին Խ.Աբովյանը և Ս.Նազարյանը:
Ս.Նազարյանի և Մ.Նալբանդյանի լուսավորական ջանքերի համար կարևոր ասպարեզ բացվեց, երբ նրանք ձեռնարկեցին «Հյուսիսափայլ» ամսագրի հրատարակմանը:
Սակայն ի տարբերություն «Հյուսիսափայլ»-ում իշխող լիբերալ-բուրժուական գաղափարախոսության՝ Մ.Նալբանդյանը ազգային-քաղաքական ակտիվ տրամադրություն էր ներշնչում ամսագրի ընթերցողներին և ավելի շեշտակի դարձնում նրա հրապարակախոսության դեմոկրատական նպատակասլացությունը:
Հայ ժողովրդի հետամնացության գլխավոր պատճառը ևս համարում էր նրա անդաստիարականությունն ու անկրթությունը և դրանից առաջացած «անմիաբանությունը»: «Այնտեղ,- ասում է նա,- ուր չկա կրթություն և դաստիականություն, չէ կարող լինել և ընկերական կյանք. իսկ ուր չկա ընկերական կյանք, այնտեղ թագավորում են միմյանցից բաժանող և հեռացնող եսական սկզբունք…»:
Չնայած ազգային լուսավորության խնդիրը Ս.Նազարյանի և Մ.Նալբանդյանի գաղափարական համագործակցության հիմքն էր, այնուամենայնիվ, այս հարցում ևս սկզբից ևեթ աչքի է ընկնում նրանց տարախոհությունը: Ս.Նազարյանը պաշտպանում էր հայերի գիմնազիական ու բարձրագույն ուսման և «ազգային ուսումնական դպրոցի» պահանջը կամ շեշտում մասնագիտական՝ վաճառականական և արհեստագիտական դպրոցներ հիմնելու կարևորությունը, առաջ էր քաշում «տերության համար հայ ուսումնական չինովնիկներ» կամ «մտահայաց ժողովրդակարգերի» համար լուսավոր կադրեր և եկեղեցու համար կրթված տիրացուներ պատրաստելու խնդիրը: Մ.Նալբանդյանը շեշտում էր ժողովրդական հանրակրթարանների անհրաժեշտությունը: Նա կամենում էր ազգային կրթության գործը սկսել ոչ թե նրա վերնատնից, այլ հիմքից, ապահովելով ժողովրդական «ընդհանուր և հասարակ կրթությունը» և այն ծառայեցնել աշխատավորության նյութական բարեկեցության շահերին: Նա դնում էր ոչ միայն քաղաքային, այլև գյուղական տարրական դպրոցներ հիմնելու խնդիր: Պահանջում էր «Հայաստանի բոլոր գյուղերում և քաղաքներում հաստատել պարզ դպրոցներ, որոնց պաշտոնն էր լեզու և գիր ուսուցանել ազգի զավակներին: Այնպիսի գյուղերում, ուր ժողովրդի չքավորությունը արգելառիթ է այս գաղափարի իրագործությանը…»:
Ազգաշինության գործը, ասում էր Մ.Նալբանդյանը, պիտի առաջանա ցածից ու հիմքից, հասարակ ժողովրդից: Երես շուռ տալով ազգի վերնախավերից, ազգի մտավորականները պիտի կողմնորոշվեն դեպի հասարակ ժողովուրդը, ուղղություն և զարկ տան ազգաշինության գործին:
Ցարական ինքնակալության դեմ պայքարելու համար Մ.Նալբանդյանը ըստ կարելույն օգտագործեց լեգալ հնարավորությունները և գրեց նույնիսկ իր «Իտալացի աղջկա երգը», «Մանկության օրեր» և, մանավանդ, «Ազատն աստված» բանաստեղծությունները:
Մ.Նալբանդյանը չգերագնահատեց Սահմանադրության առաջադիմական նշանակոթյունը: Թուրքիայի մայրաքաղաք ոտք դնելուց հազիվ տասը օր անց Կ. Պոլսի «Մեղվում» նա առիթ ունեցավ դիտելու, որ «սահմանադրության» և «լուսավորության» դրոշ բռնած արևմտահայ միջավայրում իսկապես գոյություն չունի ազգի գաղափարական այն միասնությունը, որի մասին ուղղված ողջույնի խոսքում ավետում էր դեմոկրատական այդ թերթի խմբագիրը՝ Հ.Սվաճյանը: «Մեղվի» մի այլ համարում քննարկման նյութ դարձնելով արևմտահայ գավառի համար չարիք դարձած Պողոս վարչապետի բռնի ու հակաժողովրդական արարքները, Մ.Նալբանդյանը բավական չէր համարում սահմանադրության օրգաններից մեկի՝ կրոնական ժողովի որոշումը վատ համբավ այդ եկեղեցականի կրոնական պաշտոնակատարությունը «լռեցնելու» կամ հենց «Մեղվի» խմբագրի առաջարկը՝ նրան եկեղեցական կոչումից զրկելու մասին: Նալբանդյանը գտնում էր, որ հանցագործը պետք է պատասխանատվության կանչվի ոչ թե կրոնական, այլ քաղաքական և քրեական ատյանների առաջ: Դրանով նա հակադրվում էր ոչ միայն նախասահմանադրական ժամանակների մտավոր-բարոյական գործիչների ու դրանց «խավարյալ» պաշտպաններին, այլև մերկացնում «լուսավորյալ» սահմանադրականների իսկ գաղափարական սահմանափակությունն ու անհետևողականությունը: Սահմանադրության սկզբունքային իր քննադատությամբ նա ըստ էության ջանում էր մարտական հունի մեջ դնել գավառահայ ժողովրդի և Կ. Պոլսում դեգերող պանդուխտ գավառացիների պահանջները և բյուրեղացնել արևմտահայ «լուսավորյալ» լիբերալներից տակավին չսահմանազատված արևմտահայ դեմոկրատիայի պահանջներն ու տեսակետները:
Նալբանդյանը մեծարում էր իրենց հայրենիքի ազատության համար մարտնչող ու նահատակվող հերոսներին, նրանց, ովքեր ապրում են և տնքում ընդհանուրի օգտի համար՝ «լավ հասկացած լինելով թե սուտ է մասնավոր քաջաբախտությունը, առանց ընդհանուրի երջանկության»: Բայց և միաժամանակ նշում էր ընդհանուրի օգտին տքնող այս հերոսների՝ հարազատ ազգի հանդեպ ունեցած հավատարմությունը և համամարդկային ազատագրական շարժման նկատմամբ նրանց նվիրվածությունը: «Նոքա չկաշառվեցան օտարներից… նոքա չնենգեցին յուրյանց ազգին, նոքա չվաճառեցին յուրյանց գրիչը… նոքա արհամարհեցին օտարի տված պատիվը և աշխատեցան դժպհի պատվանշանների տեղ կրել յուրյանց ազգության անունը, այլև վերքերի սպիք, որոնց արժանացել են մարտիրոսաբար, ազգի ազատության անունով»: Մերկացնելով իրենց խիղճն ու գրիչը վաճառքի հանող ազգադավ այլախոհներին, Նալբանդյանը գրում է, որ իր կյանքի «բուն խորհուրդն ու նպատակն» է համարում կանգ չառնել անգամ ինքնազոհության առաջ՝ հայ հասարակ ժողովրդի կոխկռտված իրավունքը պաշտպանելու համար:
«Մենք ազատակամ նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու: Մեր անձը և գրիչը չնվիրեցինք հարուստներին. նոքա յուրյանց արծաթե թումբերի տակ միշտ անխոցելի են, նաև բռնակալների իշխանության մեջ:
Բայց այն խեղճ հայը, այն հարստահարված, ողորմելի, աղքատ, մերկ ու քաղցած հայը, ոչ միայն ճնշված օտարներից և բարբարոսներից, այլև յուր հարուստներից, յուր հոգևորներից և կիսագրագետ ուսումնական կամ փիլիսոփա ասվածներից, ահա այն հայը ամենայն արդարացի իրավունքով գրավում է մեր ուշադրությունը և նորան դարձյալ, առանց և վայրկենական երկմտության, նվիրեցինք մեր բոլոր կարողությունը:
Պաշտպանել այն հայի առաթուր կոխված իրավունքն է  մեր կյանքի բուն խորհուրդը և նպատակը: և այս նպատակին հասնելու համար չէ պիտո ընկըրկինք ոչ բանտի և ոչ աքսորի առջև, ոչ միայն բանիվ և գրչով, այլև զենքով և արյունով, եթե մի օր արժանի լինինք զենք առնուլ մեր ձեռքը և մինչև այժմ քարոզած ազատությունը նվիրել և սրբել մեր արյունով»:
