Կիլիկիայի հայկական թագավորություն

leo_ii_of_armeniaԼԵՎՈՆ Բ-Ի ՀՌՉԱԿՈՒՄԸ «ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ»

Լևոն Բ-ի իշխանության տարիներին Կիլիկիայի արտաքին քաղաքական հարաբերությունները բավականաչափ բարդ էին: Մերձավոր Արևելքում տեղի էին ունեցել քաղաքական խոշոր իրադարձություններ և փոփոխություններ: Տեղի էին ունեցել երրորդ, չորրորդ, հինգերորդ խաչակրաց արշավանքները:
Միջազգային կյանքում տեղի ունեցած այս փոփոխություններն ընդհանուր առմամբ նպաստավոր էին Կիլիկիայի համար, և Լևոն Բ հմտորեն օգտագործեց դրանք իր արտաքին քաղաքականության մեջ: Նա դրսևորեց դիվանագիտական արտակարգ ընդունակություններ:
Լևոն Բ Կիլիկիայում սկսեց իշխել դեռևս 1185 թ. իր եղբայր Ռուբենի գերության ժամանակ: Ազատվելուց հետո Ռուբենը, հօգուտ իր եղբոր, հրաժարվեց իշխանությունից, քաշվեց վանք, ուր և 1187 թ. մահացավ:
Լևոն Բ-ի իշխանության ժամանակ Կիլիկիային վտանգ էր սպառնում Եգիպտոսի Այյուբյան սուլթան Սալահ ալ-Դինի կողմից, որն իր իշխանությանն էր ենթարկել Եգիպտոսը, Արաբիան, Դամասկոսի և Հալեպի ամիրայությունները, իսկ 1187 թ. ,հաղթելով խաչակիրներին, գերել էր Երուսաղեմի թագավոր Գվիդոն Լուսինյանին և նվաճել Երուսաղեմը:
Թուրքմեններից հազիվ ազատված Կիլիկիան ասպատակեցին Սալահ ալ-Դինի զինվորները: Ամանոսյան լեռներից Կիլիկիա ներխուժեց Սալահ ալ-Դինի զորքը ամիր Ռոստոմի առաջնորդությամբ: Լևոնն իր բանակով հարձակվում է հակառակորդի վրա և ջախջախում այն:
Գլխավորելով երրորդ խաչակրած արշավանքը, Ֆրեդերիկոս Շիկամորուսը հեռավոր նպատակներ էր հետամտում: Լևոն Բ-ն դիվանագիտորեն օգտագործեց խաչակրած նոր արշավանքը՝ հանուն Կիլիկիայի քաղաքական շահերի:
Դուրս գալով Իկոնիայից , Ֆրեդերիկոս Շիկամորուսը երիցս դիմեց Լևոն Բ-ին՝ օգնելու իրեն պարենամթերքով, միանալու արշավանքին, խոստանալով նրան թագ շնորհել: Լևոն Բ բանակցություններ սկսեց Ֆրեդերիկոս Շիկամորուսի հետ. հայոց դեսպանները Ֆրեդերիկոսի մոտ եկան 1190 թ. հուլիսի 8-ին, սակայն երկու օր անց կայսրը խեղդվեց Սելևկիա գետում:
1193 թ. Այյուբյան սուլթանը Լևոն Բ-ի մոտ ուղարկեց հատուկ դեսպանություն, պահանջելով իր իշխանությանը հանձնել ոչ միայն հարևան պետություններից Կիլիկիային միակցված երկրամասերը, այլև՝ բուն Կիլիկիան: Լևոնը կտրականապես մերժեց հանդուգն այդ պահանջը: Սա ճակատագրական մի վերջնագիր էր, որտեղ գրվում էր Կիլիկիայի գոյության հարցն առհասարակ: Ստանալով նման պատասխան, Սալահ ալ-Դինը իր զորքը շարժում է Կիլիկիայի վրա և հասնում մինչև Սև գետը, սակայն արշավանքի ընթացքում նա մահանում է (1193թ.  մարտի 4-ին), իսկ բանակը ետ է վերադառնում:

Սալահ ալ-Դինի մահից հետո Այյուբյանների պետությունը սասանվեց՝ երկրում ծայր առած գահակալական երկպառակություններից: Թուլացած եգիպտական այս պետությունը այլևս լրջորեն չէր սպառնում Կիլիկիային:

Այժմ Դաշտային Կիլիկիայում գերիշխանություն ձեռք բերելու համար նորից սուր պայքար վերսկսվեց կիլիկյան հայերի և Անտիոքի դքսության միջև:
1193 թ. Անտիոքի դուքս Բոհեմունդ Գ (1163-1201) դավադրաբար Անտիոք հրավիրեց Լևոն Բ-ին: Սակայն Ռուբինյան իշխանը նախօրոք իմանալով Բոհեմունդի նենգության մասին հանդիպեց նրան սահմանագլխում գտնվող Գաստոն ամրոցում: Լևոն Բ ինքը գերեց Բոհեմունդ Գ-ին (1194 թ.): Անտիոքի դուքսը ստիպված իր համար ստորացուցիչ պայմանագիր կնքել Լևոն Բ-ի հետ, ըստ որի հրաժարվում էր Գաստոնից մինչև Այաս ձգված Դաշտային Կիլիկիայի հարավային մասերի նկատմամբ ունեցած հավակնությունից, Կիլիկիային էին վերադարձվում Ռուբեն Գ-ի գերության ժամանակ խաչակիրների կողմից զավթված սահմանամերձ մի շարք վայրեր, այդ թվում և Դրունք Ասորվոցը (Պորտելլան): Բացի այդ, համաձայն պայմանագրի Բոհեմունդի որդի Ռայմունդը ամուսնանալու էր Լևոն Բ-ի եղբոր աղջիկ Ալիսի հետ: Այդ ամուսնությունից ծնված Ռայմոնդ-Ռուբենը հետագայում Լևոնի կողմից հայտարարվեց գահաժառանգ: Այս քայլով Լևոն Բ փորձում էր իր իշխանությանը ենթարկել նաև Անտիոքը: Լևոն Բ սահմանամերձ մի շարք շրջաններ նվաճեց նաև Իկոնիայի սելջուկյան  սուլթանությունից:
Այսպիսով, իր իշխանության առաջին շրջանում (1187-1198) նա ընդարձակեց պետության սահմանները: Խիստ բարձրացավ Լևոն Բ-ի միջազգային հեղինակությունը: Բնակչության աճը,  երկրի տնտեսական կյանքի բարգավաճումը, քաղաքների ու արտաքին առևտրի զարգացումը խիստ նպաստեցին Կիլիկիայի ծաղկմանը: Կիլիկիան դարձավ Միջերկրական ծովի արևելյան ափի ամենազորեղ իշխանություններից մեկը: Ստեղծվեցին բոլոր նախադրյալները Կիլիկիայի հայկական իշխանությունը թագավորություն հռչակելու համար:
Լևոն Բ-ին թագ են շտապում ուղարկել Բյուզանդիան եւ Հռոմը: Բանակցությունների ընթացքում դրսևորվում են հայ և հույն եկեղեցիների միջև գոյություն ունեցող դավանաբանական դարավոր վեճերը: Հայոց պատվիրակությունը մերժում է հույն հոգևորականության պահանջը և, այսպիսով Բյուզանդիայի ու Կիլիկյան հայկական պետության քաղաքական մերձեցումը ձախողվում է:
1196 թ. Լևոն Բ Հռոմի պապ Կելեստինոս Գ-ի մոտ ուղարկեց մի պատվիրակություն, որի խնդիրն էր պապի միջնորդությամբ թագ ստանալ Հռոմեական Սրբազան կայսրությունից: Կելեստինոս պապը ուրախությամբ ընդառաջեց Լևոն Բ-ին:
Պապի ուղարկած պատվիրակությունը թագ հանձնելու պայմանների մասին բանակցություններ սկսեց Լևոն Բ-ի հետ: Պատվիրակությունը պապի անունից Լևոն Բ-ից պահանջեց ընդունել կաթոլիկ եկեղեցու դավանանքի մի շարք կետերը և այդ մասին տալ պարտավորագիր:
Լևոն Բ կաթողիկոսին և եպիսկոպոսներին ժողովի հրավիրեց: Ժողովն առերես ընդունեց Հռոմի առաջադրած մի շարք պայմանները:
Լևոն Բ-ի  թագավորության  հանդիսավոր  արարողությունները  տեղի  ունեցան  1198 թ. Տարսոնում:  Լեվոն Բ-ի թագավորությունը ժամանակակիցների կողմից դիտվել է որպես հայկական թագավորության վերականգնում, որպես մեծ իրադարձություն հայոց պատմության մեջ:

 ԼԵՎՈՆ Բ-Ի ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կիլիկյան Հայկական պետությունը մինչև իր գոյության վերջը միանգամայն ինքնուրույն քաղաքականություն վարեց Հռոմեական Սրբազան կայսրության և Բյուզանդիայի նկատմամբ: Չնայած գործադրած բոլոր ջանքերին, Հռոմին երբեք էլ չհաջողվեց Կիլիկիայում ունենալ քիչ թե շատ ուժեղ հենարան:
Կիլիկիայի հարևանությամբ հաստատվել էին «Տևտոնական» և «Հյուրնկալ» ասպետները, որոնց նկատմամբ Լևոն Բ բարյացակամ վերաբերմունք ցուցաբերեց: Դրանով Լևոն Բ աշխատում էր ապահովել երկրի պաշտպանությունը արտաքին վտանգից:
Այդ ժամանակվա իրավիճակը Կիլիկիայի հայ աշխարհիկ ու հոգեվոր ֆեոդալների մի մասի մոտ առաջացրեցին լատինասերների հոսանք, որը կողմնակից էր կաթոլիկ եկեղեցու հետ մերձենալուն: Հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, հայոց թագավորը բարյացակամ էր ինչպես լատինասերների, այնպես էլ նրանց հակառակորդների նկատմամբ:
Խաչակրաց երրորդ արշավանքից հետո Լևոն Բ ձգտում էր թուլացած Անտիոքն իրեն ենթարկել: Ի վերջո, 1216 թ., Անտիոքի ֆեոդալներից մեկի՝ Ամորիի օգնությամբ Լևոն Բ-ին հաջողվեց գրավել Անտիոքը և իշխանությունը հանձնել իր թոռ Ռուբեն-Ռայմոնդին, որը հայոց թագաժառանգ էր հռչակված:
Սակայն 1219 թ. Անտիոքի մի խումբ իշխանավորներ՝ Գիլլոմ դե-Ֆարբելի գլխավորությամբ դավադրություն կազմակերպեցին Ռուբեն-Ռայմոնդի դեմ, որը ստիպված եղավ փախչել Անտիոքից: Այն ժամանակ Լևոն Բ փոխեց որոշումը և իր մանկահասակ աղջկան՝ Զաբելին նշանակեց Կիլիկիայի թագաժառանգ:
Լևոն Բ աչքաթող էր արել փոքր ասիական սելջուկների վտանգը: Դեռևս 1206 թ. Բոհեմունդ Բ-ի դրդումով, Հալեպի ամիրաների հետ դաշնակցած սելջուկները ներխուժեցին Կիլիկիա, սակայն պարտություն կրեցին:
1216 թ. Սելջուկները նորից ներխուժեցին Կիլիկիա. այս անգամ վտանգը մեծ էր: 1216 թ. հունվարի 25-ին սելջուկները պաշարեցին ռազմական առումով խոշոր նշանակություն ունեցող սահմանամերձ Կապան ամրոցը: Ճիշտ է, սելջուկներին չհաջողվեց գրավել այն, սակայն ամրոցի պարիսպներից դուրս տեղի ունեցած ահեղ մարտերում հայկական զորքը պարտություն կրեց ու մի շարք այլ իշխաններ գերի ընկան սելջուկների ձեռքը: Պարտության գլխավոր պատճառն այն էր, որ հայոց թագավորին ընդդիմադիր իշխաններից ոմանք լքեցին ռազմի դաշտը:
Լևոն Բ ստիպված էր ընդունել սելջուկյան սուլթան Քեյ Քավուսի առաջադրած ծանր պայմանները: Նախ՝ որպես փրկագին սուլթանին զիջեց Լուլուա և Լօղատի բերդերը ազատելով կալանավոր իշխաններին, երկրորդ՝ պարտավորվեց տարեկան որոշ տուրք տալ սելջուկներին և, բացի այդ, ամեն գտարի սուլթանին տրամադրել 300 զինվոր:
Այդպիսով, թագավորության հռչակումը և անկախության ամրապնդումը, երկրի միավորումը և մասնատվության վերացումը իրենց հերթին պայմաններ էին ստեղծում Կիլիկիայի տնտեսական կյանքի հետագա զարգացմանն ու վերելքին: Մտածելով երկրի սահմանների ամրացման մասին, Կիլիկիայի սահմանամերձ շրջանները նա հանձնեց առավել խոշոր չորս իշխանների հյուրընկալների և տաճարականների ասպետական հոգևոր օրդենների հսկողությանը: Լևոն Բ ձեռնամուխ եղավ նաև երկրի վարչական մարմինների վերակառուցման և նորերի ստեղծման գործին: Նա մեծ ուշադրություն դարձրեց երկրի տնտեսական կյանքի՝ հատկապես առևտրի զարգացման վրա: Լևոն Բ աչքաթող չարեց նաև երկրի մշակութային կյանքի բնագավառը: Մի հիշատակարանում ասված է, որ Լևոն Բ-ի օրոք «Կիլիկեցվոց աշխարհը լցվեց իմաստությամբ և բազմացան մատենագրությամբ զբաղվողները կեսը գրչության, մյուսները զարդանկարչության գծով»: Զուր չէ, որ նրան Մեծագործի էին անվանում:
Լևոն Բ Մեծագործը վախճանվեց 1219 թ. մայիսի 2-ին՝ իր հետնորդներին թողնելով բարգավաճ և վերելք ապրող մի զորեղ պետություն:

ՀԵԹՈՒՄՅԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՎԵԼԸ ԿԻԼԻԿՅԱՆ ԳԱՀԻ ՎՐԱ

