«Մինչեւ ե՞րբ անորոշության մեջ մնամ…»

Վաղուց էին մտածում նրան բնակարանով ապահովելու մասին, այսպիսի բանաստեղծ, և մինչև հիմա ապրելու մշտական անկյուն չունենա՞ր, կյանքը միշտ այս ու այն հյուրանոցո՞ւմ անցկացներ: Եթե ամուրի լիներ, մենակ, էլի ոչինչ: Տուն-տեղ էր դրել, կնկա-երեխայի տեր դառել: Եվ էլի հյուրանոցո՞ւմ: Ամոթ ու խայտառակություն:

Վերջ, նա պիտի բնակարան ունենար, իր անվանը վայել, բոլոր հարմարություններով օժտված բնակարան, այն էլ քաղաքի կենտրոնում, ինչպես ինքն էր գրական կյանքի կենտրոնում:

Ու մարդիկ այդտեղով անցնելիս, մի պահ կանգ կառնեին, երախտալից հայացքները կհառեին տանը և հպարտությամբ կասեին.
– Այստեղ ապրում է Եղիշե Չարենցը:

Բայց ցանկությունը, ինչքան էլ բարի ու ազնիվ լիներ, բնակարան չէր դառնում:

Օրեր էին անցնում, ամիսներ, Չարենցը դարձյալ հյուրանոցում:

1932 թվականի վերջին, մի օր Չարենցի նամակը. այսպես ու այսպես, սիրելի ընկեր, եթե հնարավոր է, ձեր նորակառույց տան երրորդ հարկի անկյունային երեք սենյականոց ազատ բնակարանը տրամադրեք բանաստեղծ Եղիշե Չարենցին:
Խանջյանի խնդրանքը չմերժվեց: Ընդհակառակը, ուրախությամբ ընդունվեց, իրենց շենքում Չարենցի պես կենվոր կունենային: Ու բնակարանի դռները կրնկի վրա բացվեցին բանաստեղծի առաջ:

Չարենցը փոխադրվեց, սկսեց ապրել իր տանը, սեփական հարկի տակ:

Ապրելը ապրեց, միայն թե հավատալը չէր գալիս, որ վերջացավ քոչվորական կյանքը: Ամեն ինչ երազ էր թվում: Երազը՝ ի՞նչ: Քնած տեսնում էիր, արթնանալիս՝ հօդս էր ցնդում: Բնակարանը՝ գիշերն էլ կար, ցերեկն էլ, քնած ժամանակ էլ, արթուն ժամանակ էլ: Աշխատասենյակը՝ առանձին, ննջարանը՝ առանձին, սեղանատունը՝ առանձին: Հետն էլ հազար ու մի ուրիշ հարմարություններ: Ուզում ես իմանալ, թե ինչ է կատարվում Սունդուկյան փողոցում (այժմյան Պրոսպեկտ փողոցը), խնդրեմ, դուրս եկ փողոցին հարող պատշգամբ, և ամեն ինչ կփռվի հայացքիդ առաջ: Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ է կատարվում Սպանդարյան փողոցում, խնդրեմ. դուրս եկ փողոցին հարող պատշգամբ, և ամեն ինչ կփռվի հայացքիդ առաջ:

Արի ու հավատա, որ այդ ամենը քոնն է, այդտեղ ապրողն էլ դու ես: Հե՞շտ էր: Հեշտ չէր: Եվ նա երկար ժամանակ չէր հավատում: Ուզում էր հավատալ, բայց չէր կարողանում:

Առաջին օրերին երբեք մենակ տուն չէր գնում: Ընկերանալով Սպանդարյան փողոցի ծայրին գտնվող մթերային խանութի ճանապարհը բռնած այս–այն գրողին՝ իր տան մոտ կանգնեցնում էր նրան, ձեռքը դեպի երրորդ հարկի պատշգամբ երկարում և հարցնում.

– Լսի՛ր, չգիտե՞ս` ումն է էդ բալկոնը:

Գրողը ներողամտաբար նայում էր նրան, քթի տակ մեղմորեն ժպտում և, անպատասխան թողնելով հարցը, գնում–հեռանում: Ուրիշ էլ ի՞նչ աներ:

Իսկ Չարենցը իրենն էր շարունակում: Մի օր մեկին:

– Տե՛ս` որտեղ է բնակարան ստացել: Իսկ ես փտեցի հյուրանոցներում:

Մի ուրիշ օր՝ երկրորդին.

– Համա՜ բախտավոր մարդիկ կան աշխարհում:

Պատահեց, որ մի անգամ ես դարձա նրա ուղեկիցը: Հասնելով ծանոթ շենքին` հրաժեշտ պիտի տայի, կանգնեցրեց.

– Լսի՛ր, – ձեռքը դեպի բնակարանը պարզելով, դարձավ ինձ, – չգիտե՞ս` ումն է էդ տունը:

Ես էլ ուրիշների պես լուռ ժպտացի ու շարունակեցի ճանապարհս: Ի՞նչ ասեի, ինքը չգիտե՞ր, ինչ է: Մոտ կես ժամից, մթերքներով բեռնավորված, վերադառնում էի Կոնդից: Ականջիս ծանոթ ձայն հասավ.
– Գարեգի՛ն:

Մոտերքում ոչ ոք չերևաց:

– Ա՛յ տղա, վե՛րև նայիր:

Զարմացած վերև նայեցի. Սպանդարյան փողոցի վրայի իր պատշգամբում կանգնած էր Չարենցը:

– Փո՛ւչ արարած, – որսալով հայացքս, իր բարձունքից ձայնեց նա, – մեռա սրան – նրան հարցնելով` ումն է էս բալկոնը, ով է ստացել էս բնակարանը, որ սուկին սինն է ապրում էս տանը: Էսօր էլ քեզ հարցրի: Հոգիդ դո՞ւրս կգար որ ասեիր, թե, էդ բալկոնը քոնն է, ընկե՛րՉարենց, թե էդ բնակարանը դու ես ստացել, ընկեր Չարենց, թե դու էս էդ տանն ապրող սուկին սինը, ընկեր Չարենց: Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ, մինչև ե՞րբ չիմանամ, որ տուն ու տեղ ունեմ: Հերիք չեղա՞վ ձեզ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s