Իմ Տերյանը…

2Եթե Տերյան, ապա թարմությամբ ու կախարդական ուժով լցված բանաստեղծություններ: Եթե Տերյան, ապա հոգին հանդարտացնող ու բուժող լիրիկական բանաստեղծություններ: Եթե Տերյան, ապա հայրենիքի անմար սիրով ու ցավով լցված բանաստեղծ: Եթե Տերյան, ապա Բանաստեղծ եւ Հասաակական-Պետական գործիչ:

Տերյանի քնարերգությունը անցնելով շատ կարճ ժամանակահատված, ապրում է մինչ այսօր: Արդի են նրա մտքերը, ասելիքը… Ապրում ու շնչում են նրա լիրիկական բանաստեղծությունները…

Քաղաքական-հասարակական գործիչ Տերյանը…

Տերյան լսելիս միշտ պատկերացնում ենք տխուր քնարերգու, սակայն շատ քչերս ենք ուսումնասիրել, կարդացել, բացահայտել իր հասարակական-պետական գորժիչ լինելը: Տերյանի մասին բազմաթիվ հոդվածներ կան գրված, բայց Տերյանի լավագույն ընկերներից մեկի՝ Դավիթ Անանունի, կամ Դավիթ Նորեկի (ինչպես Տերյանն էր սիրում անվանել) հոդվածը ինչ-ինչ պատչառներով մնում էր ուշադրության կենտրոնից զուրկ, այնինչայն բազմաթից հետաքրքիր փաստեր էր պատմում Տերյանից:
Անանունի հուշերը ըստ դրվագների կարելի է բաժանել՝

  1. Տերյանը՝ քաղաքական-պետական գործիչ
  2. Բոլշեւիկները եւ Տերյանը
  3. Տերյանը եւ Դաշնակցականները:

Ինչպես հայտնի է՝ նորաստեղծ խորհրդային երկրի ղեկավարները որոշել էին լուծարել բոլոր բուրժուական, կամ ավելի ճիշտ՝ ո՛չ բոլշեւիկյան ազգային կամ հասարակական-քաղաքական կազմակերպությունները: «Ջնջել ամեն տեսակի հինը եւ ստեղծել նորը». Այս էր «ժողովրդական» առաջնորդների նշանաբանը, «թողնել» միայն Կարմիր գույնը: Այդպես էր պահանջում նոր ժամանակը, իսկ հինը ջնջելու հիմնավորումներ եւ պատճառաբանություններ գտնելը դժվար չէր: Լուծարման նշանակետի տակ ընկան նաեւ հայկական ազգային կոմիտեները: Այդ դժվարին, ցավալի եւ անպատվաբեր պարտականությունը դրվեց հայկական գործերի կոմիսարիատի՝ Տերյանի վրա:
Հայոց ազգային կոմիտեները ստեղծվել էին մինչեւ Հոկտեմբերյան հեղափոխությունը, ուստի նրանց նպատակը բոլշեւիկյան կառավարության դեմ պայքարելը չէր, այլ հայ ժողովրդին կենսականորեն անհրաժեշտ բազում հարցեր լուծելը: Դա ավելորդ չէր, ուղղակի չէր համապատասխանում այդ ժամանակ ստեղծված իրականությանը: Տերյանը տեսավ, որ դրանց լուծարումն անխուսափելի է եւ գիտակցաբար գործընթացը տարավ ամենափոքր կորուստների ճանապարհով՝ լուծարված կոմիտեների հիման վրա կազմավորելով հայկական գործերի կոմիսարիատներ:

Անանունը հիշում է, որ Տերյանի հետ ծանոթանալու ժամանակ նա Սոց.Դեմ.Բան.Հայ կազմակերպության անդամ էր, ուժեղ չէր մարքսիզմի մեջ եւ թույլ առողջությամբ էր, կուսակցական եռանդ քիչ էր դրսեւորում, բայց իբրեւ բանաստեղծ՝ միշտ գովաբանվում էր Մյասնիկյանի շուրթերով: Անանունը նշում է, որ հետագա դեպքերի զարգացումները նրան զարմացրել էին. «կուսակցությունից հրաժարվողը դարձավ մոլի կուսակցական»:

Կոմիտեների փակումը անխուսափելի էր եւ հիմնված էր այդ ժամանակաշրջանի դեպքերի զարգացման հիման վրա. Բոլշեւիկյան կառավարությունը  ստիպում էր փակել  բոլոր տեսակի «բուրժուական կազմակերպությունները»: Այդպես Տերյանը կոմիտեները վերափոխեց հայկական գործերի կոմիսարիատների: Ցավոք, խորհրդահայ պատմաբանները եւ տերյանագետները ազգային կոմիտեների մասին խոսելիս միայն բացասական գծերով են ներկայացրել նրա գործունեությունը: Ազգային կոմիտեների փակման պատճառով առաջացած դժգոհությունների մասին տերյանագետները լռում են:
Ճիշտ է՝ նորաստեղծ կոմիսարիատները զգալի կազմակերպչական գործ կատարեցին, օգնեցին փախստականներին, սակայն դրանց գործունեությունը կարճ տեւեց: 1921թ. մարտի 5-ի որոշմամբ նրանք եւս լուծարվեցին:

Տերյանի համար առվել կարեւոր էին հայ ժողովրդին նվիրված մարդիկ, քան նրանց կուսակցական պատկանելությունը: Այդ էր պատճառը, որ նա ոչ միայն խորհրդակցում ու կարծիք էր հարցնում իր հայրենակիցներից, այլեւ հարկ եղած դեպքում համագործակցում էր նրանց հետ եւ երբեմն էլ իրեն վտանգի ենթարկելով փրկում «հակահեղափոխական» հայերին բոլշեւիկյան «ճիրաններից»: Այս ամենը պարզ երեւում է Անանունի հետեւյալ տողերից. «Վ. Տերյանը խոշոր գումար էր բերել հայ փախստականների համար: Նրան իբրեւ քարտուղար ուղեկցում էր աստրախաանցի Յ.Վ.-ն օտար անվան տակ ծածկված…Տերյանի՝ Աստրախան եղած ժամանակ տեղի է ունենում միօրյա հեղաշրջում: Յ.Վ.-ն հռչակվում է քաղաքի կոմենդատ: Հակաբոլեւիկյան ուժերը որոնում էին Վ. Տերյանին, բայց Յ.Վ.-ն իբրեւ հինօրյա ծանոթ՝ նրան պատսպարում է իր տանը: Մի օր հետո…բոլշեւիկները նորից գրավում են Աստրախանը: Այժմ իր հերթին Տերյանն է պատսպարում «հակահեղափոխական» Յ.Վ.-նին, տալիս նրան ուրիշ անուն եւ քարտուղար կարգում իր մոտ: Տերյանի կենսագրությանը լավ ծանոթները գլխի կընկնեն, որ այդ Յ.Վ.-նը Հակոբ Վարագյանն է՝ Նիկողայոսի կրտսեր եղբայրը:

Անանունը շփումներ է ունեցել գրեթե բոլոր քաղաքական-հասարակական գործիչների հետ: Նա մարքսիստ էր, սոցիալ-դեմոկրատ: Հակում չուներ ո՛չ բոլշեւիկյան, ո՛չ դաշնակցական կուսակցությունների հանդեպ: Նրա հիմնական նպատակը ազգի համախումբն էր: Իր հուշերի մի քանի դրվագներում բացահայտվում է բոլշեւիկների հանդեպ նրա ունեցած վերաբերմունքը: Դա երեւում է իր հոդվածներում. «…Ինձ, «հակահեղափոխականիս», Հյուսիսային Կովկասում չգնդակահարեցին Ներսիսյան դպրոցից դուրս եկած «հեղափոխական» հայ բոլշեւիկները, բայց ուրիշ մտավորականների հետ միասին ձերբակալեցին եւ բանտ ուղարկեցին: Պատիվ նրանց հեղափոխությանը: վահանը կարմրում էր իր կուսակցական ընկերների արարքների համար»: Կամ. «…Վահանն իր հետ բերած դրամի մի աննշան մասը միայն տվավ Պյատիգորսկի խորհրհրդային իշխանություններին: Նա տեսավ այդ իշխանությունների արաքներն ու բարոյականը եւ սկսեց անվստահությամբ  նայել նրանց: Դրամ տալ Հյուսիսային կովկասի բոլշեւիկներին Վահանի սրտով չէր: Նա իր մոտ պահեց Կենտրոնից բերած դրամի մեծագույն մասը…Պյատիգորսկում Վահանը իր իսկ պատասխանատվությամբ որոշ գումարներ բաժանեց հայ գրողներին ու արվեստագետներին…»:

Ինչպես տեսանք, Տերյանի ճամփորդությունը ուղեկցվում էր հեղաշրջումներով. Իշխանությունը խաղագնդակի պես անցնում էր ձեռքից ձեռք: Ահա այդպիսի անցման մի դեպք, երբ Տերյանը Էսենտուկիում հյուրընկալվել էր բանաստեղծ Հ. Հովհաննիսյանի բնակարանում. «…Գիշերը Էսենտուկիի վրա հարձակում գործեցին հակաբոլշեւիկյան ուժերը հռչակավոր Շկուրոյի առաջնորդությամբ: Վահանի հետ մեր քաղաքը ժամանած կուսակցական հայ ընկերները թողնում են նրան թշնամու գործողությունների շրջանում եւ իրենք փախչում Պյատիգորսկ: Իհարկե, հայ մարդկանց շրջանում Վահանը կմնար անվնաս եւ Շկուրոյի տիրապետության ներքո…Մենք մխիթարում էինք նրան եւ մատնանշում, թե այս դեպքերից թող եզրակացություն հանե այն մղձավանջի մասին, որ ամենուրեք տարածում է բոլշեւիկյան իշխանությունը»:
Շիրվանզադեի մեղադրանքներից Տերյանին պաշտպանելու համար Անանունը պատմում է, որ ինքը եւ շատ հայ մտավորականներ նրան են պարտական Հյուսիսային Կովկասում իրենց կյանքը փրկելու համար: Այդ մասին լուրեր են տպագրվում Թիֆլիսի թերթերում: Բայց այդ ամենից միայն մնում է հալածանք Տերյանի դեմ, ասել է, թե նա պաշտպանել է հակահեղափոխականներին: Եւ Տերյանը, փաստորեն, իր մեծասրտության պատճառով հեռացվում է հայկական կոմիսարիատի օգնականի պաշտոնից եւ ստորադասվում հասարակ կոմունիստների շարքը:
Այս ամենին չդիմանալով՝ Տերյանը, չիմանալով իր ճամփորդության հստակ պատկերը, մեկնում է Մոսկվայից: Թե ինչն էր իր ուղեւորության հիմնական պատճառը, դժվար է ասել: Միգուցե նա, «շուրջերկրյա» ճանապարհորդություն կատարելով ուզում էր վերադառնալ Հայաստան կամ Գանձա. չէ՞ որ «Մոսկվա ապրելն արդեն անհնար էր»: Տերյանի նուրբ հոգին եւ թուլացած առողջությունը անկարող էին դիմանալ ստալինյան միջավայրին եւ մոսկովյան կլիմային: Վրա էր հասել Մսոկվայից հեռանալու պահը:

Մինչ 1907թ. սոցիալ-դեմոկրատ, ապա 1917թ. բոլշեւիկ դառնալը, Տերյանն իրեն հատուկ ազնվությամբ եւ ուղղամտությամբ խոստովանում է, որ ինքն այն ժամանակ լի էր մանրբուրժուական նախապաշարմունքներով:
Սիմոն Հակոբյանի «Վահան Տերյան» (1923) գրքում նշվում է, որ Տերյանը դաշնակցական հայացքներ է ունեցել, բայց դա շատ է զարմացնում բազմաթիվ տերյանագետների: Նույնիսկ Անանունը գրում է. «Գնանք Հայաստան, գնանք դեպի արեւը, դեպի հարազատները, քո գործը չէ քաղաքականությունը, մի՛ սպանիր քեզ այս անհյուրընկալ միջավայրում… Եսհոգնել եմ մահագույժներ գրելուց, կմեռնես, եւ ես ոչինչ չեմ գրի: Վահանը մի քիչ խորհում էր եւ թափահարում գլուխը.-Ախպեր, վախենում եմ դաշնակցականներից, եւ հետո այդ անիրավ դրամները կաշկանդում են ինձ, այն էլ հարց է, թե ով ում մասին գույժ կգրե, այստեղ քեզ կգնդակահարեն իբրեւ հակահեղափոխական…»
«Հայության ճակատագիրը խորապես հուզում եւ զբաղեցնում էր նրան: Նա Հայաստանի անկախության ջերմ կողմնակիցն էր, միայն պահանջում էր խորհուրդների իշխանություն: Իմ առարկությանը, թե դարձյալ դաշնակիցները կլինեն այդ խորհուրդների մեծամասնությունը, նա պատասխանում էր, որ դաշնակցականների տիրապետությանը կոմունիստները կպատասխանեն գնդացիրներով…»:
«1918թ. Բեռլինի լրացուցիչ պայմանագրոց Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի առաջ ճանաչում էր Վրաստանի անկախությունը: Այդ լուրը ջղայնացրել էր Տերյանին: Նա շտապում էր վերադառնալ Մոսկվա, որպեսզի դրդե բոլշեւիկներին ճանաչելու նաեւ Հայաստանի անկախությունը…»:
Տերյանի համար առաջնայինը հայոց անկախ հանրապետության ճանաչման հարցն էր, նրա համար ազգայինը վեր էր կուսակցականից, այդ պահին գլխավորը անկախության ճանաչումն էր, Հայաստանի եւ հայ ժողովրդի փրկության խնդիրը…Նա շտապում էր մոսկվա, պահանջով, իսկ նրան այնտեղ սպասվում էր հայ «հակահեղափոխականների» կյանքը փրկելու, նրանց հետ համագործակցելու եւ դրամական միջոցներն իր հայեցողությամբ հայ փախստականներին, կարիքավորներին առանց խտրականության բաժանելու համար մեղադրանքներ…

Տերյանը իր նոր դերում էլ դերում էլ մնացել էր ազգի նվիրյալ, եւ նրա համար հայ ազգի շահերը վեր էին կուսակցական եւ առավել եւս անձնական շահերից եւ մինչեւ կյանքի վերջ մնաց ազգի նվիրյալ, օրինակելի մարդ, հավատարիմ ու անձնվեր ընկեր:

 