Լևոն Բ, ինչպես նշվեց, թեկուզ և թագաժառանգ էր նշանակել իր դուստր Զաբելին, սակայն նրա մահից հետո գահակալության հարցը բարդությունների առաջ կանգնեցրեց արքունիքին: Զաբելը անչափահաս էր, ուստի և հոր կամքով նրա խնամակալներ էին նշանակված Լամբրոնի տեր Կոստանդինը և Գաստոնի տեր Ադանը: Լևոն Բ խնամակալ Ադանին հանձնարարել էր իր դստերն ամուսնացնել Հունգարիայի թագավորի որդու հետ: Սակայն այդ ամուսնությունը տեղի չունեցավ: Շուտով շարքից դուրս եկավ Ադան պայլը: Այսպիսով, Կոնստանդին պայլը մնաց Զաբելի միակ խնամակալն ու երկրի փաստական կառավարիչը: Շուտով թագի հավակնորդների շուրջ հավաքված խմբավորումների միջև պայքար սկսվեց իշխանության համար: Գահակալական երկպառակություններն ու կռիվները մոտավորապես վեց տարի տևեցին, որով ժամանակավորապես թուլացան երկրի քաղաքական վիճակը և վատթարացավ նրա միջազգային դրությունը:
Իշխանության համար մղվող պայքարից աշխատում էին օգտվել երկրի ներսում և երկրից դուրս գտնվող օտար (հույն և լատին՝ լատինասեր) թագավորներն ու իշխանները: Նրանք նույնիսկ 1920 թ. խռովություն են բարցրացնում, բայց դա ճնշվում է:
Թագի ուժեղ և խորամանկ հավակնորդ էր Անտիոքի իշխան Ռուբեն-Ռայմոնդը: Դեռևս Լևոն Բ նրան վաղուց զրկել էր թագաժառանգությունից՝ դավաճանության պատճառով: Սակայն Ռուբեն-Ռայմոնդը փախչում է Կիլիկիա և գրավելով Տարսոն քաղաքը, պատրաստվում է գրավել իշխանությունը: Սակայն Կոնստանդին պայլը, համախմբելով իր շուրջը հայրենասեր իշխաններին, պարտության է մատնում նրան և գերի վերցնելով ապստամբներին՝ բանտարկում է Տարսոնի բերդում, որտեղ և նրանք մեռնում են:
Կոնստանդին պայլը խուսափեց իշխանության գլուխ դնել իր որդի Հեթումին: Այնուամենայնիվ վերոհիշյալ դեպքերը արքունիքին ստիպեցին արագացնել թագաժառանք Զաբելի ամուսնությունը, այսինքն՝ գահակալության հարցի լուծումը: 1922 թ. հարցը լուծելու համար Կոստանդին պայլը խորհրդակցություն հրավիրեց: Խորհրդաժողովը, որը տևեց մի քանի օր, որոշեց Զաբելին ամուսնացնել Անտիոքի իշխան Բոհեմունդի որդի Ֆիլիպի հետ, պատճառաբանելով, որ նա «մեզ հարևան է, և լավ կարող է օգնել մեզ կարիքի դեպքում»:
Կոստանդինն ու հայ ֆեոդալական ավագանին Ֆիլիպին առաջ դրեցին որոշ պայմաններ, որ նա հետևեր հայկական սովորություններին, պահպաներ և հավատարիմ մնար հայ եկեղեցու ծիսակատարություններին ու կարգին, որպեսզի յուրաքանչյուրը (առաջին հերթին պարոնը) պահեր իր իրավունքը: Ֆիլիպը 16 տարեկան էր, երբ ամուսնացավ Զաբելի հետ, հետևաբար երկրի քաղաքական իշխանության ղեկը դեռևս մնում էր Կոստանդին պայլի ձեռքում: Սակայն շուտով, օգտագործելով իր թագավորական իրավունքները, Ֆիլիպը դրժեց վերոհիշյալ պայմանները և աշխատեց մեկուսացնել Կոստանդինին ու մյուս հայ իշխաններին: Կոստանդին պայլը, կատարելով հայ ֆեոդալական ավագանու պահանջները իշխանությունից հեռացրեց ուղտադրուժ Ֆիլիպին: Իշխանական խորհուրդը երկրի կառավարիչ նշանակեց Կոստանդինին: Օգտագործելով հարմար պահը, Կոստանդինը իշխանների օգնությամբ կատարեց պետական հեղաշրջում: 1224-1226 թթ. թագավորական գահը դարձյալ թափուր մնաց: 1226 թ. Կոստանդինը նորից առաջ քաշեց գահի համար թեկնածու ընտրելու հարցը: Այս անգամ որոշվեց Զաբելին ամուսնացնել Կոստանդին պայլի որդի Հեթումի հետ և միաժամանակ նրան ճանաչել Կիլիկիայի թագավոր: Զաբել թագուհին սկզբում չհամաձայնվեց ամուսնանալ Հեթումի հետ, բայց հետագայում փոխեց իր որոշումը: Սրանով Կոստանդին պայլը և մյուս հայ իշխանները, հաղթանակ տարան կենտրոնախույս ուժերի, այդ թվում խաչակիրների և լատին հոգևորականության դեմ: Հեթումը դարձավ Հայոց թագավոր:
Այսպիսով, 1226 թ. ոչ միայն իշխանության գլուխ անցավ հեթումյանների հարստությունը, այլև միաժամանակ թուլացավ խաչակիրների և լատին տարրերի քաղաքական ազդեցությունը Կիլիկիայում: Երկրում վերականգնվեց կարգն ու կանոնը, ստեղծվեցին կենտրոնացված միապետական կարգեր: Սրանով վերջացավ Հեթումյանների և Ռուբինյանների երկարատև պայքարը իշխանության համար, քանի որ Հեթումի և Զաբելի ամուսնությամբ այդ իշխանական տները միավորվեցին:  Երկրում իշխանությունը ամրապնդելու համար՝ պետական բարձր պաշտոններն ու գործակալությունները կենտրոնացվեցին Հեթումյան տոհմի ներկայացուցիչների ձեռքում: Օրինակ՝ սպարապետությունը տրվեց Հեթում Ա-ի ավագ եղբորը՝ Սմբատին: Սկսվեց համեմատաբար երկարատև խաղաղության մի ջրջան:
Ներքին և արտաքին այդ անդորրը երկար չտևեց Միջին և Մերձավոր Արևելքում տեղի ունեցած միջազգային բնույթի խոշոր իրադարձությունների հետևանքով:

 

ԿԻԼԻԿԻԱՆ ԾԱՆՐ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Կիլիկիայի հայկական թագավորության քաղաքական դրությունը XIII դարի 70-80-ական թվականներին պայմանավորված էր այն փոփոխություններով, որ կատարվեցին Մերձավոր Արևելքի միջազգային դրության մեջ: Մոնղոլների ահ ու սարսափ տարածող ուժը աստիճանաբար թուլանում էր: Իշխանների պետության հյուսիսային և արևելյան սահմանագծերի վրա՝ թշնամի ուլուսների, հատկապես Ոսկե Հորդայի մշտական արշավանքներից նեղված, Իրանում իշխող մոնղոլներն ի վիճակի չէին մեծ ուժեր կենտրոնացնել Սիրիայում և Եգիպտոսում հզորացող մամլուքներին վճռական հարված հասցնելու համար: Իր հերթին սուր բախում կար մահմեդականների և խաչակիրների միջև, որովհետև կողմերից ոչ մեկը չէր զիջում համաշխարհային կարևոր հանգույց հանդիսացող Մերձավոր (Լևանտի) Արևելքի երկրների հարցում: Այս իրադրության մեջ մեծանում էր մոնղոլների դաշնակից Կիլիկիայի դերը մոնղոլների և եգիպտական սուլթանության միջև՝ Սիրիայի համար մղվող պայքարում:
Կիլիկիայի ռազմաստրատեգիական և տնտեսական նշանակությունն էլ ավելի մեծացավ, երբ Եգիպտոսը սպառնաց գրավել խաչակրաց պետությունների վերջին հանգրվանները: Այս հանգամանքը Հռոմի պապին և արևմտաեվրոպական պետություններին դրդում էր նոր փորձեր կատարել խաչակրաց արշավանք կազմակերպելու համար:
Իկոնյան սուլթանությունը մոնղոլներից ստացած հարվածներից այլևս ուշքի չեկավ ու գնալով թուլացավ: Այսպիսի պայմաններում հետզհետե էլ ավելի էր ուժեղանում Եգիպտոսի մամլուքյան սուլթանությունը՝ դառնալով Մերձավոր Արևվելքի ամենաազդեցիկ ուժերից մեկը:
Քաղաքական այս իրադրության մեջ, Կիլիկիայի զինակցական և բարեկամական կողմնորոշումը դեպի մոնղոլներն ու Արևմտյան Եվրոպան՝ ավելի էր վատթարացնում նրա հարաբերությունը Եգիպտոսի հետ: Վերջինս շարունակում էր իր ավարառու ու ավերիչ արշավանքները Կիլիկիայի վրա:
Ստեղծվել էր վերին աստիճանի բարդ իրադրություն: Հարաբերությունների բարելավումը Եգիպտոսի հետ համարյա անհնարին էին: Դաշինքը մոնղոլների հետ ոչինչ չէր խոստանում և զուրկ էլ չէր վտանգից. չէր վերացվել նաև թուրք-սելջուկյան վտանգը: Այս պայմաններում Կիլիկիան հարկադրված էր շարունակել կողմնորոշվելու դեպի Արևմուտքը:
Խաչակրաց արշավանքների շուրջ ստեղծված աղմուկի հետևանքն այն եղավ, որ Կիլիկիայի և Եգիպտոսի հարաբություններն էլ ավելի սրվեցին : Առաջավոր Ասիայի մահմեդական ժողովուրդները պաշտպանում էին Եգիպտոսի սուլթանությանը:
Անբարենպաստ էր նաև կիլիկյան հայկական պետության ներքին դրությունը: Ուժեղացել էին խոշոր հողատեր իշխանների կենտրոնախույս ձգտումները:
Լևոն Գ-ի թագավորության առիթով 1271 թ. ներում շնորհվեց բանտարկյալներին: Բանտարկյալների ազատման դեմ հանդես եկան խոշոր ֆեոդալներ, սակայն նրանց ընդվզումը ճնշվեց: Մոլևոնի բերդատեր Լևոնը և նրա դաշնակից Աբլղարիբ իշխանը պատժվեցին, շատերի բերդն էլ «յարքունիս» գրավվեցին:
Օգտվելով երկրի ներքին և արտաքին քաղաքական բարդ դրությունից, Եգիպտոսի մամլուքները 1275 թ. հանկածակի ներխուժեցին Կիլիկիա, ասպատակեցին երկիրը, ավարի մատնեցին Մսիս քաղաքը, հասան մինչև Կոռիկոս նավահանգիստը, այնուհետև անցան հյուսիս և պաշարեցին Սիսը: Հայերը կասեցրին մամլուքների հետագա առաջխաղացումը և դուրս վռնդեցին նրանց:
1276 թ. մամլուքների և թուրքմենների միացյալ զորքերը փորձեցին Մարաշի վրայով ներխուժել Կիլիկիա:  Հայերը պարտության մատնեցին զավթիչներին, սակայն Սմբատ սպարապետն ընկավ այդ ճակատամարտում՝ թշնամուն հետապնդելիս:
Չկարողանալով գրավել Կիլիկիան, 1277 թ. մամլուքները Ասորիքի վրայով՝ Ալբստանով ներխուժում են Փոքր Ասիա և գրավում Կեսարիան: Ձգտելով գրավել Փոքր Ասիան, մամլուքները նպատակ ունեին մեկուսացնել Կիլիկիան և նրան զրկել մոնղոլների օգնությունից:

ՊԱՅՔԱՐԻ ՀԵՏԱԳԱ ՍՐՈՒՄԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԱՄԼՈՒՔՆԵՐԻ ԴԵՄ

Եգիպտոսի մամլուքները, համոզվելով, որ Կիլիկիայի գրավմամբ հնարավոր չէ նվաճել Փոքր Ասիան, 1278-1279թթ. Ասպատակեցին Կիլիկիայի սահմանամերձ շրջանները և 1279թ. պաշարեցին Հռոմկլան: Հայերն այս անգամ էլ կարողացան հեռացնել թշնամուն: 1279թ.-ին Կահիրեում տեղի ունեցած հեղաշրջումով իշխանության գլուխ անցավ Կալաունը(1270-1290): Եգիպտոսը ժամանակավորապես դադարեցրեց արշավանքները դեպի Կիլիկիա և Փոքր Ասիա:
1280թ. մոնղոլական զորքերը Աբաղա խանի եղբոր՝ Մանգու Թիմուր խանի գլխավորությամբ ներխուժեցին Սիրիա: Իբրև մոնղոլների դաշնակից՝ հայերը միացան մյուս վասալների հետ և 25000-անոց զորքով՝ Լևոն Գ-ի հրամանատարությամբ արշավեցին Սիրիա ու անարգել մտան Հոմս քաղաքը: Օգնություն ստանալով Դամասկոսի ամիրա Սոնկուրից, Կալաունի զորքերը Հավրանի բաց դաշտում ճակատամարտ տվեցին մոնղոլական միացյալ ուժերի դեմ: Լևոն Գ և մոնղոլական զորքերը, աջից ու ձախից հարվածելով թշնամուն, հասնում են որոշ հաջողությունների: Սակայն կենտրոնի թևը, որին գլխավորում էր Մանգու Թիմուրը, անհայտ պատճառներով լքում է ռազմադաշտը և դիմում փախուստի: Նրան հետևում են մյուս թևերը և Կալաունը հաղթանակ է տանում:
Աբաղա խանին հաջորդող Թակուդարը՝ Ահմադ անվամբ (1282-1289), հրաժարվեց Սիրիան գրավելու մտադրությունից: Սրանով Կիլիկիան ժամանակավորապես կորցրեց մոնղոլների պաշտպանությունն ու օգնությունը: Կալաունը, օգտվելով առիթից, դրդեց թուրքմեններին ներխուժել Կիլիկիա: Վերջիններս այրեցին Այասը, սակայն վերադառնալիս ջարդվեցին հայկական զորքերի կողմից:
Նույն թվերին Հալեպի ամիրան Կալաունի հրամանով ներխուժեց Կիլիկիա: Թեև մամլուքները անհաջողության մատնվեցին, սակայն Լևոն Գ-ն համոզվելով, որ առանց մոնղոլների օգնության հնարավոր չէ սեփական ուժերով պաշտպանել երկիրը, ստիպված եղավ 1285թ. ծանր գնով հաշտության պայմանագիր կնքել Եգիպտոսի հետ՝ 10 տարի, 10 ամիս և 10 օր ժամանակով: Հաշտության պայմանագրով Կիլիկիան պարտավորվում էր Եգիպտոսին վճարել տարեկան 500000 թագավորական, 25 նժույգ, 25 ջորի և այլն: Այնուհետև, երկու կողմերը պայմանավորվում են կատարել գերիների փոխանակություն, թույլատրել առևտրական ազատ երթևեկություն երկու պետությունների հողերում:
Անշուշտ, Կիլիկիայի համար հաշտության այս պայմանները ծանր էին, սակայն առավել ծանր էր երկրի տնտեսական դրությունը, որը պետք էր բարելավվել: Ստեղծված հարաբերական դադարն ու խաղաղությունը հնարավորություն ընձեռեցին բարելավելու վիճակը:
Այսպիսով մասամբ բուժվեց մոնղոլական և մամլուքյան արշավանքների ժամանակ հայկական մշակութային գանձերին հասցված վնասը: Սակայն ստեղծված հարաբերական անդորրը խզվեց Լևոն Գ-ի մահից (1289) հետո, երբ նորից փոփոխություններ կատարվեցին Մերձավոր Արևելքի միջազգային դրության մեջ:
Եգիպտական սուլթանը անմիջապես սահմանակից դառնալով Կիլիկիան հայկական պետությանը, խախտեց 1285թ. կնքված պայմանագիրը, վերսկսեց փոքրածավալ արշավանքները Կիլիկիայի վրա:
Լևոն Գ-ի որդին ու հաջորդը՝ Հեթում Բ-ն (1289-1305), զորք ուղարկեց Ամանոսյան լեռները պաշտպանելու: Միաժամանակ նա դիմեց մոնղոլներին՝ խնդրելով ռազմական օգնություն: Վերջիններս զլացան օգնել: Հեթում Բ-ն նույն նպատակով պատգամավորներ ուղարկեց նաև Եվրոպա: 1292թ. սկզբներին Նիկողայոս Դ պապի բարեխոսական նամակները՝ ուղղված Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Գեղեցիկին և Անգլիայի թագավոր Էդվարդին, մնացին անհետևանք:
Եգիպտական մամլունքները արշավանքի էին պատրաստվում: Նրանք խուժեցին Կիլիկիա և 1292թ. հունիսի 28-ին միամսյա պաշարումից հետո գրավեցին Հռոմկլա կաթողիկոսանիստ ամրոցը՝ գերելով կաթողիկոսին և ամրոց-քաղաքի բնակիչներին: Մոնղոլական զորքերը չկարողացան խանգարել մամլուքներին: Մնալով անօգնական, չստանալով մոնղոլների և Եվրոպայի օգնությունը՝ Հեթում Բ-ն ստիպված եղավ Եգիպտոսին զիջել Մարաշ, Թիլ-Համտուն, Բեհեսնի ամրոցներն ու քաղաքները:
1294թ. Հեթում Բ-ն հրաժարվեց գահից, մտավ Դրազարկի վանքը, իր եղբորը՝ Թորոսին(1294-1295) հանձնելով թագավորական գահը: 1295թ. Թորոսը նույնպես մտավ վանք, իսկ իշխանությունը նորից իր ձեռքը վերցրեց Հեթում Բ-ն:
Երկրի տնտեսական և ներքին քաղաքական դրությունն էլ ավելի վատթարացավ 1296-1299թթ.՝ Հեթում Բ-ի եղբայրների միջև տեղի ունեցած գահակալական կռիվների և երկպառակությունների պատճառով:
Վերադառնալով իշխանության գլուխ՝ Հեթում Բ-ն որոշեց վերականգնել հայ-մոնղոլական զինակցությունը մամլուքների դեմ:
Կիլիկիայի հետ դաշինքը պահելու և նրա միջոցով արևմուտքի հետ բանակցությունները վարելու միտումով՝ Ղազան խանը դրական խոստումներ տվեց Հեթում Բ-ին: Այդ ժամանակ Անդրոնիկոս Բ-ի խնամախոս պատվիրակները եկել էին խնդրելու իր քրոջ՝ Ռիթայի ձեռքը Անդրոնիկոսի որդի Միքայելի համար:
Հեթում Բ-ն, թագապահ նշանակելով Սմբատ եղբորը, Թորոս եղբոր հետ 1296թ.-ին մեկնեց Կ.Պոլիս՝ ներկա գտնվելու քրոջ ամուսնության հանդեսին: Այսպես ուրվագծվում էր հայ-բյուզանդական զինակցություն ընդդեմ մամլուքների:
Թագավորի եղբայր Սմբատը, օգտվելով իր եղբայրների բացակայությունից, պաշտպանություն գտնելով դժգոհ եղբայրներից և իր կողմում ունենալով Գրիգոր կաթողիկոսին, իրեն հռչակեց թագավոր ու Սսում հանդիսավորությամբ օծվեց արքա հայոց:
Վերադառնալով Կիլիկիա և տեսնելով իր եղբոր արարքը՝ Հեթումը սկսում է օգնություն խնդրել հարևան երկրներից: Սակայն Սմբատը կանխել էր նրան: Կիլիկիա վերադառնալիս՝ Սմբատը իր եղբայրներ Հեթումին և Թորոսին հանդիպում է Կեսարիայում, ձերբակալում և բանտարկում Բարձրբերդում: Երկմիտ և նենգ  իշխանների խորհրդով Սմբատը սպանել է տալիս Թորոսին, իսկ Հեթում Բ-ին կուրացնում:
Եգիպտական սուլթանությունը որոշում է օգտագործել պատեհ առիթը նոր արշավանք սկսելու Կիլիկիայի վրա: 1298թ. եգիպտական զորքերը պաշարում են Համուս ամրոցը: Սմբատը նույն տարում օգնություն է խնդրում պապից: Ի պատասխան Կիլիկիայի թագավորի դիմումի՝ 1298թ. Բոնիֆացիոս Ը պապը թղթեր հղեց Ֆրանսիայի և Անգլիայի թագավորներին՝ օգնություն խնդրելով «Հայաստանի թագավորի» համար: Այդ ժամանակ Հեթում Բ-ի երրորդ եղբայր Կոստանդինը, իր շուրջը համախմբելով Սմբատի անողոքությունից և ամբարտավանությունից դժգոհ հայ իշխաններին, որոշում է վերջ տալ Սմբատի տիրակալությանը: Սսի մոտ տեղի ունեցած եղբայրասպան ճակատամարտում Կոստանդինի կողմնակիցները հաղթանակ տարան: Սմբատը ձերբակալվեց և բանտ նետվեց:
1298թ. գարնանը, եգիպտական սուլթան Լաչինի(Մալիք ալ-Մանսուր) և Կիլիկիայի հարևան մի շարք ամիրայությունների զորքերը, միավորվելով Ջայհան գետի մոտ, խուժեցին Սսի երկիրը, ավիրեցին և կողոպտեցին այն: 1298թ. գրավեցին Համուս բերդը:
Եգիպտական մի այլ ջոկատ ուղղվեց դեպի Այաս, սակայն կիլիկյան զորքերը կարողացան ետ մղել այդ հարձակումը: 1299թ.-ին հայ իշխանների խնդրանքով և օգնությամբ Հեթում Բ-ն երրորդ անգամ անցավ իշխանության գլուխ: Նա իր Կոստանդին և Սմբատ եղբայրներին ուղղարկեց Կոստանդնուպոլիս:
Հեթում Բ-ի երրորդ գահակալումը զուգադիպեց ղազան խանի ձեռնարկած սիրիական խոշոր արշավանքին: Այս արշավանքը 1300թ. աշնանը անհաջողության մատնվեց:
Սիրիական երկու արշավանքները մոնղոլներին համոզեցին, որ առանց եվրոպական երկրների ռազմական օժանդակության դժվար է ջախջախել Եգիպտոսը և գրավել Սիրիան:
Պատրաստվելով Սիրիական երրորդ արշավանքին մոնղոլներն ու հայերը նորից դիմեցին Եվրոպային, սակայն ապարդյուն: Կիլիկիան հայկական պետությանը մնում էր դարձյալ ապավինել մոնղոլական իշխանությանը որպես միակ իրական դաշնակցի:
Այս բոլորից, անշուշտ, առաջին հերթին տուժում էր Կիլիկիան: Վերահաս վտանգից պաշտպանվելու համար՝ Հեթում Բ-ն մեկնեց Իրան՝ Ղազան խանից օգնություն խնդրելու: Խանը նրան տվեց միայն հազար ձիավոր և դրամական օժանդակություն՝ թագավորության սահմանները պաշտպանելու համար, մինչև որ Ղազան խանին հաջողվեց վերադառնալ Սիրիա: 1305թ.-ին Ղազան խանը մահացավ, իսկ
Կիլիկիային օգնելու մասին այլևս ոչ ոք չէր մտածում, թեև Կիլիկիան այն երկիրն էր, որի վրայով տեղի էր ունենում մոնղոլական իշխանության առևտուրը արևմուտքի հետ: Մոնղոլական իշխանության ներսում ծայր առած խնդիրները ի վերջո հանգելու էին մոնղոլական պետության տնտեսական անկմանը, քաղաքական տրոհմանն ու փլուզմանը:
Այդ բոլորն ունեցան այն հետևանքը, որ Կիլիկիան նվաճելու եգիպտական սուլթանի ախորժակը նորից գրգռվեց: 1303-1305թթ. Եգիպտական բանակները նորանոր ավերիչ հարձակումներով հրի ու սրի մատնեցին Կիլիկիան: Հեթում Բ-ն վերջին անգամ հրաժարվեց գահից, վանականի զգեստ հագավ և քանի որ ժառանգ չուներ, արքայական գահը հանձնեց Թորոս եղբորորդի Լևոն Դ-ին:

Լևոն Դ-ի (1305-1307) պատվիրակները Նեապոլի վրայով ուղևորվեցին Հռոմ ու Փարիզ: Կլեմենտ Ե պապը խոստանալով օգնություն, պահանջեց, որ հայկական եկեղեցին ընդունի կաթոլիկ եկեղեցու ծիսակատարություններն ու դավանաբանական սկզբունքները. այսինքն՝ ենթարկվի իրեն: Այդ առթիվ 1307թ.-ին Սսում հրավիրվեց եկեղեցական ժողով, որտեղ քննարկվեց կաթոլիկ և հայ եկեղեցիների միության՝ Ումնիայի հարցը: Լատինասերների ճնշման տակ՝ ժողովրդականներն ընդունեցին պապի առաջարկը: Սակայն այդ որոշումը չկատարվեց: Սսի եկեղեցական որոշումներն ունեցան այն հետևանքը, որ երկրում առաջացան իրարամերժ խմբավորումներ՝ ունիթորներ և հակաունիթորներ, որով ավելի խախտվեց երկրի քաղաքական միասնությունը:
Ներքին և արտաքին քաղաքական իրավիճակից շտապեց օգտվել Կիլիկիայում որպես օգնական ուժ գտնվող մոնղոլական ջոկատի հրամանատար Փիլարղուն: Նա ցանկանում էր իր հսկողության տակ վերցնել Կիլիկիայի արտաքին քաղաքականությունը և ստիպել վերջինին հրաժարվել Եգիպտոսին հարկ վճարելուց, ինչպես նաև ավելացնել Կիլիկիայի կողմից մոնղոլներին տրվող հարկերը:
Սսի ժողովից ութ ամիս հետո՝ 1307թ.-ի նոյեմբերի 18-ին Փիլարղուն ձեռնարկում է մի ուխտադրուժ դավադրություն, որի ժամանակ սպանում է Հթում թագավորահորը, 40 ականավոր իշխանների՝ Օշին սպարապետին, Հեթումի եղբորոդի պարոն Թորոսին և այլոնց:
Փիարղուի կատարած ոճիրի դեմ բողոքելու համար մոնղոլական իշխան Օլջեյթուի (իմա՝ Խարբանդա խան) մոտ է գնում Հեթում Բ-ի մյուս եղբայր Ալինախը: Սակայն հայ-մոնղոլական հարաբերությունները նախկին ուժն ու նշանակությունը չունեին, և Օլջեյթուն արդարացրեց Փիլարղուին, թեև մոնղոլական խանի գործակալները քիչ հետո սպանեցին նրան: Հայ-մոնղոլական զինակցությունը անփառունակ վախճան ունեցավ:

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ 1307-1361թթ.