Կապիտալիզմին հատուկ վարձու աշխատանքի սիստեմը Մ.Նալբանդյանին պատկերանում էր որպես ստրկության համազոր չարիք: Կապիտալիզմը ոչ միայն չի լուծում «մարդու և հացի» խնդիրը, այլև թշվառության է մատնում վարձու գործավորներին, հարկադրելով հողազուրկ գյուղացիներին վաճառքի հանել իրենց «աշխատանքը», քանի որ չունեն ապրելու այլ միջոց: «Ազա՞տ եմ ես, միայն օրենքով, քաղաքականապես ազատ կոչվելով ազա՞տ եմ ես, քանի որ նյութական կարոտությունը ստիպում է ինձ, կամա-ակամա մի ուրիշին ստրկանալ, ուրիշին ծառայել և այդ ծառայությամբ հաց ճարել իմ ընտանիքի համար»,- հարցնում էր Մ.Նալբանդյանը և իր հարցադրությամբ իսկ կանխում ընթերցողի բացասական պատասխանը: Հրապարակախոսը ուներ ռուս հեղափոխական-դեմոկրատների ու դրանց հաջորդած հեղափոխական-նարոդնիկների ընդհանուր այն համոզմունքը, թե կապիտալիզմը կանխելու համար գոյություն ունի միայն մի համադարման՝ համայնական հողատիրությունը: Դա է այն բանալին, որ կարող է մարդկանց առջև բացել ազատության, հավասարության և եղբայրության փակ դռները: Իբրև համայնքի սեփականություն, հողը չի կարող դառնալ առուծախի առարկա: Հողը կարող է լինել մասնավոր սեփականություն սոսկ որպես բնակատեղի կամ տնամերձ տնտեսության վայր: «Երկրագործության» հեղինակը դրվատում է քաղաքային մանր արհեստագործությունն ու համայնական հողատիրության վրա հիմնված գյուղացիական մանր արտադրությունը: Եթե արևմտահայությունը չապավինե համայնական հողատիրության, ապա անխուսափելի պիտի դառնան մանր գյուղացիության և մանր արհեստագործության քայքայումը, սարսափելի նեղությունն ու չքավորությունը, »որ եթե ոչ այսօր, վաղը պիտի թագավորի բոլոր Թուրքիո մեջ»: Հեղինակը նախանձելի չի համարում եվրոպական գործարանատերերի ապրանքը վաճառահանող, շուկայի հարապփոփոխ վիճակից և երկրում իշխող ռեժիմի հմայքներից կախված արևմտահայ վաճառականների դրությունը: Ազգը պիտի հրաժարվի գաղութագնացությունից, տուն վերադարձնի քաղաք տեղափոխված պանդուխտներին և հնարավորություն տա նրանց զբաղվելու երկրագործությամբ: «… Պիտի որ ազգի մեծագույն մասը երկրագործ լինի, իսկ փոքրագույնը՝ երկրագործի դուրս բերած արդյունքը մշակող և վաճառող, որ զուգակշիռ պահվի և աղքատությունը տարագիր գնա»:
Իր այս ծրագիրն էր ահա, որ Մ. Նալբանդյանն ընկալում էր որպես ազգը կործանումից փրկող «տնտեսական հեղափոխություն»: Պանդուխտներին գյուղ վերադարձնելու և նրանց տնտեսությունը վերականգնելու համար հարկավոր են նյութական միջոցներ, որոնք հայթայթելու են հայ վաճառականների կազմակերպվելիք վարկատու ընկերությունները: Այդ ընկերությունների միջոցներով պիտի շահագործվեն հայաստանի ջրային հարստությունները, մանր գյուղատնտեսության կողքին կազմակերպվեն խոշոր մեքենայացված գյուղատնտեսական ձեռնարկություններ և գյուղատնտեսական բերքերը մշակող խոշոր արդյունաբերություններ: Միայն փողի ու ապրանքի կազմակերպած այդ շրջանառության միջոցով կարելի է բարվոքել թշվառության մատնված հայ մասսաների և անխուսափելի քայքայման դատապարտված հայ վաճառականության վիճակը: Միայն կազմակերպված ազգային վաճառականությունը կարող է հայ ապրանքատերերին տեր դարձնել դրամի իշխանության (որչափ Եվրոպան կարիք ունի նրանց ապրանքների արտահանությանը) և այդ միջոցով դեպի ինքը դարձնել դրամի շրջանառությունը: Այս էր Մ. Նալբանդյանի պատկերացրած «տնտեսական հեղափոխությունը»:
Մ. Նալբանդյանը ենթադրում էր, որ քաղաքի և գյուղի մանր արտադրությունը հնարավոր կլինի փրկել կապիտալիզմի սպառնալիքից, եթե նրանց տրամադրվի կապիտալիստական արտադրության տեխնիկան՝ մեքենան:
Ինչպես սլավոնների, այնպես և հայերի ազատագրման հեռանկարը Նալբանդյանը պատկերացնում էր ռուս հեղափոխական-դեմոկրատիայի ղեկավարների նման, կտրականապես մերժում էր ինչպես արևմտաեվրոպական պետությունների, այնպես և ցարական Ռուսաստանի միջամտությունը արևմտահայերի ազատագրման գորժում և համոզված կանգնում համադեմոկրատական հեղափոխության դիրքերի վրա:
Մ. Նալբանդյանը համոզված էր, որ արևելահայերի և արևմտահայերի ազատագրումը կենսագործելու են ոչ թե եվրոպական պետությունները, այլ ասիական և եվրոպական նաև բարձրաստիճան հոգևորականության շահերը: Ժողովուրդների հեղափոխական ընդվզումները և, առաջին հերթին, ասիական և եվրոպական ժողովուրդների ազատությունը բռնադատող ցարիզմի տապալումը:
1862թ.-ի կեսերին Մ. Նալբանդյանի արևմտահայ համախոհները աջակցեցին Զեյթունում բռնկված ամպստամբությանը:
Նալբանդյանը անձնական ծանոթություն էր հաստատել Ն. Ս. Սերնո-Սոլովևիչի հետ, հավանաբար, 1859թ.-ին Պետերբուրգում: 1860 թ.-ի փետրվար-մարտ ամիսներին և նույն տարվա դեկտեմբերին Լոնդոնում Սերնո-Սոլովևիչը հանդիպել էր և գաղափարապես մերձեցել Գերցենին և Օգարևին: Արտասահմանում և Ռուսաստանի ընդհատակյա «Земля и воля» կազմակերպության կողմից նրանց առաջադրված էր 1863 թ.-ի գարնանը Ռուսաստանում կազմակերպվեց համընդհանուր ապստամբության պահին ոտքի հանել կովկասի բնակչությունը:
1862թ.-ի ամռանը ապստամբության կազմակերպողների ու ղեկավարների, այդ թվում նաև Մ. Նալբանդյանի ու Սերնո-Սոլովևիչի կալանքը և դրան հաջորդած աքսորն ու մահը խափանեցին Կովկասում կամ Թուրքիայում նրանց հետագա համատեղ գործունեությունը:
Մ. Նալբանդյանի գլխավորած հեղափոխական-դեմոկրատական հոսանքը կարևոր դեր կատարեց հայ ժողովրդի հասարակական-քաղաքական մտքի հետագա զարգացման պատմության մեջ:

Արևմտահայ հասարակական հոսանքները

Կղերա-ամիրայական հոսանք

XIX դարի առաջին կեսին արևմտահայ կյանքում կղերա-ամիրայականները արտահայտում էին պոլսահայ ամիրաների և բարձրաստիճան հոգևորականության շահերը: 50-60-ական թվականներին նրանք ձևավորվեցին որպես ռեակցիոն հոսանք և դիմագրավեցին ոչ միայն ազգային-ազատագրական շարժումներին, այլև բարեփոխությունների չափավոր պահանջներին:
Կղերա-ամիրայական հոսանքի պարագլուխը դարձավ Հովհաննես  Չամուրճյան-Տերոյենցը, գաղափարակիցներ ունենալով Մ. Գ. Տեյիրմենճյանին, Ա. Հասունյանին, Ղ. Պալթազարյանին և Մխթարյան վանականներից շատերին: Հոսանքի ձայնափողերը դարձան «Զոհալ», «Երևակ», «Արևելյան դար», «Բազմավեպ», «Արշալույս Արարատյան» պարբերականները, որոնք գաղափարական մարտեր էին մղում առաջավոր մտավորականության դեմ:
Հակամարտությունները ծայր առան լեզվի շուրջ՝ գրապայքարով: Կղերա-ամիրայականները դուրս եկան լուսավորականների դեմ, փորձեցին նախապատվություն տալ գրաբարին, արգելեցին աշխարհաբարի մուտքը դպրոցները:
«Գրաբարյանների» կարծիքով ազգի լեզուն պիտի դառնար գրաբարը: Սրանց հայացքով, կորցնել գրաբարը, կնշանակեր կորցնել «ազգության հոդակապն ու պահապանը»՝ հայոց լուսավորչական եկեղեցին:
Կղերա-ամիրայական հոսանքի գաղափարախոսները դիմակայում էին այդ տեսակետին, թե հնարավոր է բարբառներից բառամթերք հավաքել, մշակել համազգային, այսինքն՝ երկու հատվածներին հասկանալի աշխարհաբար: Մերժելով այս, նրանք փաստորեն ճիգ էին թափում այրել արևելահայ ու արևմտահայ հատվածների միջև նոր գցված լաստերը, խաթարել համազգային զարթոնքի շարժումը:
Թողած եվրոպական առաջադեմ գրականությունը, Տերոյենցը թարգմանում էր «Ժաքմեն Կլես» և Ժեռառ Աբբայի «Խորհուրդ գաղտնի ընկերությանց» վեպերը, որոնց մեջ խարազանվում էին տասնութերորդ դարի մատերիալիստ-լուսավորիչներն ու նրանց հետևորդները: Սակայն Չամութճյանը այստեղ սոսկ թարգմանիչ չէր, այլ փոխադրող:
1868թ.-ին լուսյ տեսավ Հ. Հիսարյանի «Նեռն կամ ակատարածն աշխարհի» վեպը, ուր «Բանասերի» խմբագիրը Տերոյենցի հետևողությամբ, ջանում էր անվանարկել հայ դեմոկրատներին:
Կղերա-ամիրայականները միայն հայ ազատագրական պայքարը չէ, որ դատապարտում էին, այլ ազգային-բուրժուական բոլոր այն շարժումները, որոնք խարխլում էին ֆեոդալական միահեծանության հիմքերը, լիներ դա թուրքական, ցարական, թե ավստրիական:
Կղերա-ամիրայականներն աստիճանաբար կապեր են հաստատում արևելահայ կղերա-աղայականների՝ Մ.Մսերյանի, Գ.Այվազովսկու, Հ.Խալիբյանի, Ս.Ջալալյանցի հետ, ձգտում միասնական ճակատով դուրս գալ ոչ միայն դեմոկրատական հոսանքի, այլև լիբերալ բուրժուազիայի չափավոր պահանջների դեմ:
Այսպիսով, XIX դարի 50-60-ական թվականներին Թուրքիայի հայաբնակ գաղթօջախներում տակավին գործում էին կղերա-ամիրայական հոսանքի ներկայացուցիչները, որոնք սկզբում պայքարելով լիբերալ ու դեմոկրատական մտավորականության դեմ, հետագայում կողմնակիցներ գտան ժողովրդական զանգվածների հեղափոխական շարժումներից երկնչող լիբերալների մեջ, ընդհանուր ճակատ ստեղծեցին հասունացող դեմոկրատական հոսանքի դեմ: Կղերա-ամիրայականներն ունեին թուրքական կողմնորոշում և ձգտում էին հավերժացնել ֆեոդալական միապետությունը, լուսավորչական հայ եկեղեցու տիրապետությունը:

ԼԻԲԵՐԱԼ-ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ

Արևմտահայ լիբերալներն արտահայտում էին գաղութահայ օջախներում կենտրոնացած հայ առևտրական այն բուրժուազիայի շահերը, որը 1830-ականներից կազմակերպում էր վաճառականական ընկերություններ, կառավարությունից ստանում մաքսային առանձնաշնորհումներ և հույների ու հրեաների հետ միասին դառնում թուրք-եվրոպական առևտրի զորեղ միջնորդ:
Սորբոնի ու Քեմբրիջի համալսարանների հայ ունկնդիրները դաստիարակվում էին այնտեղի գաղափարներով, ոմանք էլ մասնակցում 1848 թ. ֆրանսիական հեղափոխությանը: Վերադարձած, լուսավորված այս երիտասարդությունն իր հետ բերում էր առաջադեմ գաղափարներ և ջանում կյանքի մի շարք բնագավառներում բարեփոխումներ կատարել:
Դարամիջին բուրժուազիան տակավին վերելք էր ապրում: Դեռևս չկար հասունացած դեմոկրատական մտավորականություն, դրա համար էլ, առանց երկնչելու, բարձրացնում էր հետամնաց Թուրքիան հեղաբեկելու այնպիսի խնդիրներ, որոնցից հրաժարվելու էր կամ չափավոր շրջանակների մեջ խցկելու ճիշտ մեկ տասնամյակ հետո: Նրա չափավոր ազատամտությունը պայմանավորված մի կողմից Եվրոպայում ստացած ներշնչումներով, մյուս կողմից՝ կղերա-ամիրայականներին սանձ դնելու համար ժողովրդական զանգվածների մեջ հենարան ունենալու ակնկալությամբ:
Արևմտահայերի մտավոր զարթոնքն ազդարարողների առաջին խնդիրը գրապայքարն էր, որը սրվեց 1853 թ. և շարունակվեց մինչև 80-ական թվականների վերջը:
Տակավին 40-ականներին Ն.Զորայանն իր հոդվածները ոչ միայն գրում էր աշխարհաբարով ու հրատարակում «Հայաստան», «Բազմավեպ» պարբերականներում, այլև հիմնավորում էր նոր լեզվի անհրաժեշտությունը:
Լուսավորյալները կարողացան ձևակերպել արևմտահայերի գրական լեզուն, որի հիմքը արևմտահայ բարբառներից ու գրաբարից վերցված բառամթերքն էր:
Լուսավորյալ մտավորականության միասնականությունն ավելի ակնառու դարձավ, երբ 1860 թ. սեպտեմբերին հիմնվեց Կ. Պոլսի «Բարեգործական» ընկերությունը: Ընկերությունն իր առջև խնդիր էր դրել կրթել, լուսավորել գավառահայությանը, հոգ տանել նրա տնտեսական առաջընթացի, երկիրը զարգացման կապիտալիստական ճանապարհի վրա դնելու մասին:
Տնտեսական հետամնաց վիճակից ազգին դուրս բերելու միջոցները նրանք համարում էին լուսավորությունը, մասնագիտական ուսուցման միջոցով կրթված բանվորներ, երկրագործներ պատրաստելը:
1861-1863 թթ. սահմանադրական պայքարի ուժեղացումը, Զեյթունի, Արևմտյան Հայաստանի ապստամբական շարժումները, Մ.Նալբանդյանի գաղափարական ազդեցությունը քաղաքականապես հասունացրին արևմտահայ դեմոկրատական մտավորականությանը:
Այսպիսով 1860-ական թվականներին արևմտահայ լիբերալ-բուրժուական հոսանքը հեռու էր կանգնած ժողովրդական շարժումներից, սոցիալական պայքարից:

ԱԶԳԱՅԻՆ-ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ

1850-1860-ական թթ. Արևմտյան Հայաստանում ձևավորվեց գավառահայ առևվտրա-արհեստագործական բուրժուազիան, որի ձայնատար դարձած գավառահայ մտավորականությունը իր լուսավորական աշխատանքով, բարձրացրած խնդիրներով ավելի առաջադիմական դիրքեր գրավեց, քան ազգային լիբերալները:Ամենակարևորը նա մտահոգված էր գյուղաբնակչության ճակատագրով:
Մինչ այդ արևմտահայ հասարակական-քաղաքական շարժման մեջ, առավել ևս գրական անդաստանում, գավառահայությունը դեռևս էական դեր չուներ: Կ. Պոլսն ու Զմյուռնիան, Վենետիկը, Վիեննան ու Փարիզն էին տալիս արևմտահայ գրական ու քաղաքական մտքի նշանավոր ներկայացուցիչներ: Սակայն Արևմտյան Հայաստանի անունից խոսող այս մտավորականները մինչև դարակեսը դեռևս գավառ չէին մեկնում հայրենի բնաշխարհում ապրող հայ ազգաբնակչության կրած սոցիալ-քաղաքական տառապանքներին:
Անցյալ դարակեսից գավառահայ մտավորականներն արդեն գիտակցվում էին, որ իրենք պետք է մտահոգվեն գավառի ճակատագրով, ստեղծեն սեփական դպրոց, մամուլ, գրականություն, հավաքեն ու գրի առնեն հայրենի բառն ու բանը, ավանդազրույցները, դյուցազնավեպերը, առակներն ու ասացվածքները: Գավառահայ մտավորականությունն էր, որ Կ. Պոլսի ու գաղթաշխարհի առաջավոր խավերին հպատակեցրեց Հայաստանին և գավառի ողբը, հարստահարությունների դեմ մղվող պայքարը դարձրեց ընդհանուր հայ ժողովրդի մտահոգության առարկա:
Արևմտյան Հայաստանում գործող գավառահայ այս մտավորականները, սակայն դեռևս, հասունացած չէին մշակելու այնպիսի ծրագիր, որոնք զերծ լինեին պահպանողականությունից: Նրանք չէին կարողանում գնահատել բուրժուական հարաբերությունների առավելությունները ֆեոդալականի հանդեպ: Նրանք դեմ էին գործարանային արդյունաբերության առաջընթացին, քանի որ վերջինս քայքայում էր հիմնականում ձեռքի աշխատանքի վրա հիմված էսնաֆների արհեստանոցները, շուկայից դուրս շպրտում գավառահայ առևտրականներին: Գավառահայ մտավորականության հայացքը սկզբից ևեթ հառած էր դեպի անցյալը: Նրանք ցանկանում էին ընդլայնել բարեփոխված եկեղեցու իրավունքները, վերականգնել «հայկական թագավորությունը»:
Հեռու մնալով հեղափոխական հայացքներից, նրանք չընկալեցին Մ.Նալբանդյանի ու հայ ազգային-դեմոկրատական մտավորականության երկնած ծրագրերը, խուսափեցին ժողովրդի զանգվածային շարժումների քարոզից, արևմտահայերի զինված ինքնագործունեության գաղափարից:
Գավառահայ ազգային պահպանողականները համախմբված էին «Արծվի Վասպուրական» և «Արծվիկ Տարոնո» պարբերականի շուրջը: Հոսանքի գաղափարական առաջնորդը Մ.Խրիմյանն էր, իսկ նրա գաղափարակիցները՝ հիմնականում Ժառանգավորաց դպրոցի սաները:
Սահմանադրական պայքարը, շփումը կովկասահայ անվանի մտավորականների հետ, ազատագրական շարժումների բարձրացող ալիքը, Թուրքիայի քաղաքական կուրսի փոփոխությունը, քուրդ ցեղապետերի նոր վայրագությունները, Արևմտյան Հայաստանի գյուղացիության իրավիճակի ծանրությունը բեկում առաջացրին Մ.Խրիմյանի ու նրա զինակիցների հայացքների մեջ: Վարագը աստիճանաբար դարձավ հայրենասիրական գաղափարների կաղապարման օջախ: Այդ հոսանքին հարեցին Գ.Սրվանձտյանցը, Նաթանյան եղբայրները, Երեմիա և Արիստակես Տևկանցները, Գևորգ Շերենցը, Գ.Աղվանյանցը, նույնիսկ Պարսկաստանից Վարագ ժամանեց ու սրանց հետ կապվեց պատանի Հակոբ Մելիք Հակոբյանը (Րաֆֆին), որի բանաստեղծական անդրանիկ փորձերը տպագրվեցի «Արծվի Վասպուրական»-ում:
1869 թ. սեպտեմբերի 4-ին Կ. Պոլսի հայոց ընդհանուր ժողովը, հակառակ սուլթանի ու նրա մեծ վեզիրի կամքի, Խրիմյանին ընտրում է արևմտահայերի պատրիարք:
Մ.Խրիմյանի գլխավորած հոսանքը 1860-ական թթ. հասունացնում էր գործիչների մի սերունդ, որը հիմնականում կրթվել էր Վարագա Ժառանգավորաց դպրոցում: Այս մտավորականների մեջ աչքի ընկավ Գարեգին Սրվանձտյանցը:
«Վարդ» և գրական այլ կեղծանուններով Սրվաձտյանցը հոդվածներ էր տպագրում և գավառահայության լեռնացող բողոքները հանձնում գաղթօջախների ուշադրությանը, բարձրացնում համազգային խնդիրներ:
Գ.Սրվանձտյանցը 1860-ական թվականներին գրաբարի ու աշխարհաբարի, կրոնի ու եկեղեցու հարցերում ազգային պահպանողական էր:
Սրվանձտյանցի միակ հույսը լուսավորության, ազգի «ճարտասան գլուխներ պատրաստելու» վրա էր: Հայ ժողովուրդը դարձել է անդամալույծ, ուստի հարկավոր են երկու կարգի բժիշկներ՝ «հոգվույն համար Հասակ, Մեսրովբ և խրախուսիչ Ղևոնդ… իսկ մարմնույն համար անձնվեր Վարդան, Վահան, Մուշեղ և ասոնց նման հայրենասեր իշխանաց խումբ: Այս երկում դաս զորավոր բժիշկներ երկու կողմ կեցած պետք է բռնեն անդամալույծին աջ և ձախ ձեռքը և այնպես քաջալերելով վեր հանեն հայրենյաց մահճեն»:
Գ.Սրվանձտյանցը, 1860-ական թթ. ոգեվորված Արևմուտքի ու Ռուսաստանի ազգային-ազատագրական շարժումներով, հայ երիտասարդությանը պատգամում էր ինքնագիտակցություն և ազատագրական պայքարի կորով:
Վարագա դպրոցը տվեց գավառահայ ազգային-պահպանողական այլ մտավորականներ , որնց մեջ աչքի են ընկնում Երեմիա և Արիստակես Տեր-Սարգսենցները:
Երեմիա Տևկանցի համակրանքն ապստամբների կողմն էր, սակայն ապստամբությունից հետո նա մեծ հույսեր էր դնում եվրոպական վեհապետների միջամտության վրա, կապեր էր պահպանում Փարիզում գտնվող Կարապետ Շահնազարյանի հետ, նրան նամակներ էր առաքում, հորդորում Նապոլեոն III-ի միջոցով օգնել Զեյթունին: Տևկանցը փորձեր արեց լեզու գտնել կաթոլիկների համայնապետ Անտոն Հասունյանի հետ, այցելեց նրան և հայցեց նրա միջամտությունը:Նա գոհունակությամբ արձանագրում է «իր և յուրաինների» հաղթանակը, այսինքն՝ Նապոլեոն III-ի միջամտությունը, Զեյթունի իշխանների ազատումը, «արյունահեղության դադարումը», սակայն անեծքի ու բանադրանքի հեղեղ է թափում ամիրաների, հատկապես սուլթանին հլուհնազանդ պալատականների, այդ օրերին իրադարձությունների նկատմամբ անտարբեր հայ կղերականների գլխին:
Բեռլինի վեհաժողովից հետո այս հոսանքի ներկայացուցիչների մի զգալի մասը, հուսախաբված Եվրոպայի միջամտությունց, ոգեշնչվում է արևմտահայերի ապստամբական շարժումների գաղափարով:

ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ

Ի հակադրություն կղերա-ամիրայական ու լիբերալ-բուրժուական հոսանքների, Կ. Պոլսում և Զմյուռնիայում ասպարեզ իջավ հայրենասեր գրողների ու հրապարակախոսների մի երիտասարդ սերունդ, որը դիմագրավում էր սուլթանական բռնատիրությանը, ջանում նվաճել սահմանադրություն, ազատություն և անկախություն: Հայրենասերների այս սերունդը իր շարքերից առաջ քաշեց մեծարանքի արժանի գործիչներ, մշակեց ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունը:
Հ. Սվաճյան, Գր. Չիլինկիրյան, Ա.Հայկունի, Կ.Փանոսյան, Ս. Ոսկանյան, Մ. Այվատյան, Ս.Թագվորյան՝ ահա գրողների, հրապարակախոսների ու քաղաքական գործիչների անդրանիկ այն սերունդը, որն արևմտահայ իրականության մեջ ձևավորեց ու զարգացրեց ազգային-ազատագրական պպայքարի գաղափարը:
Գործունեության սկզբում, սակայն, Հ.Սվաճյանը, Մ.Մամուրյանը «Բարեգործական» ընկերության ձախ թևին պատկանող մյուս մտավորականները պայքարի ձևերով ու մեթոդներով քիչ էին տարբերվում Գր.Օտյանից, Ն.Ռուսինյանից: Բարեշրջումները գերադասելով կյանքի հեղաբեկման արմատական մեթոդներից, 1860-ական թվականների դեմոկրատ գործիչները 50-ականների գաղափարակիցներից տարբերվում էին միայն նրանով, որ իրենց մտահոգության առարկան դարձրին հասարակ ժողովրդի վիճակի բարելավումը:
1860-ական թվականների սկզբներին արևմտահայ առաջադեմ մտավորականության ձախ թևը շրջադարձ է կատարում. ավարտվում է դեմոկրատական հոսանքի ձևավորումը, իր շարքերում հասունացնելով Մ.Նալբանդյանի գաղափարակիցներին ու զինակիցներին՝ Հ.Սվաճյանին և Ս.Թագվորյանին: Դեմոկրատական հոսանքի օրգանները դարձան «Մեղու», «Ծաղիկ», «Մյունատի», «Միություն» պարբերականները:  Շրջադարձի գործում էական դեր խաղացին սահմանադրական պայքարը և գավառահայության քաղաքական շարժումները: Զեյթունի ու Վասպուրականի հերոսամարտերը արևմտահայ մտավորականներին գործնականորեն բերեցին այն եզրահանգմանը, որ հայ ժողովրդի ազատագրման միակ միջոցը զինված պայքարն է: Սրանց քաղաքական հասունացման համար նշանակություն ունեցան իտալական ազգային-ազատագրական, ռուսական գյուղացիական շարժումների ուժեղացումը և այդ շարժումների գաղափարախոսության ներթափանցումը Թուրքիա: Համառուսական հեղափոխական  դեմոկրատիայի ականավոր գործիչներից մեկի՝ Մ.Նալբանդյանի որոշակի ազդեցությունը ակնառու է արևմտահայ դեմոկրատական հասարակական-քաղաքական մտքի վրա:
Այսպիսով, քաղաքային արհեստավորների, պանդուխտների ու աշխատավոր գյուղացիության շահերի պաշտպան արևմտահայ դեմոկրատական հոսանքը իր ձևավորման ավարտին հասավ 60-ական թվականների սկզբին: Սակայն բացառություն էր Փարիզում գործող Ստեփան Ոսկանյանը (1825-1901): Ոսկանյանը դեռևս 1850-ական թվականներին յուրացրեց բուրժուա-դեմոկրատական աշխարհայացք, դարձավ մարտնչող հրապարակախոս՝ ընդդեմ կղերա-ֆեոդալական կաստայականության ու միջնադարյան խավարամտության, հանուն հայ ժողովրդի մտավոր ու քաղաքական ազատազրկման:
Ոսկանյանը, սակայն, հայ հասարակական-քաղաքական կյանքում խոշոր ավանդ թողեց իր 1850-ական թվականների մարտնչող հրապարակախոսությամբ: Այս տարիների նրա հրապարակախոսության առանցքը հայ ժողովրդի լուսավորությունն էր, ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունը:
1848 թ. ֆրանսիական հեղափոխության ժամանակ Ոսկանյանը մասնակցեց հեղափոխական ելույթներին. «փետրվարի ազատության առաջին որոտումը մեր վրայեն արևելյան գերության մշուշը փարատեց…: Այո՜, Լուի Ֆիլիպին դեմ ապստամբողներու հետ էինք, այո՜, ըրինք ազատության համար ինչ որ ամեն մարդու պարտքն է ընել, և զեն ի ձեռին Թույլըրի մտնելու պատիվը ունեցանք…»:
Փետրվարյան հեղափոխությունից հետո, Լուի Ֆիլիպի երեկվա տապալողների ձախ թևը հունիսին, զենքի ուժով, ջանում էր բուրժուազիայից խլել իշխանությունը: Հունիսյան հեղափոխությունը պրոլետարական էր և Ոսկանյանը չմասնակցեց դրան, այն որակեց իբրև «մանուկ ազատությունը վտանգողի»: Նա չհասկացավ պրոլետարիատի մղած դասակարգային պայքարի պատմական իմաստը, բացասաբար տրամադրվեց ուտոպիստ սոցիալիստների ուսմունքների նկատմամբ: «Կանտի աշակերտը» չընդունեց «Կապեի սին դրությունը»: Բայց խանգավառ արևելցին պահպանողականների բանակում չէր և ոչ էլ հաշտվողական լիբերալիզմի պաշտպան: Ոսկանյանն իր պայքարի առաջին էտապում բուրժուական դեմոկրատ էր, ֆեոդալական կարգերի ու գաղափարախոսության անհաշտ թշնամի: Այս էլ բնորոշում է նրա տեղն ու դերը հայ հասարակական մտքի պատմության մեջ:
Ոսկանյանի համակրանքը Եվրոպայի ազատագրական շարժումների կողմն էր: Նա հիացմունքով էր խոսում 1789 թ.-ի հեղափոխության, Իտալիայի ազգային շարժումների, հունգարական հեղափոխության, հունական ապստամբության և ցարական Ռուսաստանի ու սուլթանական Թուրքիայի դեմ ընդվզելու փորձերի մասին:
Ստ. Ոսկանյանը մասնակցել էր գրական լուսավորական շարժմանը, արձագանքել լեզվաշինության և հայ նոր գրականության համար մղված գաղափարական պայքարին: Աշխարհաբար լեզվի խնդիրը նա կապում էր հայ մշակույթի զարգացման, առաջընթաց շարժման հետ, պաշտպանում ու զարգացնում ժողովրդական լեզվի աբովյանական սկզբունքները:
Ժողովրդի ազգային զարթոնքի, քաղաքական ինքնագիտակցության բարձրացման գործում Ոսկանյանը էական տեղ էր հատկացնում գեղարվեստական գրականությանը. Այդ նկատառումով էլ ամբողջ սրությամբ դնում էր ազգային նոր գրականության ստեղծման պահանջը:
Իր գործունեությունն ավելի ուշ ծավալեց Մատթեոս Մամուրյանը (1830-1901):
Արգասավոր գրչի տեր մտածողի աշխարհայացքը բարդ էր ու հակասական: 1860-70-ական թթ.-ին, հիմնականում կանգնած լինելով ազգային-դեմոկրատիզմի դիրքերում, նա մի կողմից հակված էր դեպի հեղափոխական դեմոկրատիզմը, մյուս կողմից տուրք էր տալիս լիբերալիզմին ու ազգային-պահպանողականությանը:
Իր երկերում հրապարակախոսը քննադատում էր ֆեոդալական արտադրահարաբերությունները, իշխանության միապետական ձևն ու դրա հարատևման կողմնակիցներին:
Նա խիզախությամբ քննադատում էր սուլթանական միահեծան կարգերը:
Հրապարակախոսի առաջին շրջանի գործերը պարունակում են հայ ժողովրդի ազգային ու սոցիալական ճնշման մասին արտահայտած սուր մտքեր, բացատրում դրանց ահավոր հետևանքները:
Մամուրյանը դեմ էր գաղթականությանը, պանդխտությանը և, դատապարտելով այդ երևույթները, հայերին հանձնարաում էր տնտեսական զարգացման, մեքենայական արդյունաբերության յուրացման ուղին:
Մամուրյանն արևմտահայերին հուզող բազմաթիվ խնդիրների լուծման հարցում պաշտպանում էր Մ. Նալբանդյանի տեսակետները, որոնց հեղինակի հետ ծանոթ էր «Բարեգործականի» շրջանակներից:
Եթե սոցիալ-դասակարգային պայքարի խնդիրներում Մ. Մամուրյանը չկարողացավ հասնել Մ. Նալբանդյանի բարձրակետին, հստակորեն չպատկերացրեց ագրարային հարցի լուծման ռուս հեղափոխական-դեմոկրատների ծրագիրը, ապա մշակութային հարցերում՝ լեզվապայքարու, գրականության և էսթետիկայի, կրոնի ու բարոյականության, կանանց հարցի մասին հայտնած կարծիքներով անգերազանցելի դեր կատարեց արևմտահայ հասարակական կյանքում:
Չիլինկիրյանը սոցիալական կնճռոտ խնդրի լուծման երկու եղանակ էր տեսնում: Առաջինն՝ արմատական էր, հեղափոխական, երկրորդը՝ մասնավոր, բարեշրջական: Դրանցից նա նախընտրում էր արմատականը. «… Մեր նպատակն էր հայուն ապագա աղքատության դեմ հանրական դարմանը նշանակել և անկե անցնիլ մասնավոր դարմանին, որ ներկային կվերաբերի»: Բազմաթիվ գրվածնքներում նա անդրադառնում էր բուրժուական հասարակարգի, արտադրության ու բախշման եղանակների քննադատությանը, հրապարակում սոցիալական խնդրի լուծման իր խոհերը:
1860-ական թթ.-ին Կ. Փանոսյանը հրատարակել է «Սեֆիր պիր միլլեթ» (Թշառ ազգություն), ապա «Իսլահաթ Միհիմմե» (Կարևոր բարեկարգություն) գրքույկները: Վերջինս ճանաչվել է իբրև հակակրոնական պրոպագանդա և բանադրանքի է ենթարկվել:
Կ. Փանոսյանն առաջին շրջանում մարտնչող հրապարակախոս էր, խիզախ գործիչ, Հ. Սվաճյանի զինակիցը: 1860-ականների առաջին կեսին նա պաշտպանում էր Մ. Նալբանդյանի ծրագիրը, հայ ժողովրդին կոչում ազգային-ազատագրական պայքարի, գործնակաում մասնակցում սահմանադրական ժողովրդական շարժման ղեկավարմանը:
1862թ.-ի օգոստոսի 1-ի սահմանադրական ցույցի ժամանակ Կ. Փանոսյանը ցուցարարների առաջին շարքերում էր. Հրատարակում ու գաղտնի տարածում էր թռուցիկներ, որոնք զենքի էին կոչում պոլսահայ արհեստավորությանն ու պանդուխտներին: Երբ Կ. Պոլիս հասավ Զեյթունի ապստամբության լուրը, «Մյունատի» լրագրի երեք համարներում շարունակաբար Կ. Փանոսյանը նկարագրում էր Տավրոսի արյունալի անցքերը, հայրենսաիրության կոչ անում, «Փարավոնական բարբարոսություն» անվանում թուրքական զորքի արարքը, պահանջում պաշտոնանկ անել Ազիզ փաշային, պատժել ջարդարարներին: Օգոստոսի 20-ին փակվեց «Մյունատին», նրա հետ մեկտեղ «Մեղուն», իսկ Կ. Փանոսյանը  կալանավորվեց: Կառավարությունը, սեպտեմբերի 11-ին դրամական տունգանք վերցնելով, ազատ արձակեց Կ. Փանոսյանին, իսկ «Մյունատի» պարբերականը մշտապես փակվեց:
Կ. Փանոսյանը շարունակեց գրել հրապարակախոսական գրքույկներ, շրջել գավառներով:
Աննահանջ, գաղափարական նույն բարձրության վրա մնաց Մատթեոս Այվաժյանը: Նա Կեսարիայից Կ.Պոլիս գալով, կրթություն ստացավ Սամաթիայի Սահակյան վարժարանում, դարակեսին աշխատակցեց «Մասիս», «Մյունատի էրճիաս» և այլ պարբերականներին; 1861է.-ից սկսած Այվածյանը դառնում է «Մեղու» պարբերականի գլխավոր աշխատակիցներից մեկը, Հ. Սվաճյանի, Կ. Փանոսյանի հետ միասին պահանջում բարեշրջել հայ եկեղեցու միջնադարյան կանոնները, Սահմանադրությունը պարտադրել հոգևորական վերնախավերին:
Մ. Այվածյանի հոդվածները տպագրվում էին «Մեղու», ապա «Մանգումեի էֆքյար» պարբերաթերթերում, իսկ քիչ անց՝ «Արարատ» հայատառ թուրքերեն սեփական օրաթերթում:
1876թ.-ին Տրապիզոնի հայաբնակն գյուղերից մեկում խոշտանգվում է մի հայ գյուղացի, այդ մասին բողոքարկող հոդվածներ են գրում «Հայրենիք»-ը և նոր վերաբացված «Արարատ»-ը: Գործը հասնում է մեծ Սադրազամ Մեհմետ Ռուշտի փաշային: Փակվում են զույգ պարբերականները, Մ. Այվածյանին կանչում են ոստիկանատուն և ծեծում: Ազատախոս խմբագիրը կիսամեռ տեղափոխվում է իր բնակարանը և մեկուկես ամիս տառապելու հետո վախճանվում 1876թ.- դեկտեմբերի 15-ին:
Հ. Սվաճյանն ունեցել է սոցիալ-քաղաքական հայացքների զարգացման երկու շրջան: Իր գույության առաջին տարիներին  (185-1860) «Մեղուն» կրում էր լիբերալիզմի դրոշը, գտնվում էր ապագա լիբերալներ Գր. Օտյանի ու Ն. Ռուսինյանի ազդեցության տակ: Նույ տարիներին Հ. Սվաճյանը ևս չափավոր պահանջներ ուներ տակավին: Նա դեռևս քաղաքականապես չէր հասունացել և բարեփոխությունների մեթոդը գերադասում էր հեղափոխական պայքարից: Այդ շրջանում Սվաճյանը, որպես հայ ժողովրդի փրկության միջոց, առաջադրում էր կրթությունը, «Չար կրքերու մոլորությունները» մարդկանցից հեռացնող լուսավորությունը:
Առաջին էտապում Հ. Սվաճյանի մտահոգության առարկան ոչ թե գաղութահայ բուրժուազիան էր, կամ հայ հարուստ վերնախավերն ընդհանրապես, այլ հայ գեղջուկները, օրվա հացի կարոտ մշակները, քաղաքներում հաց և աշխատանք որոնող պանդուխտները:
1860-1861թթ., ինչպես արևմտահայ մի շարք գործիչներ ու հրապարակախոսներ, այնպես էլ Հ. Սվաճյանը շրջադարձ է կատարում, վերանայում նախկին տեսակետները, փոխում պայքարի ձևերն ու մեթոդները:
Ի պաշտպանություն հասարակ ժողովրդի շահերի, Հ. Սվաճյանը պահանջում էր մամաւոլի, խոսքի ազատություն, «Տպագրությունը… պետք է, որ ամեն ճիգը թափե, ամեն վնաս, վտանգ, զոհ աչքը առնե ու պատերազմի. Իր պարտությանը մեջ մեռնի նե ալ՝ իր պաշտպանած ճշմարտությունը օր մը պիտի պաշարվի»:
Հ. Սվաճյանի աշխարհայացքային շրջադարձի գործում, անշուշտ, էական դերխաղաց Մ. Նալբանդյանը, սակայն քիչ կարևոր չէին նաև սահմանադրական շարժումների ուժեղացումը, Արևմտյան Հայաստանում բռնկված զինված ելույթները:
1861թ.-ի տարեմուտի առաջնորդողում Հ. Սվաճյանը որոշակիորեն հայտարարեց, որ իր հինգ տարվա գործունեությունը համարում է մեկ օրվա անցած ճանապարհ, որ տգիտության ու խավարի մեջ թաղված ժողովորդը դեռևս ազգ կազմելու իրավունքից զուրկ է:
Արդեն նալբանդյանական դիրքերում կանգնած Սվաճյանը մերժում էր բարեշրջության լիբերալ քարոզները, զինված մեթոդով փորձում լուծել ժողովրդի քաղաքական ազատագրության հարցը:
Սվաճյանը տեսնում էր, որ Իտալիայում ու Ռուսատանում հասունացող հեղափոխական իրադարձությունները նորից դասակարգային պայքարի մարտադաշտի են վերածում Եվրոպան: «Մեղվի» մարտաշունչ առաջնորդողը սոսկ 1864թ. տարեմուտի մաղթանք չէր, այլ հայ ժողովրդին հեղափոխական պայքարի մարտակոչ, ուղղված սուլթանական ու ցարական միահեծանությունների դեմ:
Պայքարի երկրորդ էտապում «Մեղվի» խմբագիրը վերամշկաւոմ էր ագրարային հարցի մասին նախկինում առաջադրած ծրագրերը:
Հ. Սվաճյանի երազած ապստամբական շարժումները հայ ժողովրդին բերելու էին քաղաքական ազատություն, հողը պետք է խլեին օտար իշխանավորներից, այդ թվում և հայ վերնախավից և հանձնեին գյուղացու տնօրինությանը: Այսուամենայնիվ, ագրարային հարցի լուծման մասին Հ. Սվաճյանի հրապարակախոսությունը հեղափոխական հստակ ծրագրեր չէր բովանդակում:
1860-ական թթ.-ի արևմտահայ ազգային-դեմոկրատների փախ թևին պատկանող մտավորականների մեջ Հ. Սվաճյանից զատ հայտնի էր Սերովբե Թագվորյանը: Նա գրական կամ հրապարակախոսական ակնառու որևէ հետք չի թողել հայ հասարակական մտքի պատմության մեջ: Մնացել է սակայն Մ. Նալբանդյանին ուղված 1862թ.-ի մայիսի 14-ի թվակիր նրա նամակը, որը, չնայած իր սակավէջությանը, ծածկագիր լինելուն, հեղաբեկում է ժամանակի հայ հասարակական մտքի, ազատագրական շարժման պատմությունը:
Այսպիսով, 1860-ականների արևմտահայ հասարակական-քաղաքական շարժումների մեջ ղեկավար դեր էր կատարում և ժողովրդին իր ետևից տանում ազգային-դեմոկրատական հոսանքը, որը ձախ թևն էին կազմում հեղափոխական դեմոկրատներ Հ. Սվաճյանն ու Ս. Թագվորյանը: Շատ խնդիրներում սրանց հետ էին գավառահայ մի շարք գործիչներ, որոնք, հետագա տասնամյակների սոցիալ-քաղաքական իրադարձությունների ազդեցությամբ, թոթափում են պահպանողականության բեռը, շրջադարձ կատարում և երկնում ազատագրական ընդհատակյա կազմակերպություններ: Արևմտյան Հայաստանը հասունացնում էր գործիչների մի համաստեղություն, որը հաջորդ տասնամյակներին ոչ միայն գաղափարական ուղենիշ է դառնում արևմտահայ ազատագրական շարժմանը, այլև գործնականորեն ղեկավարում էր այն:

Հայ քաղաքական կուսակցությունների ձևավորումը

Հայ ժողովրդի հասարակական մտքի զարգացումն ու ազատագրական շարժումների ծավալումը հրատապ խնդիր էին առաջադրում դասակարգային ուժերի խմբավորմանն ու քաղաքական կազմակերպությունների ձևավորման համար: Կենսական պահանջ էր դառնում տարրերայնորեն բարձրացող ժողովրդական հուզումները մեկ ընդհանուր ընթացքի մեջ դնել ու գլխավորել:
1880-ական թվականներին ազատագրական պայքարի գաղափարը առավել հստակ բնույթ ստացավ շնորհիվ Խրիմյանի և Մկրտիչ Փորթուգալյանի ծավալած հասարակական-քաղաքական գործունեության:
Մկրտիչ Փորթուգալյանը 1870-ական թթ.-ի Կ.Պոլսի առաջադեմ երիտասարդների մտավորական շարժումների ակտիվ մասնակիցներից էր: Վանում Փորթուգալյանը լայն աշխատանք ծավալեց՝ ստեղծեց «Առաջադիմական միություն», որը թաղային ընտրությունների ժամանակ պայքարում էր «ազատագարական» կոչվող թեկնածուների համար, դատապարտում հետադիմական ուժերին: Այդ գաղափարների ազդեցության տակ Վանում ստեղծվեց նաև «Զինակիր» ընկերությունը:
Րաֆֆու ազատագրական գաղափարները լայն արձագանք էին գտնում երիտասարդության շրջանում:
Վանից անցնելով արտասահման, Մկրտիչ Փորթուգալյանը 1885թ.-ին Մարսելում սկսում է հրատարակել «Արմենիա» հայերեն թերթը, որի էջերում մերկացվում էին թուրք փաշաների, քուրդ բեյերի ու սուլթանական կառավարության հալածանքները հայ ժողովրդի նկատմամբ:
«Արմենիա» թերթի մի խումբ համախոհներ 1887թ.-ին Լոնդոնում Կարապետ Հակոբյանի նախագահությամբ հիմնադրեցին «Հայկական հայրենասիրաց ընկերությունը» (1891թ. սկսում է կոչվել «Անգլո-հայկական կոմիտե»): Ընկերությունը 1888թ. հոկտեմբերից սկսեց հայերեն և ֆրանսերեն հրատարակել «Հայաստան» երկշաբաթաթերթը՝ Հովհաննես Ռուսալյանի «Ժան Պրուսալի» տնօրինությամբ և Միհրան Սվազյանի ու Ջեմս Մալգոմի խմբագրությամբ:
«Հայաստան» թերթը, գտնվելով անգլիական դիվանագիտության ազդեցության տակ, ձգտում էր շարժել եվրոպական տերությունների և դիվանաֆգետների գութը հայերին օգնելու տրամադորւթյուն ստեղծել: Թերթը դիմումներ էր ուղղում պետական գործիչներին և տպագրում նրանց կարծիքները Հայկական հարցի վերաբերյալ: Անգլիական պարլամենտում արծարծած խնդիրները և «Կապույտ» գրքի նյութերը լայն արձագանք էին գտնում «Հայաստանի» էջերում: Գլադստոնը, որն այդ ժամանակ արդեն պաշտոնանկ էր, շարունակում էր հանդես գալ մարդասիրական և ազգերի ազատության մասին իր կեղծ հայտարարություններով: Անգլիական դիվանագիտությունը, որ Բեռլինի վեհաժողովում հայկական հարցի ձախողման գործում այնքան խարդախ դեր կատարեց «Հայաստան» թերթի պատկերմամբ հանդես էր գալիս որպես հայ ժողովրդի միակ բարեկամն ու ազատարարը:
«Արմենիայի» շուրջը համախմբված գործիչնենրը 1889թ. կազմակերպեցին «Հայոց հայրենասիրական միությունը», որի ծրագրային հիմքը Ռ. Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի ազատության» գրքույկներ:
1896թ. Վանի ազատագրական մարտերի ժամանակ «Արմենիա» թերթը և նրա ստեղծած «Հայոց հայրենասիրական միությունը» պրոպագանդում էր անկախ Հայաստան ստեղծելու գաղափարը: Այդ հողի վրա էլ ստեղծվում է կազմակերպություն, որի անդամները թերթի անունով կոչվեցին արմենականներ: Նրանք հայրենասիրական կոչեր էին հռչակում, խնդիր դնում պատրաստվել ապստամբության և ազատագրվել սուլթանակն լծից:
«Արմենականները» մերժում էին թուրքական լծի տակ գտնվող ժողովրդների համատեղ ազատագրական պայքարի հնարավորությունը, հայ ժողովրդի պայքարի հիմնական նպատակը համարում նրա անկախություն ձեռք բերելը:
XIX դարի 70-80-ական թթ. Ռուսական քաղաքներում և Եվրոպայում ուսում ստացած Անդրկովկասի երիտասարդության լավագույն ներկայացուցիչները բուռն կերպով ներգրավվում էին հեղափոխական շարժման մեջ:
Արևմտյան Հայաստանում ծայր առած ազգային-ազատագրական շարժումներն իրենց սոցիալ-դասակարգային բովանդակությամբ լինելով հակասուլթանական և հակաֆեոդալական, դեմոկրատական բնույթ էին կրում, ունեին առաջադիմական նշանակություն: Այդ հողի վրա էլ արևմտյան Հայաստանում առաջացան ազգային-ազատագրական գաղափարներ պրոպագանդող մի շարք խմբակներ, կազմակերպվեցին նաև ինքնապաշտպանական զինված ջոկատներ, որոնց մեջ ընդգրկվեցին մտավորականներ, գյուղացիներ, արհեստավորներ, մշակներ:
Արևմտահայերի ազգային-ազատագրական պայքարը մեծ արձագանք գտավ կովկասահայության մեջ: Այդ գործում ակտիվ դեր էին խաղում արտասահմանում և Ռուսաստանում կազմակերպված մի շարք քաղաքական գաղտնի խմբակները, ընկերություններն ու միաությունները, որոնցից հայտնի են «Ուժ», «Հայրենասերների միություն», «Երիտասարդ Հայաստան» և այլն:
Այդ շրջանում էլ սկսում են ձևավորվել հայ քաղաքական կուսակցությունները: Առաջինը «Հնչակ» թերթի շուրջ համախմբված հայ ուսանողների ջանքերով 1887թ. Ժնևում կազմակերպված «Հայ սոցիալիստ հեղափոխականների կուսակցությունն» էր, որն իր տպագիր օրգանի անունով կոչվեց «Հնչակյան»: Նրա հիմադիրները՝ Ավետիս Նազարբեկյանը և Մարո Վարդանյանն են:
1888թ. «Հնչակ» թերթում հրատարակված հնչակյանների տպագրած առաջին ծրագրում նշված էր. «Մարդկության ներկա հասարակական կազմակերպությունն ունի իրեն հենարան՝ անարդարությունը, բռունցքն ու ստրկությունը»: Տնտեսական անհավասարության հողի վրա առաջացած ճնշողները ստեղծում են «Մարդկային հարաբերությունների մեջ անհասավասարության անարդարությունը», որ «Իրերու այդ կնճռոտ ու անիրավ վիճակը կարող է բարեկարգել միայն սոցիալիստական կազմակերպությունը… Սոցիալիստական կազմակեպությունն  իրապես կպահպանե մարդկային բնական ու անհերքելի իրավունքները»: Սակայն  այդ բոլորը համարվում էր նրա հեռավոր նպատակը: Իսկ մոտակա նպատակն էր Արևմտյան Հայաստանում «ձեռք բերել ընդարձակ ռամկապետական, քաղաքական ազատություն և ազգային անկախություն»: Ըստ որում պետք է ստեղծվեր օրենսդիր ժողով ընդհանուր և ուղղակի քվեարկությամբ, ապա ապահովում էր մամուլի, խոսքի, խղճի, ընկերությունների լիակատար ազատություն: Այդ նպատակին հասնելու համար պետք էր ժողովրդական ապստամբության միջոցով «բռնի կերպով կերպարանափոխել, հեղաշրջել» գոյություն ունեցող թուրքական բռնապետությունը: Հնչակյանները ռուս նարոդնիկներից որդեգրել էին տեռորը և պայքարի անարխիստական ձևերը:
«Հնչակը» մանր բուրժուական սոցիալիզմի գաղափարներ պրոպագանդող թերթ էր, նա մերժում էր 61-րդ հոդվածի դերը, ձգտում էր հետևել ռուս վտարանդիական (էմիգրանտական) մամուլին, որը Ռուսաստանում ղեկավարում և ուղղություն էր տալիս հակացարական հասարակական մտքին: Բացի «Հնչակի» նպատակն էր յադ նույն դերը կատարել Արևմտյան Հայաստանում:
Սակայն, սոցիալիստական գաղփարները, ինչ ձևով էլ հանդես գաին, լայն արձագանք էին գտնում երիտասարոդության մեջ. Չերնիշևսկին, Գերցենը, Նալբանդյանը շարունակում էին մնալ երիտասարդւթյանը գաղափարական սնունդ տվող առաջնորդներ: Ժնևի հայ ուսանողները՝ «Հնչակի» հիմնադիրներն, ամբողջովին տարված էին ռուս վտարանդիների գաղափարներով:
Նարոդնիկ-հնչակյանները, կտրված հայ իրականությունից, չէին ցանկանում տեսնել, որ կապիտալիզմը դեռևս XIX դարի առաջին կեսից մուտք էր գործել հայ իրականության մեջ և 80-ական թթ. Բուժուական հարաբերությունները թե՛ տնտեսական, և թե՛ հասարակական-քաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ էին մտցրել: Հնչակյանների նարոդնիկական սոցիալիզմը որ մի ընդհանուր բան չուներ մարքսիզմի հետ:
Սակայն, եթե նարոդնիկությունը 70-ական թթ. Հեղափոխական և առաջադեմ ուժ էր, ապա «Հնչակի» ասպարեզ գալու ժամանակ այն քայքայվել էր և վերածվել տեռորիստական խմբի, որը հեղափոխական շարժման մեջ հետադիմական դեր էր կատարում:
և սկսած 1891թ. կյանքի ակնառու փաստերը ստիպեցին հնչակյաններին ընդունել բորժուական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը հայ իրականության մեջ: «Հնչակը» մինչև անգամ այն միտքն էր հայտնում, որ հայ ժողովուրդը միայն կապիտալիզմի զարգացման մաջ կարող էր գտնել իր տնտեսական ուժը:
Եթե մինչ այդ հնչակյանները Թուրքիան համարում էին հետամնաց ֆեոդալական երկիր, ապա այժմ այն դիտում էին որպես կապիտալիզմի ոլորտը թևակոխած մի պետություն, որտեղ կատարվում էր «գյուղատնտեսական և համքարական հին եղանակների» քայքայում: Մինչև 90-կան թթ. (գյուղացիական սոցիալիզմ) դավանող «Հնչակը» եկավ նույնիսկ այն եզրակացության, թե գյուղացիությունն իր տնտեսական պայմանների բերումով «ընդունակ չէր յուրացնելու սոցիալիզմի գաղափարները»:
Հայ ժողովրդի ազատագրման գործում հնչակյանությունը կանգնում է երկվության առջև. Նրա մոտակա նպատակն էր ազգայնական-նարոդնիկական գործելակերպով, բունտարական, տեռորիստական մեթոդներով ազատագրել հայ ժողովրդին թուրքական լծից, իսկ հեռավոր նպատակը՝ սոցիալիզմի կառուցումը: Հնչակյանների ծրագրում որպես նպատակ նշվում էր «Հեղափոխել և ոչնչացնել միապետական կարգերը, փրկել հայ ժողովութրդն իր ընդհանուր ստրկական դրությունից…»:
Հնչակյանները փաստորեն ձգտում էին Թուրքիայի, Պարսկաստանի և Ռուսաստանի հայկական շրջաններից ստեղծել մի պարլամենտական պետություն, որի մեջ պետք է մտնեին նահանգական ինքնավար մարզերն ընդհանուր ընտրական իրավունքով:
Եթե հայկական որոշ շրջաններ մեծ հույսեր էին կապում 61-րդ հոդվածի հետ և առհասարակ քարոզում էին եվրոպամոլություն, ապա «Հնչակը» մերկացնում էր եվրոպական դիվանագիտության շահամոլությունն ու գաղութարարական քաղաքականությունը: Բայց այդ երկար չտևեց: Իրեն հատուկ երկվությամբ «Հնչակը» շուտով կառչեց 61-րդ հոդվածին և սկսեց գովաբանել այն:
Հնչակյանները արևմտահայերի ազատության միակ ելքը համարում էին ապստամբությունը, որը, սակայն, ըստ նրանց, իրականացվելու էր ազգայնական սկզբունքներով, հաշվի չէր առնվում այն իրավիճակը, որ հայերն ամենուր ապրում էին մեջ ընդ մեջ, շրջապատված թուրք, քուրդ և այլ ազգերով: Հնչակյանների ապստամբական ծրագիրն անարխիստական սկզբունքի վրա էր կառուցված:
Բնորոշ է և այն, որ սկզբում հնչակյանները, դեմ լինելով եվրոպական տերությունների միջամտությանը, հետագայում իրենք էին որոնում այդ միջամտության հնարավորությունները:
1896թ. Լոնդոնում կայացած հնչակյանների առաջին ընդհանուր ժողովում արևմտահայ պատգամավորների մեծ մասը լքեց կուսակցության շարքերը: Անցնելով լիբերալ ռեֆորմիզմի կողմը, հնչակյան այդ պատգամավորներն անջատվեցին Ավ. Նազարբեկյանի գլխավորած հին հնչակյաններից՝ հանդես գալով հետագայում որպես «վերակազմյալ» հնչակյանների կուսակցություն: Իրենց գործունեության կայան դարձնելով Եգիպտոսը, 1897թ. «վերակազմյալները» հրատարակեցին «Մարտ» օրգանը, իսկ 1898 թ. Լոնդոնում՝ «Նոր կյանք» պարբերականը:
Հին հնչակյանների և «վերակազմյալների» ներկուսակցական տարաձայնությունները թեպետ սրվել էին, կուսակցության ծրագրի սոցիալիզմին թեր և դեմ ուղղությունների շուրջը, սակայն իրապես պայքարը տեղի էր ունենում կուսակցության լիբերալ և դեմոկրատական կողմնորոշում ունեցող հատվածների միջև:
1890թ. Կովկասում կազմակերպվեց «Հայ հեղափոխականների դաշնակցություն» բուրժուա-նացիոնալիստական կուսակցությունը, որը հանդես եկավ որպես բուրժուազիայի ազգային շահերի պաշտպան: Հայ բուժուազիան և նրա կուսակցությունը ժողովրդական լայն մասսաների աջակցությունն ստանալու համար իրենց հռչակեցին համազգային շահերրի արտահայտիչներ:
1891թ. մայիսից սկսեց լույս տեսնել դաշնակցության օրգան «Դրոշակ» թերթը: Նրա ընդարձակ առաջնորդողում բացատրվում էր այդ կուսակցության նպատակը՝ ազատագրել հայ ժողովրդին թուրքական լծից: Դատաղություններ էին արվում այն մասին, թե հայ ժողովրդի ազատագրությունը հնարավոր չէ ապահովել սոսկ դիվանագիտական ժանապարհով: Գտնում էին, որ անհրաժեշտ է դիմել նաև ապստամբության: Միաժամանակ թերթը հանդես էր գալիս որպես սոցիալիստական գաղափարների կատաղի թշնամի և մերժում Արևմտյան Հայաստանում այդ գաղափարների տարածման հնարավորությունը: Եթե հնչակյանները սոցիալիզմն ընդունում էին որպես հեռավոր նպատակ, ապա դաշնակիցները ի սկզբանե հանդես էին գալիս մարքսիզմի և սոցիալիստական ուսմունքի դեմ: Հայ կապիտալիստներ Ա. Ծատուրյանը, Ա. Մանթաշյանը և ուրիշներ դաշնակցությանը նյութապես սատարելու իրենց խոստումը պայմանավորում էին այն պահանջով, որ այդ կուսակցությունը հետամուտ չլինի սոցիալական խտրականության:
«Հայ հեղափոխականների դաշնակցությունը» կազմակերպվեց ոչ միայն վերասերված նարոդնիկների և լիբերալների համագործակցությամբ, այլև պահպանողականների աջակցությամբ՝ ինչպիսիք էին Ս. Թարխանյանը, Ս. Հախումյանը և ուրիշներ:
Հրաժարվելով դասակարգային պայքարի գաղափարից և հորջորջելով իրեն ժողովրդական կուսակցություն, դաշնակցությունը դառնում էր դասակարգային տարբերությունը մերժող, զուտ ազգայնական գաղափարախոսություն քարոզող կուսակցություն:
Ավելիլայն գործունեություն ծավալելու նպատակով, «Դրոշակը» Թիֆլիսից փոխադրվեց Ժնև: Եթե Թիֆլիսի «Դրոշակը» բացառձակապես մերժում էր սոցիալիզմի գաղափարը, ապա ժնևյան «Դրոշակը» սկսում է փետրավորվել սոցիալիստական ֆրազներով: Սակայն այդ չէր փոխում դաշնակցության բուրժուանացիոնալիստական էությունը, ոչ էլ այն, որ նրա մեջ էին մտնում բանվորներ, գյուղացիներ և արհեստավորներ:
Դաշնակցությունը ժխտելով դասակարգային պայքարը, ազգային-ազատագրման խնդիրը դիտում էր սոցիալական հեղափոխությունից անկախ: Հայ ժողովրդի ազատագրման հարցը կապելով իմպերիալիստական տերությունների չարաբաստիկ միջամտության հետ, կիրառելով գործունեության արկածախնդրային ձևեր ու միջոցներ, հայերի պայքարն անջատելով ճնշված ժողովուրդների համըդհանուր պայքարից, դաշնակցությունը հայ ժողովրդին կանգնեցնում էր փակուղու առջև:
Սակայն դաշնակցությունը այդ շրջանում կարողացավ օգտագործել հայ ժողովրդի ազգային զգացումները, թուրքական բիրտ լծից ազատագրվելու նրա բուռն ցանկությունը և իր կողմը գրավել բավական թվով աշխատավորական տարրեր: Դրանց մի մասը, հետո համոզվելով դաշնակցության բուրժուանացիոնալիստական քաղաքականության մեջ, երես թեքեց նրանից և կանգնեց հեղափոխական պայքարի ուղղու վրա: Ուշագրավ է, որ ազատագրության պայքարի շարքային անդամները նշանակություն չտալով այս կամ այն կուսակցության գործունեությանը, մտահոգված էին միայն և միայն հայ ժողովրդի ազատագրման խնդրով:
XIX դարի վերջին և XX դարի սկզբներին արևմտահայերի ազատագրական շարժման դրոշը պարզած կուսակցությունները, այդ թվում մասնավորապես դաշնակցությունը, իրոք, չկարողացավ խելացիորեն առաջնորդել ժողովրդական զանգվածներին ազատության ճանապարհով:

Վերջաբան
Ինչպես տեսանք, XIX դարի վերջին կեսին և XX դարի առաջին կեսին ձևավորված այս հոսանքները և կուսակցությունները իրարից տարբերվում էին իրենց գաղափարախոսություններով: Ոմանք ազգայնական էին, ոմանք դեմոկրատներ, մյուսները հարում էին լիբերալ շարժմանը: Բոլորն ունեին իրենց օրգանները, որոնց շնորհիվ տարածում էին իրենց գաղափարները: Այդ թերթերի խմբագիրները տվյալ գաղափարախոսության կարկառու ներկայացուցիչներն էին: Գաղափարական հիմնական տարբերություններից էր լեզուն: Ազգային-պահպանողկաններն ասում էին, որ լեզուն պետք է լինի տվյալ ժամանակվա կենդանի լեզուն, սակայն կղերա-աղայական հոսանքը հակադրվում էր այս գաղափարին, պնդելով, որ հայ ժողովուրդը պետք է պահպանի հինը և օգտագործի գրաբարը: Ինչ վերաբերում էր կուսակցություններին, ապա ունեինք գործող սոցիալիստական կուսակցություն՝ Արմենականներ, սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ Հնչակյաններ, և լիբերալ կուսակցություն՝ Դաշնակցականներ:

Աղբյուրը՝ Հայ ժողովրդի պատմություն հատոր V, VI, տպ. թ. 1981

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s