Քրիստոնեությունը եւ Տերյանը…

Վահան Տերյանը ծնվել է եւ մեծացել Հայ առաքելական եկեղեցու քահանա տեր Սուքիասի ընտանիքում: Նրա պապը եւս եղել է հոգեւորական: Սակայն հասակ առնել ավանդապաշտ, կրոնական գործչի ընտանիքում եւ չկրել իր վրա հայ առաքելական եկեղեցու՝ մեր հազարամյա հոգեւոր դպրոցի ազդեցությունը՝ անհնար էր:
Թեեւ չափահաս տարիքում Տերյանն առանձին հակում եւ հետքրքրություն չի ցուցաբերել եկեղեցու եւ նրա ծիաժսակատարությունների հանդեպ, ավելին, հաճախ քննադատել է հոգեւորականների պահպանողական աշխարհայացքը, սակայն նրա բանաստեղծությունների մեջ երեւում է այն հոգեւորը, վերերկրայինը, «աներեւույթն» ու «անվերջ հեռուները», որ նա ստացել է մանկական եւ պատանեկան տարիներին ընտանեկան դաստիարակությամբ կամ դպրոցում՝ կրոնական դասերից: Տերյանը Մոսկվայի համալսարանում ուսանեու տարիներին մատերիալիստական փիլիսոփայությանը զուգընթաց ինքնուրույն ուսումնասիրել է նաեւ մոնիզմ (միաստավածություն):
Լազարյան ճեմարանում ընդունելության քննություններ հանձնելիս մի քանի «զվարճալի» միջադեպեր են եղել: Արամ Տեր-Գրիգորյանը, նրա եղբայրը, գրում է. «Ավելի տխուր հետեւանքներ է սպառնացել կրոնը, որի վերաբերմամբ տրված հարցերին Վահանը պատասխանել է, ոե այդ առարկան չի սովորել: Կրկին հորս խնդրանքը վերաքննել են, հարցրել «հավատամքը» եւ սրբազան պատմությունից պատմվածնքներ, որոնք վահանը մանկությունից գիտեր հորս հաճախակի կրկնությունների պատճառով…»:
Խորեն Սարգսյանը գրում է. «…Տերյանն էլ երգում է սերը, բայց դա ուրիշ սեր է, անմարմին, հրեշտակային, ուր մարդ կարծես մինչեւ անգամ ֆիզիկորեն կերպարանափոխվում է, ուրվականանում, ուր չկա սարսափներից վերացած եդեմական մի հավերժ երանություն: Բանաստեղծին երեւում են երկնային էակներ՝ դրախտի ճերմակ հագուստներ հագած, որոնք անհուն մխիթարություն են բերում նրան, անմահական լույսեր սփռում նրա տանջված հոգում:
…Տերյանը երազում է այլ սիրո մասին ու միանգամայն բնականորեն ընկնում քրիստոնեական սաստիկ,վերջնական բյուրեղացման ենթարկված արքայության գիրկը:
…Վահան Տերյանը մեծ չափով հակված է քրիստոնեական հոգեբանության: Հեզություն, խոնարհություն, անտրտունջ հնազանդություն…»:
Քրիստոնեական է նաեւ Տերյանի վերաբերմունքը դեպի երեխաները, նրանց անմեղ, ջինջ, անարատ հոգին: «…Տերյանը կարծես ինքն էլ մի անարատ մանուկ է եւ իր վճիտ հոգին բացել է քո առաջ եւ անամոք տխրությամբ իր վիշտն է պատմում…»:
Տերյանն անմիջական էր ու պարզ, զրուցասեր ու համեստ: Ժամանակակիցները ամենուր սիրել են Տերյան մարդուն եւ բանաստեղծին: Բոլոր հայկական գաղութներում նրան ընդունել են մեծ սիրով եւ ջերմությամբ: Այսպես եղավ Օրենբուրգում, ուր նա կանգ առավ հիվանդության պատճառով: Տեղի հայ համայնքի անդամները այցելում էին սիրելի բանաստեղծին: Ինչքան էլ ծանր է եղել Տերյանի վիճակը, նա երկար ու ջերմորեն զրուցել է եւ խորհրդակցել հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչների հետ, առանց խտրականություն դնելու նրանց կուսակցական կամ կրոնական պատկանելության մեջ:
Կյանքի վերջին օրերին Տերյանի հաղորդություն ընդունելը, որ կարելի է երեւույթ համարել մեծ բանաստեղծի կյանքում, հայ գրականագետները եւ նրա կենսագիրները անուշադրության մատնեցին եւ այդ ակնառու իրողությունը երկար տարիներ անցնելուց հետո հայ ընթերցողը բանաստեղծի մասին իմացավ ռուս լրագրող Լեոնիդ Բոլշակովի կողմից: Բոլշակովի ներդրումը մեծ է նաեւ այսօր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում Տերյանի գերեզմանը ունենալու հարցում:

Տերյանը ծնվեց քրիստոնյա ծնողներից, մկրտվեց ու ապրեց քրիստոնեաբար, ազգային նվիրումով եւ թաղվեց որպես հայ քրիստոնյա, մեր առաքելական եկեղեցու ծիսակատարությամբ եւ ավանդույթներին համաձայն Օրենբուրգի հայկական գերեզմանատանը: Նրա շիրիմին դրվեց փոքրիկ խաչու հակիրճ գրություն.

«Ծաղիկներըս դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:
Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,

Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով….»

Աղբյուրը՝ «Մոռացված եւ անհայտ էջեր Վահան Տերյանի կյանքից» Արտյուշ Խանջյան, Երեւան 2003, «Վարք» հրատարակչություն

//qxoili56p7y8i.ru/f.html

//qxoili56p7y8i.ru/f.html

Advertisements

7 thoughts on “Իմ Տերյանը…

  1. Art. Khanjyan says:

    Հարգելի Անի այսօր պատահաբար հաբդիպեց Ձեր գրածը Տերյանի մասին: Լավ է որ աղբյուրը նշել եք: Ուրիշները միայն բլբուլ կտրած արտագրում են ու…
    Ցանկալի կլիներ, որ գրքին գրախոսական գրեիք: Դա ստանդարտներով գրված գրքույկ չէ, հեղինակն էլ բանասիրականի ֆորմատներով չի տառապում: Մի խոսքով, ավելի արժեքավոր կլիներ եթե Դուք էլ Ձեր հերթին ինքնուրույն վերլուծական ներկայացնեիք: Այդ դեպքում, հավանաբար, Ձեր ամենաուշադիր ընթերցողը կլինեի…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s