Փիլարղուին Կիլիկիայից հեռացնելուց հետո Օշինը օծվեց հայոց թագավոր(1308-1320): Կիլիկիայի գոյությանը սպառնացող գլխավոր վտանգը XIV դարում շարունակում էր մնալ եգիպտական սուլթանության նվաճողական քաղաքականությունը:
1305թ.-ին կնքված հայ-եգիպտական հաշտության պայմանագիրը, չնայած փոքր խախտումներին, պահպանվեց մինչև 1320թ-ը: Ընդորում Կիլիկիան այդ թթ. Շարունակում էր ամենամյա հարկ վճարել եգիպտական սուլթանությանը:
Եգիպտոսի և մոնղոլների միջև կնքված 1303թ. պայմանագիրն անկայուն էր և խախտվեց: XIII դարի երկրորդ կեսին ստեղծված հայ-մոնղոլական դաշինքը XIV դարի առաջին կեսին աստիճանաբար լուծվեց:
Արևմտաեվրոպական կողմնորոշմանը ձգտում էին հատկապես Կիլիկիայում բնակություն հաստատած լատինական տարրերը, բարձրաստիճան որոշ հոգևորականներ և արքունիքի առանձին հեղինակավոր ծառայողներ: Վերջիններս հարում էին ունիթոռական հոսանքին: Ունիթոռների և հակաունիթոռների միջև պայքարը ստանում էր ավելի սուր բնույթ:
1308թ. Ադանայում կազմակերպված բողոքի ցույցերին նշանակություն չտալով՝ թագավորը և կաթողիկոսը շարունակում են իրենց ընթացքը: 1309թ. Ադանայում տեղի է ունենում նոր ժողով, որի նպատակն էր ժողովրդին ստիպել ընդունելու 1307թ. Սսի եկեղեցական ժողովի որոշումները: Բողքը և ընդվզումը կրկնվում է 1309թ.-ին: Պապականությունը, ոչ մի արժեք չտալով այդ ցույցերին ու բողոքներին, 1316թ.-ին Օշինից պահանջեց հրավիրել նոր ժողով, որը տեղի ունեցավ լատինասեր Կոստանդին կաթողիկոսի նախաձեռնությամբ Ադանայում՝ 18 եպիսկոպոսների, 7 վարգապետների և 10 աշխարհիկ իշխանների մասնակցությամբ: Թեև ժողովը հաստատեց Սսի 1307թ. եկեղեցական ժողովի որոշումները, սակայն ժողովի մասնակիցները թվով և լիազորությունները ըստ էության իրավասու չէին ներկայացնելու ամբողջ հայ ժողովուրդը: Այս իսկ պատճառով ընդունված որոշումները մնացին թղթի վրա: Ավելին, դրանց դեմ նորից բռնկվեցին ժողովրդական ցույցեր ու բողոքներ, թեև դաժանորեն ճնշվեցին Օշինի կողմից:
1317թ. Օշինը նամակներով նոր պատվիրակություններ է ուղարկում Ավինիոն և Փարիզ՝ պապի ու Ֆրանսիայի թագավորի մոտ: Պապը 1318թ.-ին Կիլիկիայի արքունիքից պահանջում է ի կատար ածել եկեղեցական ժողովի որոշումները՝ առաջարկելով նույնիսկ դպրոցներում մտցնել լատիներեն լեզուն:
Այսպիսով իրական օգնության փոխարեն, պապի լատինականացման և ֆրանկացման պահանջներն էլ ավելի էին սրում Կիլիկիայի քաղաքական խմբավորումների հարաբերությունները՝ խարխլելով երկրի բարոյաքաղաքական միասնությունը:
Սկսած 1318թ.-ից Եգիպտոսի մամլուքները և Իկոնիայի Կարամանցի թուրքմեններն սկսեցին համաձայնեցրած արշավանքներ Կիլիկիայի վրա:

1320թ.-ին Օշինի մահից հետո իշխանության գլուխ է անցնում որդին՝ Լևոն Ե-ն (1320-1342): Վերջինիս անչափահասության պատճառով երկիրը կառավարվում է խնամակալների միջոցով: Լևոն Ե-ի իշխանության առաջին տարում նորից բռնկվում են ֆեոդալական երկպառակություններ: Լևոնի հինգ խնամակալներից առանձնապես նշանավոր էր Կոռիկոսի իշխան Օշինը: Վերջինս Լևոն Ե-ին ամուսնացրեց իր դստեր հետ, իսկ ինքը ամուսնացավ մայր թագուհու հետ: Ավելին՝ նա իր եղբորը՝ Կոստանդինին նշանակեց սպարապետ և այսպիսով սկսեց վարել պետության գործերը: Դժգոհելով այս ամենից՝ իշխանները վեճեր ծավալեցին:
Լևոն Ե-ի իշխանության ժամանակ էական փոփոխություններ տեղի ունեցան Մերձավոր Արևելքում և Արևմտյան Եվրոպայում: Մոնղոլական պետությունն իր հոգեվարքն էր ապրում և շուտով կործանվեց, իսկ Եվրոպայում Ֆրանսիայի և Անգլիայի միջև սկսվել էր հարյուրամյա պատերազմը (1337-1453): Կիլիկիան հայկական թագավորությունը մնաց մեն-մենակ իսլամական թշնամի պետությունների օղակում, առանց դաշնակցի և օգնականի:
Սակայն Կիլիկիան քաղաքագետները չկարողացան ճիշտ գնահատել ստեղծված միջազգային դրությունը և շարունակեցին իրենց նախկին քաղաքականությունը, որով Կիլիկիայի և եգիպտական մամլուքների հարաբերություններ ավելի սրվեցին: Մամլուքները, տեղեկանալով Կիլիկիայի ներքին և արտաքին վիճակին, 1320թ.-ին սկսեցին պարբերական արշավանքներ ձեռնարկել դեպի Կիլիկիա:
1320թ.-ին Սիրիայի մահմեդական զորքերը, ասպատակելով երկիրը, հասան մինչև Սիս մայրաքաղաքը: 1321թ. Կիլիկիայի վրա հարձակվեցին թաթարները: Նրանց զորքերը մոտ մեկ ամիս կողոպտեցին երկիրը, ապա վերադարձան: Այս արշավանքների ժամանակ Լևոն թագավորը և ոսոխի սպանդից խույս տված հայերը ապաստանեցին Այաս նավահանգստի բերդում: Ի պատասխան Կիլիկիայի խաղաղասիրական առաջարկին՝ Եգիպտոսը պահանջեց այն բերդերն ու քաղաքները, որոնք միացվել էին Կիլիկիային Ղազան խանի արշավանքների ժամանակ, բայց մերժում ստացավ:
1322թ. տեղեկանալով խաչակրաց նոր արշավանք նախապատրաստելու ակնկալությամբ Լևոն Ե-ի Եվրոպայում կատարած դիվանագիտական ձեռնարկումներին, Եգիպտոսի սուլթան Նասիրը համաձայնության եկավ թաթար Թեմուրտաշի հետ՝ համատեղ ռազմական գործողություններ սկսելու ընդդեմ Կիլիկիայի հայկական թագավորության: Այս անգամ ռազմական գործողությունների գլխավոր նպատակն էր գրավել Այասը: Վերջինիս ռազմական և առևտրական նշանակությունը խիստ բարձրացրել էր Մերձավոր Արևելքի խաչակիր նավահանգստային քաղաք-պետությունների անկումից հետո:
Գրավելով Այասը՝ սուլթանը մեծ եկամուտներ ձեռք կբերեր: Այսպիսով սուլթանի արշավանքի նպատակը Այասի նկատմամբ ավելի շատ տնտեսական և շահադիտական էր: 1322թ.-ի ապրիլի 23-ին սուլթան Նասիրը իր գլխավոր հարվածն ուղղեց Այաս: Հայկական բանակը անպատրաստ գտնվեց այդ հարձակումների հանդեպ: Մանկահասակ թագավորը, Օշին պայլը և սրա եղբայր Կոստանդին սպարապետը, իրենց զորքերով քաշվեցին լեռները և ամրացան բերդերում: Երկիրը մնաց անպաշտպան: Թշնամիների գործած բռնությունների ու ավերածությունների դեմ ծառացավ հայ ժողովուրդը: Հայկական մի քանի գնդեր փորձեցին հետապնդել թշնամուն և կորուստներ տվեցին թշնամու զորքում, սակայն Այասը գրավվեց:
Այասի գրավումը և հայկական բանակների պարտությունը հետևանք էին Կիլիկիայում տիրող ռազմա-քաղաքական և տնտեսական ճգնաժամի: Կիլիկիան հայկական պետությունում գերիշխող վերնախավը չկարողացավ իր շուրջը համախմբել ոչ միայն հայ ժողովրդին, այլև իշխաններին: Ներքին գահակալական կռիվներն ու կրոնական վեճերը կենտրոնական իշխանությանը խանգարում էին թշնամու դեմ միավորելու երկրի մարդկային և նյութական միջոցները:
Մոնղոլական իշխանությունը իր դաշնակցային պարտավորությունները կատարելու մի վերջին փորձ կատարեց: 20000-անոց զորք ուղարկվեց իշխանության և Եգիպտոսի սահմանը՝ վերջինիս զգուշացնելով դադարեցնել արշավանքները և հաշտություն կնքել Կիլիկիայի հետ: Հակառակ պարագայում նրանք սպառնում էին ռազմական գործողություններ սկսել Եգիպտոսի դեմ: Սակայն դա ավելի ցույց էր, քան իրական օգնություն: Լևոն Ե-ն հաշտության բանակցություններ սկսեց Եգիպտոսի հետ այդ անբարենպաստ պայմաններում: Կոստանդին կաթողիկոսի գլխավորությամբ Կահիրե ժամանած պատվիրակությունը 1323թ.-ին Նասիր սուլթանի հետ կնքեց հաշտության պայմանագիր՝ Կիլիկիայի համար ծանր պայմաններով: Պայմանագրով Կիլիկիան պարտավորվում էր Եգիպտոսին վճարել տարեկան 1.200.000 արծաթ դիրհեմ: Բացի այդ հայերը հանձն էին առնում Եգիպտոսին վճարել Այասի նավահանգստից ստացված եկամուտների 50%-ը և օտարականների վաճառված աղի եկամտի կեսը: Եգիպտոսը պարտավորվում էր զորքերը ետ քաշել Կիլիկիայից և Եգիպտսի ծախսերով վերաշինել ավերված քաղաքները, բացի Այասի ծովային բերդի ամրություններից:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԽՈՐԱՑՈՒՄԸ

Լևոն Ե-ն, լատինախոսների խորհրդով, 1329թ.-ին ձերբակալեց և գլխատել տվեց հայադավան ճակատը գլխավորող Կոռիկոսի տեր Օշին պայլին և նրա եղբայր Կոստանդին սպարապետին: Դրանով նա նպատակ ուներ իշխանությունից հեռացնել հակալատին տարրերին: Դա հավաանական է դառնում նաև այն պատճառով, որ մեկ տարի հետո Լևոն Ե-ն ամուսնանում է Սիկիլիայի թագավոր Ֆիլիպ Ա-ի դստեր հետ և գլխատված իշխանների փոխարեն Ջիվան Լուսինյանին նշանակում է պայլ, իսկ վերջինիս եղբորը՝ Բոհեմունդին, Կոռիկոսի տեր: Այս բոլորի հետևանքը եղավ այն, որ արքունիքում զորեղացան լատինամոլ տարրերը: Վերջիններս Լևոն Ե-ին հորդորում էին բացահայտորեն վարել արևելյան քաղաքականություն: Լսելով սրանց՝ Լևոն Ե-ն 1331 թ. հատուկ դեպսնաություն է ուղարկում Եվրոպա՝ խաչակրաց նոր արշավանք կազմակերպելու խնդրանքով:
1335թ. լսելով, որ Ֆրանսիայի Ֆիլիպ Զ թագավորը պատրաստվում է խաչակրաց արշավանքի, մամլուքները Հալեպի ամիր Ալթուն Բուղային հրամայեցին ասպատակել Կիլիկիայի սահմանամերձ շրջանները: Պատերազմական գործողությունները շարունակվեցին 1336 և 1337 թթ.: Հայոց թագավորը ստիպված եղավ հաշտություն կնքելու նպատակով պատվիրակություն ուղարկել Մելիք Նասիրի մոտ: Եգիպտակա սուլթանը բանտարկեց պատվիրակության որոշ անձանց և ծանր պայմաններ առաջարկելով՝ համաձայնեց հաշտության պայմանագիր կնքել: Այդ համաձայնագրով սուլթանին էր մնում Այասը, Ջայհանից արևելք գտնվող հողերն իրենց բազմաթիվ բերդերով և քաղաքներով: Այս կորուստները խիստ ծանր եղան Կիլիկիայի թագավորության համար, որը, ինչպես ասում է Իբն Վարդին՝ «անհոգի մի դիակ էր դառնում՝ կորցնելով այդ երկիրը»:
Այդ պայմանագրով Լևոն Ե-ն Ավետարանով երդվեց ընդհատել հարաբերությունները պապի և Ֆրանսիայի թագավորի հետ, սակայն շուտով խախտեց դա: Բենեդիկտոս ԺԲ պապը նրան ազատեց այդ երդումից և դրա փոխարեն պահանջեց իրականացնել ունիան՝ խոստանալով տնտեսական և ռազմական օգնություն: Պապի կողմնակիցներն անբավարար գտնելով Լևոն Ե-ի համագործակցությունը Արևմուտքի հետ, սպանեցին նրան:
Լևոն Ե-ի մահից հետո իշխանության գլուխ եկավ Գվիդոն Լուսինյանը 1343թ.-ին: Սա նույնպես վարում է լատինական քաղաքականություն և դժգոհություններ է առաջացնում ժողովրդի շրջանում և 1345թ.-ին սպանում են նրան:
Գվիդոնի սպանությունից հետո «իշխանական խորհուրդը» թագավոր է ընտրում Կոստանդինին: Կոստանդին Դ-ի (1345-1363) իշխանության ժամանակ Կիլիկիայի միջազգային դրությունը ավելի է վատանում:
Գվիդոնի սպանության լուրը դժգոհություն առաջացրեց Եվրոպայում: Կիմենտ Զ պապը Ավիոնում գտնվող Կիլիկիայի պատվիրակներին հասկացրեց, որ Կիլիկիային ռազմական և տնտեսական օգնություն կտրվի միայն այն ժամանակ, եթե հայերը անմիջապես ընդունեն կաթողիկոսությունը:
Կոստանդին Դ-ն հավատալով այդ խոստումներին, 1345թ.-ին Սսում հրավիրեց ժողով, , որը ձևականորեն ընդունեց ունիան՝ հույս տածելով օգնություն ստանալ Եվրոպայից:
Արևմուտքի հետ կապի վերականգնումը նորից առիթ ծառայեց, որպեսզի Կիլիկիայի դեմ ելնեն թուրքմենները ու մամլուքները:  Միաժամանակ հանկարծակի Կիլիկիա ներխուժեցին մամլուքները՝ Հալեպի Նաիբի գլխավորությամբ:
Պապը շուտով իր լրտեսների միջոցով տեղեկացավ, որ Կիլիկիայում չեն իրագործում Սսի եկեղեցական որոշումները՝ հայ ժողովրդի լուրջ դիմադրություն ցույց տալու պատճառով, ուստի նա պատվիրակներ ուղարկեց Կիլիկիա և նորից պահանջեց իրագործել այդ որոշումները, որպեսզի կաթոլիկ Եվրոպան օգներ Կիլիկիային: Եգիպտական սուլթանին առիթ էր հարկավոր վերսկսելու պատերազմը և այս ամենը նա վերագրեց որպես պայամանագրի խախտում և 1347թ.-ին մեծաթիվ զորքով հարձակվեց Կիլիկիայի վրա: Հայկական զորքերը Լիպարիտ սպարապետի գլխավորությամբ ջախջախեցին մամլուքների առաջապահ գնդերը: 1347թ. աշնանը հայ-կիպրական զորքերը գրավեցին Այասը:
1348թ. Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում մահ ու սարսափ տարածող սև ժանտախտը տարածվեց նաև Կիլիկիայում, ինչպես նաև սովը պատճառ դարձան հայ բնակչության արտագաղթի:
1360թ. Հալեպի ամիրա Բեկ Թիմուրի զորքերն արշավում են Կիլիկիա և վերջնականապես գրավում Տարսոն և Ադանա քաղաքները: Սրանց կորստով Կիլիկիան գրեթե մեկուսացվեց Միջերկրական ծովից և կանգնեց տնտեսական ու ռազմական անելանելի վիճակում: Նույն թվականին կարամանցի թուրքմենները հյուսիս-արևմուտքից ներխուժեցին Կիլիկիա և պաշարեցին Արևմուտքին կապող Կոռիկոս ամրոց-նավահանգիստը:
Համոզվելով, որ պապի խոստումները սուտ են՝ Կոստանդին Դ թագավորը 1360թ. Սսում հրավիրեց եկեղեցական շողով, որով չեղյալ հայտարարեց նախկին ժողովի որոշումները:
Այսպիսով պապականության փորձերը վերջնականապես ձախողվեցին:

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ

Սսի 1361թթ. եկեղեցական ժողովի կողմից պապականության քաղաքականության դատապարտումից հետո հայ իշխող ավագանին, հատկապես ֆրանկասերները, սկսեցին իրենց հույսերը կապել Կիպրոսի թագավորության օգնության հետ: Կիպրոսի թագավոր Պետրոս Ա (1359-1369), հույսը դնելով Եվրոպայի վրա, պատրաստվում էր նոր խաչակրաց արշավանք կազմակերպել Եգիպտոսի դեմ: Հենվելով հայ լատինասեր տարրերի վրա՝ նա ցանկանում էր զավթել Կիլիկիան և դառնալ միաժամանակ Կիլիկիայի թագավոր: Սակայն Պետրոս Ա-ի նկրտումների իրականացմանը խանգարում էին ոչ միայն եգիպտական մամլուքները, այլև կիլիկյան գահի ինքնակոչ հավակնորդներին՝ Բոհեմունդին և Լևոնին: Շուտով Վենետիկում մահանում է Բոհեմունդ Լուսինյանը, իսկ Լևոն Լուսինյանի գործունեությունը զսպվում Պետրոս Ա-ի գաղտնի մտադրություններով:
1365թ.Կիլիկյան գահը երկու տարի թափուր մնալուց հետո՝ հայ իշխանները գահ են բարձրացնում Կոստանդին Ե-ին:

1367թ.-ին Պետրոս Ա-ն ծրագրում էր Կոստանդին Ե-ի հետ համատեղ գործողությունների դիմել՝ Այասը վերագրավելու համար: Կոստանդին Ե-ն չկարողացավ մասնակցել այդ արշավանքներին: Կիպրական զորքերը ափ դուրս եկան Այասի մոտ, բայց ութ օր տևող համառ մարտերից հետո չկարողացան գրավել Այասի բերդը և ստիպված եղան նահանջել: Կոստանդին Ե-ն չէր ցանկանում խախտել Եգիպտոսի հետ կնքած հաշտության պայմանագիրը, կամ վախենում էր, թե Այասի գրավումից կօգտվեր միայն Կիպրոսը: Սակայն Կոստանդինի չեզոքությունը չարժանացավ Եգիպտոսի մամլուքների գնահատանքին:
1369թ. Պետրոս Ա-ն Նիկոսիայում սպանվեց իր ապստամբ պարոնների կողմից:
Կոստանդին Դ-ի այրին՝ Մարիամը, նամակներով դիմեց պապին, Նեապոլին և Վենետիկին: 1369թ.-ի հոկտեմբերի 11-ի թվակիր պատասխան-նամակում Վենետիկի դոժը խոստանում էր Կիլիկիայի մասին հատուկ կետ մտցնել այն հաշտության պայմանագրում, որը շուտով կնքվելու էր Եգիպտոսի և Ջենովայի միջև: Ուրվագծվող հաշտության պայմանագիրը պիտի երաշխավորեր մշտական խաղաղություն՝ Կիլիկիայի և Եգիպտոսի միջև: Սակայն հակասությունները Վենետիկի և Ջենովայի միջև շարունակվեցին և այնպես էլ հաշտության պայմանագիրը չկնքվեց:
Նույն ժամանակ Մերջավոր Արևելքում մամլուքները 60000-անոց բանակով Հալեպի Իշեկ Թիմուր և Տարսոնի Մանչուկ ամիրաների գլխավորությամբ սպառնում էին հողմացրիվ անել Լեռնային Կիլիկիայի բերդերն ու ամրոցները: Նրանց գլխավոր հարվածն ուղված էր Սսի դեմ: Սկսվեց Սսի երկարատև պաշարումը:
Թեև մամլուքները մտան Սիս, հրդեհեցին քաղաքը, սակայն չկարողանալով գրավել Սսի բերդը՝ ստիպված եղան նահանջել: Շուտով երկրում սկսվեց սով:
Այդ արշավանքից հետո Կոստանդին Ե-ն ձգտում էր խաղաղություն պահպանել Եգիպտոսի հետ, բայց նրան խանգարում էին լատին տարրերը՝ Մարիամ թագուհու գլխավորությամբ:
Թեև Կոստանդին Ե թագավորն անձնապես պետական ձեռներեց գործիչ չէր, սակայն նրա խուսանավելու քաղաքականությունը Եգիպտոսի նկատմամբ հեռատես էր: Իմանալով նրա մտադրության մասին՝ հակառակորդները թույլ չտվեցին, որ նա հաշտության նոր պայմանագիր կնքեր Եգիպտոսի հետ: Այնուհետև Կոստանդին Ե-ին մեղադրելով դավաճանության մեջ՝ ընդհանուր դժգոհության մթնոլորտում ֆրանկասեր և լատինամոլ իշխանները 1373թ.-ին դավադրաբար սպանեցին նրան: Ապա պատվիրակություն ուղարկեցին Կիպրոս՝ Լևոն Լուսինյանի մոտ, նրան հրավիրելու Սիս՝ գահը հանձնելու համար:
Հայ իշխաններն ու հոգևորականները Պողոս կաթողիկոսի գլխավորությամբ պահանջեցին, որ Լևոնը թագավոր օծվի ըստ հայկական օրենքների և սովորության: Լևոնը մերժեց այդ պահանջը: Նա կողմ էր կաթոլիկ ծիսակատարությամբ օծվելուն: Հայերը թեև պնդում էին իրենց առաջարկը, բայց երկկողմանի համաձայնության գալով Լևոնին թագավոր են օծում նապ լատին ծիսակատարությամբ, ապա միայն Պողոս կաթողիկոսի ձեռքով՝ հայկականով:
Դավանաբանական վեճերը հետագայում ավելի սուր բնույթ ստացան, երբ Լևոն Զ-ն դիմեց Եպրոպայի օգնությանը և դրա փոխարեն խոստացավ կաթոլիկություն տարածել Կիլիկիայում:
1374թ. աշնանը Լևոն Զ-ի թագավորության մեջ մտնում էին միայն Սիս քաղաքը, Անազարբա և Վահկա բերդերը ու Լեռնային Կիլիկիայի մի քանի մարզերը:
Սովի ճիրաններից փրկելու համար Լևոն Զ-ն թուրքմենների առաջնորդ Դավուտ Բեկին համոզում է թույլ տալ դրսից սննդամթերք մուծելու Սիս, սակայն Լևոնի շուրջ համախմբված դավադիրներ խանգարում են: Հայերը ստիպված են լինում գիշերով հարձակվել թշնամու պահակախմբի վրա, ճանապարհ բացել և հնարավորություն ստեղծել մթերք բերելու Սիս:
Լևոն Զ-ի նախաձեռնությամբ հաշտություն է կնքվում Դավուտ Բեկի հետ, սակայն նրանք չհամաձայնվեցին հաշտություն կնքել և 1375թ. հունվարին նորից պաշարում են Սիս մայրաքաղաքը և պահանջում ռազմական տուրք: Հայերը թշնամու գերազանցող ուժերին դիմադրում են խիզախորեն, բայց երկար դիմանալ չեն կարողանում և փետրվարի 24-ին գրոհում են Սիսը, ապա 1375թ. ապրիլի 16-ին էլ հանձնում միջնաբերդը:
Իր և իր ընտանիքի համար Հալեպի ամիրից ստանալով կյանքի ապահովության երաշխավորություն՝ Լևոն Զ-ն հանձնվեց: Նրան հետագայում արգելվեց դուրս գալ կահիրեից: Նա այնտեղից շարունակ դիմումներ էր գրում պապին և արևմուտքի թագավորներին՝ խնդրելով նրանց միջնորդությունը՝ իր ազատության և գահի վերականգնման համար: Ի վերջո հուսալքված նա իր խոստովանահայր Հովհաննես Դարդելին ուղարկում է Եվրոպա: Վերջինիս հաջողվում է համոզել Կաստիլիայի թագավորին՝ նվերներով դեսպաններ ուղղարկելու Եգիպտոսի սուլթանի մոտ: Սուլթանն ընդունում է նվերները, ազատ արձակում Լևոն Զ-ին,լ որը 1382թ.-ին հռոդոս կղզու վրայով հասնում է Եվրոպա:
Լևոն Զ-ն մոտավորապես 11 տարի շրջագայեց Եվրոպական երկրներում՝ խնդրելով նոր խաչակրակ արշավանք կազմակերպել Եգիպտոսի դեմ: Ձեռնունայն վերադառնալով Փարիզ՝ հուսահատ վիճակում 1393թ. նույեմբերի 29-ին վախճանվում է և թաղվում այնտեղ:
Աբյուրները կցկտուր տեղեկություններ են հաղորդում Կիլիկիայում տեղի ունեցող հետագա դեպքերի մասին: 1375-1424թթ. որպես երկրի կառավարիչ հիշատակվում է Կոստանդին Դ թագավորի թոռ Կոստանդին իշխան զորավարի անունը:
Կիլիկիայի հայակակն թագավորության անկմամբ փակվեց հայ ժողովրդի պետական գոյության նաև այս նշանավոր էջը: Հայ ժողովրդին ինչպես բուն Հայաստանում, նույպես և Կիլիկիայում երկար դարերով բաժին ընկավ օտարի լուծը, տնտեսական, քաղաքական և մշակությաին դարավոր անկումը:

Աղբյուրը՝ Հայ ժողովրդի պատմություն հատոր III տպ. թ. 1981

Leave a comment